Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ է տոքսիկ (թունավոր) սթրեսը

Երբ ձեր ընտանիքն անցնում է դժվարությունների միջով կամ սթրեսային ժամանակաշրջանով, թունավոր սթրեսը կարող է մտահոգիչ լինել: Հետևանքները կարող են տևական լինել. թունավոր սթրեսը կարող է ազդել երեխայի ուսման, վարքի և առողջության վրա դեռևս մանկության շրջանում: 

Ի՞նչ է սթրեսը, և ո՞րն է մեր բնական արձագանքը դրան:

Բոլորս ունենք սթրեսին հակազդելու ունակություն, որն օգնում է մեզ  լարված իրավիճակներում (սա հայտնի է որպես «պայքարի կամ փախուստի» ռազմավարություն): Սթրեսին հակազդելը ինքնապաշտպանական արձագանք է, բայց դա չպետք է շարունակ ակտիվացնել և գործադրել:

Մեզնից շատերն առօրյա կյանքում հոգեկան հանգիստ վիճակում են: Բայց երբ բախվում ենք սպառնալից իրավիճակի, առաջանում է կենսաբանական և հոգեկան տագնապային վիճակ. մեր սիրտը սկսում է արագ բաբախել, շնչառությունն արագանում է, արյունը մղվում է դեպի վերջույթներ, մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք վտանգի վրա և ձգտում ենք ապահովության և ներդաշնակության: Նման հակազդումներն օգտակար են և բնական: Դրանք պաշտպանում են մեզ վտանգավոր իրավիճակների ազդեցությունից:

Վտանգն անցնելուց հետո մենք սովորաբար տագնապի վիճակից վերադառնում ենք հանգիստ վիճակի: Հանգիստ լինելու համար մեզնից պահանջվող ժամանակը կախված է նրանից, թե արդյոք նախկինում մենք առերեսվել ենք որևէ դժբախտության կամ այլ փորձառության, ինչպիսիք են հաշմանդամությունը կամ հոգեկան առողջությանն առնչվող խնդիրները:

Ի՞նչ է տոքսիկ (թունավոր) սթրեսը։

Երեխաներին կարող է վտանգ սպառնալ, կամ նրանք նույնիսկ կարող են ենթարկվել ինտենսիվ սթրեսի, բայց դա կարող է չդառնալ վնասակար կամ թունավոր, քանի դեռ հոգատար չափահասները պաշտպանում են նրանց սպառնալից կամ սթրեսային իրավիճակի ազդեցությունից: Օրինակ՝ չափահասի ներկայությունը, որը հանգստություն է պահպանում կամ մխիթարում է (հնարավոր է սփոփիչ խոսքերով և ջերմ գրկախառնությամբ), կարող է դուրս բերել երեխային հուզական վիճակից՝ վերադարձնելով նրան բնական հանգիստ վիճակին։

Թունավոր սթրես կարող է առաջանալ, երբ երեխան քրոնիկ սթրեսային վիճակում է, որը պահանջում է երկարատև հակազդում: Օրինակ՝ թունավոր սթրես ենք նկատում այնպիսի իրավիճակներում, երբ երեխան երկար ժամանակ անապահովության զգացում է ունենում և չկա մեղմացնող ազդեցություն, ինչպիսին մեծահասակների կողմից խնամքն է:

Թունավոր սթրես կարող է առաջանալ, օրինակ, երբ երեխաներն անտեսված են, ենթարկվում են ընտանեկան, ֆիզիկական, սեռական և շարունակական հուզական բռնության, կամ ծնողների հոգեկան հիվանդությունների պատճառով:

Հնարավոր է, որ երեխաները լինեն շարունակական սթրեսային իրավիճակներում և չզգան թունավոր սթրես: Նրանք կարող են պաշտպանվել դրանից հոգատար մեծահասակի մշտական աջակցության շնորհիվ, որը կօգնի նրանց ապահով զգալու և թույլ չի տա հուզական ծանրաբեռնվածություն զգալ։

Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ թունավոր սթրեսը երեխայի վրա

Մշտական տագնապի զգացումը կարող է ազդել մեր ուղեղի և մարմնի վրա և հանգեցնել տևական նյարդաբանական և ֆիզիկական փոփոխությունների: Երեխաները, որոնք ունենում են թունավոր սթրես, կարող են շարունակել ուժգին արձագանքել՝ ի պատասխան նույնիսկ աննշան սթրեսային գործոնների, դժվարությամբ զսպել զայրույթն ու անհանգստությունը և պայքարել այլոց հետ հարաբերություններում ապահով զգալու համար: Թունավոր սթրեսը կարող է նաև ազդել իմունային համակարգի գործունեության վրա և հանգեցնել մարմնում բորբոքումների: Ժամանակի ընթացքում թունավոր սթրեսը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդության և քրոնիկ արյան բարձր ճնշման:

Ի՞նչ նշաններ կարող է ունենալ երեխան, որն ունի թունավոր սթրես

Կարող են ի հայտ գալ արտաքին նշաններ, ինչպիսիք են հանգամանքները, որոնք կնպաստեն, որ երեխան մշտապես տագնապի զգացողություն ունենա: Միգուցե ընտանիքում կա մեկը, որը վախեցնում է երեխային, նա անտեսված կամ բռնության է ենթարկվում: Այս ամենը կստիպի, որ երեխան միշտ զգոն լինի։

Ավելի փոքրահասակ երեխաները, որոնք թունավոր սթրես են ունենում, կարող են չշփվել, զայրույթի պոռթկումներ ունենալ, բողոքել գլխացավից կամ ստամոքսի ցավից, դժվարությամբ քնել կամ հաճախակի մղձավանջներ ունենալ: Ավելի մեծ երեխաներն ու դեռահասները, որոնք ենթարկվել են թունավոր սթրեսի, կարող են դառնալ չշփվող կամ կամակոր, ռիսկային վարքագիծ դրսևորել, ագրեսիվ լինել այլ մարդկանց հետ կամ վնասել իրենց: Բոլոր տարիքի երեխաների շրջանում թունավոր սթրեսը կարող է հանգեցնել մշտական անհանգստության և հանգիստ հոգեվիճակի կամ կենտրոնացման խաթարման։

Ո՞րն է մեծահասակի համար թունավոր սթրեսային իրավիճակներով անցնող երեխային աջակցելու լավագույն միջոցը:

Ծնողներն ավելի հեշտությամբ կկարողանան օգնել երեխային՝ հաղթահարելու սթրեսային իրավիճակը, եթե կարողանան մտնել նրա դրության մեջ և փորձել հասկանալ, թե ինչ է նա զգում այդ պահին։ Նրանց կարեկցելը հաճախ օգնում է բնազդաբար զգալու, թե ինչի կարիք ունեն՝ ֆիզիկական, էմոցիոնալ թե որևէ այլ կարեկցանքի։

Իհարկե, լավագույն տարբերակը կլինի երեխային հեռացնել թունավոր սթրես առաջացնող իրավիճակից: Բայց եթե դա անհնար է, մենք պետք է փորձենք պատկերացնել իրավիճակը երեխայի տեսանկյունից, որպեսզի կարողանանք օգտագործել մեծահասակների համար հասանելի ռեսուրսները՝ նվազագույնի հասցնելու քրոնիկ սթրեսի ազդեցությունը: Հոգատար չափահասի ֆիզիկական և էմոցիոնալ աջակցությունը կարող է հզոր դեր խաղալ թունավոր սթրեսի ազդեցությունը մեղմացնելու գործում:

Եթե դուք որպես մեծահասակ նույնպես հոգեբանական ծանր վիճակում եք, ո՞րն է լավագույն միջոցը՝ համոզվելու, որ հոգ եք տանում և՛ ձեր, և՛ երեխայի համար:

Մեծահասակի համար կարող է աներևակայելի դժվար լինել երեխային պաշտպանել թունավոր սթրեսից, երբ ինքը նույնպես ընկճված է: Մեկ բան, որը կարող է օգնել իրավիճակը թեթևացնելու, դա արտահայտվելն է՝ ինքնիրեն ասելով. «Ես քրոնիկական սթրեսային վիճակում եմ: Իմ երեխան էլ նման վիճակում է. ես կարող եմ պաշտպանել իմ երեխային կատարվածի ազդեցությունից»: Իրավիճակը նկարագրելու համար ճիշտ բառեր գտնելը կարող է դժվար լինել, սակայն դա  կարող է օգնել կենտրոնանալու այն ամենի վրա, ինչ պետք է անենք, և մտածել երեխայի կարիքները առաջնային դարձնելու մասին, նույնիսկ երբ փորձում ենք պաշտպանել ինքներս մեզ:

Ինչպե՞ս օգնություն խնդրել ընտանիքից, ընկերներից կամ աջակցող խմբերից:

Յուրաքանչյուր ոք, ով ենթարկվում է թունավոր սթրեսի, պետք է առավելագույնս օգտագործի ցանկացած հասանելի աջակցություն: Մի՛ ամաչեք այն ամենի համար, ինչի միջով անցնում եք։ Ամեն ոք արժանի է ապահով զգալու: Թույլ տվեք մարդկանց, որոնց վստահում եք, իմանան, թե ինչ եք զգում դուք և ձեր երեխան, որպեսզի մեկուսացված չզգաք: Ընդունե՛ք ուրիշների օգնությունը, երբ նրանք դա առաջարկում են: Հիշե՛ք, որ ձեզ համար հոգ տանելը ամենակարևոր բաներից է, որ կարող եք անել ձեր երեխային խնամելու համար:

Նույնաբովանդակ այլ նյութեր