Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես հասկանալ, որ երեխան սթրես է ապրում

Երեխաները տարբեր կերպ են արձագանքում իրենց շրջապատող միջավայրում տեղի ունեցող բացասական իրադարձություններին: Մարդիկ տարբեր կերպ ենք արտահայտում իրենց հույզերը: Որոշ մշակույթներում, օրինակ, ուժգին հույզերը ի ցույց դնելը, ասենք՝ բարձրաձայն լաց լինելը, ընդունված չէ, մինչդեռ մյուսներում դա միանգամայն ընդունելի է:

Սթրեսի որոշ նշաններ կարող են այնքան էլ ակներև չլինել: Ներկայացնում ենք տարբեր տարիքներին բնորոշ նշանները: Սակայն պետք է հիշել, որ տարբեր երեխաների մոտ սթրեսի տարբեր նշաններ են դրսևորվում:

Գիտեի՞ք արդյոք՝ սթրեսի և ճգնաժամի դեպքում երեխաները ուշիուշով հետևում են մեծերի պահվածքին և հույզերին՝ հասկանալու համար, թե ինչպես կառավարեն իրենց իսկ հույզերը:

Սթրեսին երեխաների արձագանքի տարածված դրսևորումները

Այս դսևորումները, սովորաբար, կարճ են տևում, և նորմալ են սթրեսային իրադարձությունների դեպքում: Սակայն, եթե այսպիսի դրսևորումները տևում են ավելի երկար, ապա երեխան կարող է մասնագետի աջակցության կարիք ունենալ:

 

Տարիք

Արձագանք

0-3 տարեկան

  • Խնամողներին սովորականից ավելի կառչելը
  • Ավելի վաղ տարիքին բնորոշ պահվածքին վերադառնալը
  • Քնելու և ուտելու հետ կապված սովորությունների փոփոխությունները
  • Առավել դյուրագրգռությունը
  • Սովորականից ավելի ակտիվությունը
  • Տարբեր բաներից ավելի շատ վախենալը
  • Ավելի պահանջկոտ դառնալը
  • Ավելի հաճախ լաց լինելը

4-6 տարեկան

  • Մեծահասակներին կառչելը
  • Ավելի վաղ տարիքին բնորոշ պահվածքին վերադառնալը
  • Քնելու և ուտելու հետ կապված սովորությունների փոփոխությունները
  • Առավել դյուրագրգռությունը
  • Կենտրոնացման նվազումը
  • Ավելի պասիվ կամ չափից ավելի ակտիվ դառնալը
  • Խաղալ դադարելը
  • Մեծահասակներին բնորոշ դերեր ստանձնելը
  • Քչախոսությունը
  • Ավելի մտահոգ կամ անհանգիստ լինելը

7-12 տարեկան

  • Ինքնամփոփ դառնալը
  • Նույն խնդրին առերեսված մարդկանց մասին հաճախ մտահոգվելը
  • Քնելու և ուտելու հետ կապված սովորությունների փոփոխությունները
  • Առավել վախկոտությունը
  • Առավել դյուրագրգռությունը
  • Ագրեսիայի հաճախակի դրսևորումները
  • Հիշողության և կենտրոնացման թուլացումը
  • Տեղի ունեցածի մասին հաճախակի խոսելը կամ նույն բանն անընդհատ կրկնելը
  • Մեղավորության զգացումը կամ ինքնամեղադրումը

13-17 տարեկան (դեռահասներ)

  • Ուժգին վիշտը
  • Չափից ավելի մտահոգությունը ուրիշների մասին
  • Մեղքի և ամոթի զգացողությունը
  • Գնալով ավելացող ըմբոստությունը
  • Ավելացող ռիսկային վարքը
  • Ագրեսիան
  • Ինքնաքայքայումը
  • Հուսահատության զգացումը

Բոլոր տարիքային խմբերի մոտ՝ արձագանքի ֆիզիկական դրսևորումներ

  • Հոգնություն
  • Ճնշում կրծքավանդակում
  • Շնչահեղձություն
  • Բերանի չորություն
  • Մկանային թուլություն
  • Ստամոքսի ցավ
  • Գլխապտույտ
  • Դող
  • Գլխացավեր
  • Ընդհանուր ցավեր

Այս ամենը կարող է նաև մարմնական հիվանդության նշաններ լինել, ուստի, դիմեք բժշկի՝ պարզելու առողջական վիճակի հետ կապված հնարավոր խնդիրները:

Սթրեսին արձագանքի ավելի լուրջ դրսևորումներն են

  • Ինքնամփոփություն կամ չափից ավելի հանդարտություն՝ զուգորդված շատ քիչ շարժունությամբ կամ դրա բացակայությամբ
  • Այլ մարդկանցից թաքնվելը կամ ամաչելը
  • Ուրիշներին չարձագանքելը, չխոսելը
  • Ծայրահեղ կամ մշտական անհանգստությունը
  • Վատ ինքնազգացողության ֆիզիկական նախանշաններ. դող, գլխացավեր, ախորժակի կորուստ, տարաբնույթ ցավեր
  • Ագրեսիա, ուրիշներին վնասելու փորձեր
  • Շփոթվածություն կամ ապակողմնորոշվածություն

