Ի՞նչ է եղել․ 6-ից 10 տարեկաններ
Երբ երեխան սկսում է դպրոց հաճախել, նրա ֆիզիկական, հոգևոր և սոցիալական հմտությունները սկսում են արագորեն զարգանալ։ Նա սովորում է նկարագրել իր ապրումները և խոսել իր հույզերի մասին։
Ուշադրությունը տնից արտաքին աշխարհ տեղափոխելուց հետո ընկերական հարաբերությունները և հասակակիցների հետ շփումները նրա համար ավելի կարևոր են դառնում։
Տնից դուրս ավելի շատ ժամանակ անցկացնելով՝ ձեր երեխան պատասխանատվության զգացում է ձեռք բերում և սովորում ինքնուրույն լինել։
Ավելի մեծ տարիքի երեխաների շրջանում սկսվում է սեռական հասունացման փուլը, և ի հայտ են գալիս ֆիզիկական, ինչպես նաև հուզական փոփոխություններ։
Ստուգելու ժամանակն է
Դպրոց գնալը երեխաներին դեմ հանդիման է կանգնեցնում արտաքին աշխարհին և կյանքի մեծագույն իրադարձություններից է։
Սա երեխաների համար չափազանց կարևոր շրջան է կյանքի բոլոր ոլորտներում վստահություն ձևավորելու, այդ թվում հարաբերություններ հաստատելու, դպրոցում սովորելու, սպորտով զբաղվելու և իրենց հույզերը կառավարելու համար։ Երեխային հետևելը և սատարելը նրան օգնում են զարգացնելու ճկունություն և հոգեկան ու մտավոր բարեկեցություն։
Ինչպե՞ս սկսել խոսակցությունը
- Նախ հարցրե՛ք, թե ինչպես է։ Երեխայի հետ խոսե՛ք դպրոցից, ընկերներից, այն ամենի մասին, թե ինչ են ամենաշատը սիրում անել, ինչ չեն սիրում և ինչն են դժվարանում անել։
- Առօրյա իրադարձությունների միջոցով, որոնք դրական կամ բացասական հույզեր են առաջացնում, ինչպես, օրինակ՝ սպորտում հաղթելը կամ ցածր գնահատական ստանալը, պարզե՛ք, թե ինչպես է ձեր երեխան զգում, որպեսզի ամուր կապ ստեղծեք նրա հետ:
- Երեխայի մեծանալուն զուգընթաց և, եթե նրա տարիքին համապատասխանում է, նրա հետ խոսե՛ք սեռական հասունացմանը հատուկ ֆիզիկական և հուզական փոփոխությունների մասին և օգնե՛ք նրան հասկանալու՝ ինչ ակնկալել։ Հարցրե՛ք, թե ինչպես է նա, և եթե որևէ մտահոգություն կամ հարց ունի, խոսե՛ք նրա հետ այդ մասին:
Պահպանել բաց, վստահելի և սիրառատ միջավայր
Օգնե՛ք, որ ձեր երեխան կարողանա ազատ խոսել ձեզ հետ:
- Ձեր երեխան ցանկանում է դուր գալ և ընդունվել իր շրջապատի մարդկանց կողմից: Ձեր կողմից ընդունված լինելն առաջին քայլն է վստահության կառուցման ուղղությամբ:
- Ուշադի՛ր եղեք, թե ինչ օրինակ եք ցույց տալիս նրան։ Երեխան ձեզ է հետևում և կրկնում է ձեր հույզերը, ինչպես նաև այն, թե ինչպես եք արձագանքում տարբեր իրավիճակներին։
- Բարձրաձայնե՛ք նրանց ձեռքբերումները և լավ վարքագիծը։ Գովե՛ք՝ շեշտելով նրանց գործողությունները («դու իսկապես շատ ես սրա վրա աշխատել, և սա դրա ապացույցն է»), ոչ թե անձը («օհ, ի՜նչ խելացի ես»):
Հիշե՛ք. ձեր ժամանակը թանկարժեք նվեր է ձեր երեխային
- Երեխայի նկատմամբ ձեր զգացմունքներն արտահայտելու միակ ձևը «ես սիրում եմ քեզ» ասելը կամ նրան գրկելը չէ։
- Իսկապես լսե՛ք նրան և անկեղծ հետաքրքրությո՛ւն ցուցաբերեք նրա ասածների նկատմամբ։
- Միասին հատուկ միջոցառումնե՛ր կազմակերպեք և ուրախ ժամանա՛կ անցկացրեք, թեկուզ կարճատև։
- Ներգրավե՛ք երեխային ընտանեկան որոշումներում, օրինակ՝ ինչ պատրաստել ընթրիքին։
- Թող նա իմանա, որ դուք, անկախ ամեն ինչից, սիրում եք իրեն, նույնիսկ երբ սխալներ է թույլ տալիս: