Ինչպե՞ս աջակցել ձեր դեռահաս երեխային սթրեսի ժամանակ
Անկախ նրանից՝ գտնում եք ընդհանուր լեզու, թե խնդիրներ ունեք ձեր դեռահաս երեխայի հետ, կարևոր է ցույց տալ, որ սիրում և աջակցում եք նրան, և հիշեցնել` որքան շատ եք սիրում միմյանց: Ահա մի քանի խորհուրդ՝ ինչպես օգնեք ձեր երեխային հաղթահարելու դժվարությունները՝ միևնույն ժամանակ հոգ տանելով ինքներդ ձեր մասին:
Խրախուսե´ք ձեր դեռահաս երեխային խոսել իր զգացմունքների մասին
- Գտե´ք ձեր դեռահաս երեխայի ինքնազգացողությունը պարզելու միջոցներ: Հարցրե´ք նրան` ինչպես է օրը անցկացրել և ինչով է զբաղվել: Դա կարելի է անել` խնդրելով ընկերակցել ձեզ որևէ գործ անելիս, օրինակ` ճաշ պատրաստելիս, և օգտագործել այդ ժամանակը` զրուցելով նրա առօրյայի մասին:
- Հիշեցրե´ք ձեր դեռահաս երեխային, որ անկախ ամեն ինչից` նրա կողքին եք, և որ ձեզ հետաքրքիր է իմանալ` ինչպես է նա և ինչ է մտածում:
- Կարևոր է ընդունել և հասկանալ նրա զգացմունքները, նույնիսկ եթե դա այդքան էլ հեշտ չէ: Օրինակ, երբ նա խոսում է ձեզ հետ դրանց մասին, կարող եք պատասխանել «Ես հասկանում եմ» կամ «Երևում է՝ դժվար իրավիճակ է» կամ «Տրամաբանական է»:
- Հեշտ է նկատել դեռահաս երեխայի արարքները, որոնք ձեզ դուր չեն գալիս: Փորձե´ք նկատել և գովել նրան լավ արարքների (նույնիսկ ամենապարզ բաների) համար:
Ժամանա´կ գտեք ձեր դեռահաս երեխային աջակցելու համար
- Միասին ծրագրե՛ք ձեր առօրյան և ամեն օր ձեր առջև դրե´ք իրագործելի նպատակներ, քանի որ փոփոխվող իրականության հետ կարող են փոխվել նաև ձեր հանգամանքները
- Պատանեկություն նշանակում է անկախություն: Փորձե´ք ձեր դեռահաս երեխային տալ բավարար ժամանակ և հարմար անձնական տարածք` ինքնուրույն լինելու և ավելի մեծ պատասխանատվություն ստանձնելու համար: Անձնական տարածքը երեխայի բնականոն զարգացման մասն է:
- Գտե´ք ձեր դեռահաս երեխային աջակցելու և խրախուսելու միջոցներ, որոնք նրան կօգնեն կտրվելու դպրոցական առաջադրանքներից, տնային գործերից կամ այլ հանձնարարություններից` իր սիրած գործով զբաղվելու և ընկերների հետ ժամանակ անցկացնելու համար: Եթե նա հիասթափված է, ապա նրա հետ խնդիրներին լուծումնե՛ր գտեք: Փորձե´ք չընկնել առաջ և չասել` ինչ պետք է անել:
Լուծե´ք ձեր և ձեր դեռահաս երեխայի միջև առաջացած կոնֆլիկտը
- Լսե´ք ձեր դեռահաս երեխայի տեսակետները և փորձե´ք հանգիստ լուծել ձեր և նրա միջև ծագած խնդիրները: Հիշե´ք. բոլորը կարող են հայտնվել սթրեսային վիճակում:
- Երբեք որևէ հարց մի´ քննարկեք բարկացած ժամանակ: Հեռացե´ք, շո՛ւնչ քաշեք և հանգստացե´ք. դրա մասին հետո կարող եք խոսել նրա հետ:
- Խուսափե´ք իշխանության համար պայքարելուց: Աշխարհն այժմ անկանխատեսելի է, հետևաբար դեռահասները պայքարում են ամեն ինչ իրենց վերահսկողության տակ պահելու համար: Որքան էլ որ դժվար լինի, հարգե´ք ձեր դեռահաս երեխայի վերահսկելու ցանկությունը, ոչ թե փորձեք հակազդել կամ հաղթել:
- Եղե´ք ազնիվ և բաց ձեր դեռահաս երեխայի հետ. կարող եք նրան ասել, որ դուք նույնպես սթրես եք ապրում, շփոթված եք, անորոշություն կամ վախ եք զգում: Ցույց տալով, թե ինչպես եք ինքներդ հաղթահարում ծանր զգացումները՝ կօգնեք նրան հասկանալու, որ իր զգացողությունները նորմալ են:
- Երբ կա կոնֆլիկտ, կա´նգ առեք և որոշ ժամանակ մտածե´ք, թե ինչպես եք դուք և ձեր դեռահաս երեխան լուծելու դա: Կարող եք քննարկել այդ մտքերը երեխայի հետ, որ նա տեսնի, թե ինչպես եք մտածում:
Ժամանա´կ գտեք ձեր մասին հոգ տանելու համար
Խնամողների վրա շատ պարտականություններ են դրված: Դուք ինքներդ էլ ունեք խնամքի և աջակցության կարիք: Ձեր հանդեպ խնամքն ու հոգատարությունը նույնպես լավ օրինակ են դեռահաս երեխայի համար:
- Մի´ հապաղեք ուրիշներից օգնություն խնդրել, եթե գերլարված եք: Նորմալ է, որ այդպես եք զգում: Զրուցե՛ք ընտանիքի որևէ անդամի կամ մեկ ուրիշի հետ:
- Ժամանա´կ հատկացրեք սեփական հարաբերություններին: Ամեն օր մի քիչ ժամանա´կ գտեք շփվելու այն մարդկանց հետ, որոնք ձեզ աջակցում և հասկանում են: Փորձե´ք գտնել մարդկանց, որոնց հետ կարող եք խոսել ձեր զգացողություններից և փորձից:
- Օրվա ընթացքում ժամանա´կ հատկացրեք այնպիսի գործերին, որոնք կօգնեն ձեզ հաղթահարելու և կառավարելու սթրեսը: Անկախ նրանից` զբաղված եք, թե ոչ, պետք է գիտակցել, որ ձեր խնամքը կարևոր է ձեր բարեկեցության համար:
- Փորձե´ք սթրեսի հաղթահարման տարբեր միջոցներ, մինչև կգտնեք` որն է ձեզ ավելի հարմար, օրինակ՝
- ֆիզիկական վարժություններ,
- ընկերների հետ զրույցներ,
- գործերի ցուցակագրում, պլանավորում,
- ռեժիմի և կարգի պահպանում,
- մտածե´ք, թե ինչի համար եք երախտապարտ կամ հպարտ,զբաղվե´ք ձեր սիրած գործով, օրինակ՝ երաժշտություն, նկարչություն, պար,
- օրագի´ր պահեք:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:
Նյութն օգտակա՞ր էր:
😃
Այո
😐
Մի քիչ
☹️
Ոչ