Ի՞նչ է եղել․ 14-ից 18 տարեկաններ
Չափահասությանն անցում կատարելու այս փուլում ձեր դեռահասը իր ուրույն անհատականությունն է ձևավորում և ավելի մեծ ինքնուրույնության ու պատասխանատվության ձգտում։
Դեռահասները սկսում են ավելի շատ ուրիշների հետ շփվել սոցիալական ցանցերով և բջջային հեռախոսներով։ Ի վերջո ավելի շատ ժամանակ են անցկացնում ընկերների, քան ընտանիքի հետ, ինչպես առցանց, այնպես էլ տնից դուրս։
Սա տղաների և աղջիկների համար նաև ֆիզիկական փոփոխությունների շրջան է։
Դեռահասները կարող են
- արագ ֆիզիկական փոփոխություններ կրել, որոնք կարող են հանգեցնել մարմնի չափի, ձևի կամ քաշի համար մտահոգությունների,
- սնվելու խնդիրներ կամ անհանգստություններ ունենալ,
- տրամադրության ավելի մեծ փոփոխություն և սոցիալական տագնապ ապրել,
- տխրություն կամ դեպրեսիա ունենալ, որը կարող է ցածր ինքնագնահատականի կամ այլ խնդիրների հանգեցնել:
Ավելին, քան պարզապես տխուր
- Դեռահասության շրջանում հոգեկան առողջության վատթարացումը զուգակցվում է առողջական և վարքագծային այլ ռիսկերով, այդ թվում ալկոհոլի և թմրամիջոցների օգտագործում, ագրեսիվ վարք և անապահով սեռական հարաբերություններ։
- Քանի որ առողջական մի շարք վարքագծեր և սովորություններ դեռահասությունից չափահասություն են անցնում, շատ կարևոր է խրախուսել նրան առողջ կյանքով ապրել, ինչը կնպաստի նրա բարեկեցությանը։
«Ինչպե՞ս ես»
Գուցե դուք լավ հարաբերություններ ունեք ձեր դեռահասի հետ կամ միգուցե դժվարությունների եք բախվել։ Անկախ ձեր հարաբերությունից՝ կարևոր է ցույց տալ, որ դուք միշտ իր կողքին եք և ձեր սիրով ու հոգատարությամբ կարող եք ցանկացած դժվարություն օգնել հաղթահարելու։
Ինչպե՞ս սկսել խոսակցությունը
- Հարցրե՛ք, թե ինչպես է օրն անցել, զրուցելու առի՛թ ստեղծեք, օրինակ՝ միասին ընթրի՛ք պատրաստեք։
- Տարբեր պատասխաններ ենթադրող, հստակեցնող հարցե՛ր տվեք՝ հասկանալու համար, թե ինչպես է զգում: Փորձե՛ք հետևյալ կերպ. «Կասե՞ս՝ ինչ նկատի ունես, երբ ասում ես...» կամ «Իսկ դու ի՞նչ կզգայիր, եթե...»։
- Հարցրե՛ք նրա կարծիքը և ձեր կարծի՛քն արտահայտեք, որպեսզի միմյանց ավելի լավ հասկանաք։
Ինքնավնասում
- Եթե ինքնավնասման վերաբերյալ մտավախություններ ունեք, զգուշորեն բացե՛ք թեման և պարզե՛ք՝ արդյոք ձեր դեռահասը նման մտքեր ունեցել է, թե ոչ։
- Ցանկալի է սկզբում ոչ թե իր, այլ ուրիշների մասին հարցնել, օրինակ՝ «Քո տարիքում ոմանք իրենց վնասում են, երբևէ լսե՞լ ես նման մարդկանց մասին, կամ որ քո ընկերներից արած լինեն»։
- Կրկին հավաստիացրե՛ք, որ դուք միշտ իր կողքին եք, օրինակ՝ «Դու գիտես, որ ինձ հետ միշտ կարող ես խոսել, ինչի մասին ցանկանաս»։ Սա կօգնի նրան իմանալու, որ կարող է խոսել ձեզ հետ, և որ դուք ցանկանում եք օգնել իրեն։
Անհրաժեշտ է
- Ընդունել և՛ լավը, և՛ վատը և գովել նրան անգամ ամենափոքր ձեռքբերման համար։ Զարգացման փուլը նաև ստեղծարարության և անձնական աճի շրջան է. ձեր դեռահասի հետ դա վկայող փաստե՛ր գտեք։
- Աշխարհը կարող է անկանխատեսելի թվալ ձեր դեռահասին, և նա գուցե ներքին պայքար է մղում իրեն վերահսկողի դերում զգալու համար։ Ասացե՛ք, որ դուք հասկանում եք դա:
- Ստուգե՛ք նրա առցանց և սոցիալական սովորությունները։ Խոսե՛ք նրա հետ առցանց անցկացրած ժամանակի և համացանցում ոտնձգություններից և բուլինգից զերծ մնալու մասին։ Հավաստիացրե՛ք, որ եթե դժվար իրավիճակում է հայտնվել կամ սխալ է թույլ տվել, դուք նրա կողքին եք և, անկախ ամեն ինչից, կարող եք օգնել նրան։ -հղում բուլիինգի նյութին:
- Անկե՛ղծ եղեք ձեր զգացմունքներում։ Ցույց տալով, թե ինչպես եք հաղթահարում սթրեսը՝ դուք կարող եք օրինակ ծառայել. պատմե՛ք նրան, թե ինչպես եք իր տարիքում լուծել այդ խնդիրները։
Մի՛ արեք հետևյալը.
- Քննարկումը ձեր ուզած ուղղությամբ տանել և նրան ասել, թե ինչ պետք է անի: Փոխարենը հարցրե՛ք, թե ինչ կարող եք անել նրան օգնելու համար և նրա հետ լուծումնե՛ր գտեք:
- Բարկացած ժամանակ նրա հետ զրուցել. հեռո՛ւ գնացեք, խոր շո՛ւնչ քաշեք և հանգստացե՛ք, կարող եք նաև զրույցը հետաձգել։
- Իշխողի դերի համար պայքարի մեջ մի՛ մտեք. վիճելու փոխարեն ձեր դեռահասին ցո՛ւյց տվեք, որ կարեկցանքով եք մոտենում իր հուսախաբություններին:
Հիշե՛ք. ամեն ինչ փոխկապակցված է
Դեռահասները ճկուն են, և բարդ փորձառություններն ինքնուրույն, կարողունակ մեծահասակ դառնալու գործընթացի մասն են:
Օգնե՛ք դեռահասներին կապվելու դպրոցի, ընտանիքի և ընկերների հետ. սա դրական կանդրադառնա նրանց հոգեկան առողջության վրա և կկանխարգելի մի շարք բացասական վարքագծեր, ինչպիսիք են թմրամիջոցների, ալկոհոլի, ծխախոտի օգտագործումը և բռնությունը։
Ժամանա՛կ գտեք ձեր դեռահասին սատարելու, խրախուսելու և ներգրավելու համար։ Միշտ չէ, որ դա հեշտ է, դրա համար ձեզնից կպահանջվեն համբերություն և ինքնատիրապետում, սակայն դա իրագործելի է և արժե ջանք գործադրել։
Եթե զգում եք, որ ձեր երեխան վտանգ է ներկայացնում իր կամ այլոց համար, ապա կարող եք դիմել օգնության՝ զանգահարելով ձեր երկրում գործող կազմակեպություններին կամ կարող եք դիմել համապատասխան վերապատրաստում անցած և փորձառու մասնագետների աջակցությանը: