Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ է եղել․ 0-ից 5 տարեկաններ

Հիմքը պետք է դրվի հենց այս տարիքում

Առաջին ժպիտից և առաջին քայլերից սկսած մինչև հույզերի մի ամբողջ բույլ զգալը ձեր երեխան բազմաթիվ մանկական կարևոր հենանիշներ է հաղթահարում։

Սա երեխայի մեծանալու և սովորելու շրջանն է, ուստի ճիշտ ժամանակն է, որ սկսեք սատարել նրա հոգեկան առողջության բարեկեցությանը։

Երեխան ձեզ վրա է հենվում սեր, իմացություն և ապահովություն ստանալու համար։ Որքան հնարավոր է լա՛վ ժամանակ անցկացրեք միասին։ Ջերմ և հոգատար հարաբերություններ ստեղծելը և օգնելը ձեր երեխային՝ զգալու, որ ինքն ապահով է, և իր մասին հոգ են տանում, ամբողջ կյանքում լավ հոգեկան առողջություն ունենալու ամուր հիմք կստեղծի։

Նորածիններ

Երեխայի հետ լավ, որակյալ ժամանակ անցկացնելն օգտակար է թե՛ նրա և թե՛ ձեզ համար։ Այդ ժամանակ դրական հորմոններ են արտազատվում, որոնք նպաստում են ձեր և երեխայի միջև մտերմության ստեղծմանը և երկուսիդ բարեկեցությանը։

  • Խաղացե՛ք նրա հետ, գրկե՛ք նրան:
  • Խոսե՛ք նրա հետ, երգե՛ք նրա համար:
  • Նրա արձակած հնչյուններին բառերով արձագանքե՛ք, որպեսզի սկսի հասկանալ լեզուն և հաղորդակցությունը։

Քայլել սովորող երեխաներ

Երբ երեխան սկսում է ավելի շարժուն դառնալ, ուսումնասիրելու նրա մղումն ավելի է ուժգնանում։ Այս հետաքրքրասիրությունը պետք է բավարարել և խրախուսել։

  • Կարդացե՛ք ձեր երեխայի համար (հնարավորության դեպքում՝ ամեն օր):
  • Խաղացե՛ք այնպիսի խաղեր, որոնք խթանում են հետաքրքրությունը և սովորելու ունակությունը:
  • Խնդրե՛ք երեխային անվանել իրերը. սկսե՛ք իր անունից և շրջապատի իրերից
  • Միասին ուսումնասիրե՛ք տան շրջակայքը։

Նախադպրոցական տարիք

Երբ երեխան մեծանալով ավելի ինքնուրույն ու հետաքրքրասեր է դառնում, նա ցանկանում է նաև արտաքին աշխարհն ուսումնասիրել և իր շուրջը կատարվող երևույթների մասին իմանալ։ Մարդկանց հետ շփումները նրան կօգնեն զարգացնելու մտածողությունը և հասկանալու իրեն շրջապատող աշխարհը։

  • Խրախուսե՛ք խաղերի միջոցով այլ երեխաների հետ սոցիալական շփումները:
  • Խնդրե՛ք օգնել ձեզ պարզ տնային գործերում, որոնք հարմար են նրա տարիքին։ Քայլ առ քայլ ուղղորդե՛ք պարզ խնդիրների լուծման ժամանակ։
  • Հստակ սահմաննե՛ր գծեք և իրատեսական ակնկալիքնե՛ր սահմանեք։ «Ոչ» պատասխանին այլընտրանքնե՛ր առաջարկեք, թե ինչ կնախընտրեիք, որ նա դրա փոխարեն աներ։
  • Նրան հստակ ընտրելու հնարավորությո՛ւն տվեք, որը հեշտությամբ կարող է անել, երբ որոշում է ինչ ուտել, հագնել կամ խաղալ։

Ինչ սպասել

Երեխաները սովորում են արտահայտվել և բուռն հույզերը կառավարել։ Երբեմն, երբ չեն կարողանում իրենց ուզածն արտահայտել, զայրույթ կամ ճնշվածություն են զգում։ Երբ երեխաները հուսահատ են կամ ճնշված, նրանք սիրալիր մեծահասակի կարիք ունեն, որն իրենց վստահություն կներշնչի և կօգնի գլուխ հանելու իրենց համակած հույզերից։

Խուսափել...

  • ցանկացած տեսակի բռնությունից, այդ թվում գոռալուց և հարվածելուց։ Երբ երեխան վատ միջավայրում է ապրում, դա կարող է առաջացնել «թունավոր սթրես»՝ խաթարելով նրա աճն ու զարգացումը, ինչպես նաև երկարաժամկետ խնդիրներ կյանքի հետագա տարիներին։
  • երեխայի ներկայությամբ ծնողների և ուրիշների միջև հաճախակի վիճաբանություններից։ Լարված մթնոլորտը երեխայի համար սթրեսային է, նա անտեսված, անօգնական և խոցելի է զգում։
  • անտեսման ցանկացած դրսևորումից. առողջ աճի և զարգացման համար երեխաները մշտապես ուշադրության, սիրո և հոգատարության կարիք ունեն։ 

Հիշել. հո՛գ տարեք նաև ինքներդ ձեր մասին

Անկախ նրանից՝ դուք նորածնի, թե մանկահասակ երեխայի ծնող եք, նույնպես տարբեր պահերի բազմապիսի հույզեր կունենաք, և դա բնական է։ Հույզերը ներառում են ուրախությունը, հուսահատությունը, հոգնածությունը և նյարդայնությունը։ Երբ չափազանց սթրեսային վիճակում եք, ձեր սթրեսը հաղթահարելու ժամանա՛կ գտեք։

  • Հավաստիացե՛ք, որ կարող եք ապավինել ձեր ընտանիքի կամ ընկերների  աջակցությանը և մի խուսափեք օգնության դիմելուց։ Միևնույն ժամանակ փորձե՛ք մի քիչ մենակ ժամանակ անցկացնել, որ ձեր անձնական տարածքն ունենաք։
  • Հիշե՛ք, որ անհրաժեշտ է ժամանակ հատկացնել բավարար չափով քնելու, առողջ սնվելու և ֆիզիկական ակտիվության համար։

Սթրեսի որոշ տեսակներ ունենում են գրեթե բոլոր նոր ծնող դարձած անձինք, սակայն մի՛ վախեցեք օգնության դիմելուց և ժամանա՛կ տրամադրեք ձեր կարիքները հոգալու համար ևս։

Նույնաբովանդակ այլ նյութեր