Երեխաները, որոնց մոտ տևական ժամանակ դրսևորվում են հետևյալ նշանները, մասնագիտական աջակցության կարիք ունեն:

Հուզական վիճակի ստուգումներ

2020-2021թ-ը հուզական առումով դժվարին ժամանակահատված էր բոլորի համար, և դրանից մեծապես տուժել են բազմաթիվ երեխաներ: Հարկավոր է պարբերաբար ստուգել, թե ինչպես է զգում ձեր երեխան: Ստուգել հուզական վիճակը՝ նշանակում է երեխաներին ուղղակի կամ անուղղակի ձևով հարցնել՝ «ինչպե՞ս ես»: Ստուգման մեթոդներից մեկը երեխային ինչ-որ բան նկարել խնդրելն է: Խնդրեք նրան՝ մի քիչ ավելի պատմել նկարի մասին. ինչ է նկարել, կամ, օրինակ, ինչու է ընտրել հենց այս կամ այն գույնը: Դա կարող է օգնել որոշ երեխաների՝ խոսել իրենց զգացումների մասին: Ի դեպ, որոշ երեխաներ կարող են ուրախությամբ ցույց տալ նկարը, բայց չցանկանալ խոսել դրա մասին թույլ տվեք, որ երեխան որոշի:

Վարժություններ, որ կօգնեն նվազեցնել սթրեսը

Երեխայի հետ կարող եք կատարել հետևյալ վարժությունները սթրեսը նվազեցնելու և երեխային սթրեսի հաղթահարման հմտություններ փոխանցելու նպատակով: Այս վարժություններն օգտակար են նաև ձեզ համար, ուստի կարող եք միասին փորձել։

Որովայնային շնչառություն

Երբ մենք սթրես ենք ապրում, մեր շնչառությունը հաճախ մակերեսային է դառնում, շնչում ենք կրծքավանդակով, և մոռանում ենք խորը շունչ քաշել որովայնով: Որովայնային շնչառությունը շատ հանգստացնող հատկություն ունի և օգնում է թթվածնով հագեցնել մեր թոքերը:

Շնչե՛ք, ա՛յ այսպես

  • ձեռքը դրեք ձեր ստամոքսի վրա.
  • 5 անգամ խորը շունչ առեք, 5 վայրկյան շարունակ ներշնչեք և 5 վայրկան շարունակ արտաշնչեք՝ շնչելով քթով և արտաշնչելով բերանով.
  • բացատրեք, որ երբ երեխան շունչ է քաշում, նա փուչիկի պես փչում է իր փորիկը, իսկ արտաշնչելիս օդը դանդաղ դուրս է գալիս փուչիկից:

Հարազատ վայր

Մեզ շրջապատող աշխարհը երբեմն կարող է ճնշող լինել: Մարդու մոտ սթրեսը կարող է նվազել, եթե նա մի պահ պատկերացնի, թե գտնվում է մի տեղում, որտեղ սթրես չկա:

Ահա մի վարժություն, որը կօգնի

  • նստեք կամ պառկեք հարմարավետ դիրքով, փակեք աչքերը և թուլացեք.
  • մի քանի անգամ քթով դանդաղ խորը շունչ քաշեք: Արտաշնչեք բերանով.
  • շարունակեք դանդաղ և հանդարտ շնչել: Հանդարտ, երկար ներշունչ, ապա՝ հանդարտ, երկար արտաշունչ.
  • մտովի լսեք այս պատմությունը և հետևեք դրան: Պատկերացրեք, թե դուք այդ պատմության մեջ եք:

«Պատկերացրու, թե կանգնած ես սպիտակ ավազոտ լողափին: Վաղ առավոտ է, և շուրջբոլորը ամեն ինչ հանգիստ է: Արևը դանդաղ ծագում է, և դեմքիդ ու մարմնիդ վրա զգում ես լույսի ջերմությունը: Քեզ երջանկության ու անդորրի զգացողություն է պարուրել: Բոբիկ ոտքերիդ տակ ավազը փափուկ է ու տաք: Թեթևակի քամին շոյում է դեմքդ: Երկինքը կապույտ է ու անամպ, իսկ թռչունները ճախրում ու երգում են գլխավերևումդ: Տեղը ապահով է, և կարող ես լիցքաթափվել: Սա մի վայր է, ուր միշտ կարող ես վերադառնալ, որը միշտ իր տեղում է՝ քո սրտում: Այստեղ կարող ես գալ՝ երբ ցանկանաս: Իսկ հիմա դանդաղ, աստիճանաբար սկսիր կրկին ուշադրություն դարձնել շնչառությանդ. ներշունչների ու արտաշունչների ռիթմը: Շատ հանդարտ սկսիր շարժել ձեռքիդ ու ոտքիդ մատները: Ներշնչիր և մի լա՜վ ձգվիր: Խորը արտաշնչիր: Երբ պատրաստ ես՝ բացի՛ր աչքերդ»:


Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր