Ի՞նչ է եղել․ 0-ից 5 տարեկաններ
Հիմքը պետք է դրվի հենց այս տարիքում
Առաջին ժպիտից և առաջին քայլերից սկսած մինչև հույզերի մի ամբողջ բույլ զգալը ձեր երեխան բազմաթիվ մանկական կարևոր հենանիշներ է հաղթահարում։
Սա երեխայի մեծանալու և սովորելու շրջանն է, ուստի ճիշտ ժամանակն է, որ սկսեք սատարել նրա հոգեկան առողջության բարեկեցությանը։
Երեխան ձեզ վրա է հենվում սեր, իմացություն և ապահովություն ստանալու համար։ Որքան հնարավոր է լա՛վ ժամանակ անցկացրեք միասին։ Ջերմ և հոգատար հարաբերություններ ստեղծելը և օգնելը ձեր երեխային՝ զգալու, որ ինքն ապահով է, և իր մասին հոգ են տանում, ամբողջ կյանքում լավ հոգեկան առողջություն ունենալու ամուր հիմք կստեղծի։
Նորածիններ
Երեխայի հետ լավ, որակյալ ժամանակ անցկացնելն օգտակար է թե՛ նրա և թե՛ ձեզ համար։ Այդ ժամանակ դրական հորմոններ են արտազատվում, որոնք նպաստում են ձեր և երեխայի միջև մտերմության ստեղծմանը և երկուսիդ բարեկեցությանը։
- Խաղացե՛ք նրա հետ, գրկե՛ք նրան:
- Խոսե՛ք նրա հետ, երգե՛ք նրա համար:
- Նրա արձակած հնչյուններին բառերով արձագանքե՛ք, որպեսզի սկսի հասկանալ լեզուն և հաղորդակցությունը։
Քայլել սովորող երեխաներ
Երբ երեխան սկսում է ավելի շարժուն դառնալ, ուսումնասիրելու նրա մղումն ավելի է ուժգնանում։ Այս հետաքրքրասիրությունը պետք է բավարարել և խրախուսել։
- Կարդացե՛ք ձեր երեխայի համար (հնարավորության դեպքում՝ ամեն օր):
- Խաղացե՛ք այնպիսի խաղեր, որոնք խթանում են հետաքրքրությունը և սովորելու ունակությունը:
- Խնդրե՛ք երեխային անվանել իրերը. սկսե՛ք իր անունից և շրջապատի իրերից
- Միասին ուսումնասիրե՛ք տան շրջակայքը։
Նախադպրոցական տարիք
Երբ երեխան մեծանալով ավելի ինքնուրույն ու հետաքրքրասեր է դառնում, նա ցանկանում է նաև արտաքին աշխարհն ուսումնասիրել և իր շուրջը կատարվող երևույթների մասին իմանալ։ Մարդկանց հետ շփումները նրան կօգնեն զարգացնելու մտածողությունը և հասկանալու իրեն շրջապատող աշխարհը։
- Խրախուսե՛ք խաղերի միջոցով այլ երեխաների հետ սոցիալական շփումները:
- Խնդրե՛ք օգնել ձեզ պարզ տնային գործերում, որոնք հարմար են նրա տարիքին։ Քայլ առ քայլ ուղղորդե՛ք պարզ խնդիրների լուծման ժամանակ։
- Հստակ սահմաննե՛ր գծեք և իրատեսական ակնկալիքնե՛ր սահմանեք։ «Ոչ» պատասխանին այլընտրանքնե՛ր առաջարկեք, թե ինչ կնախընտրեիք, որ նա դրա փոխարեն աներ։
- Նրան հստակ ընտրելու հնարավորությո՛ւն տվեք, որը հեշտությամբ կարող է անել, երբ որոշում է ինչ ուտել, հագնել կամ խաղալ։
Ինչ սպասել
Երեխաները սովորում են արտահայտվել և բուռն հույզերը կառավարել։ Երբեմն, երբ չեն կարողանում իրենց ուզածն արտահայտել, զայրույթ կամ ճնշվածություն են զգում։ Երբ երեխաները հուսահատ են կամ ճնշված, նրանք սիրալիր մեծահասակի կարիք ունեն, որն իրենց վստահություն կներշնչի և կօգնի գլուխ հանելու իրենց համակած հույզերից։
Խուսափել...
- ցանկացած տեսակի բռնությունից, այդ թվում գոռալուց և հարվածելուց։ Երբ երեխան վատ միջավայրում է ապրում, դա կարող է առաջացնել «թունավոր սթրես»՝ խաթարելով նրա աճն ու զարգացումը, ինչպես նաև երկարաժամկետ խնդիրներ կյանքի հետագա տարիներին։
- երեխայի ներկայությամբ ծնողների և ուրիշների միջև հաճախակի վիճաբանություններից։ Լարված մթնոլորտը երեխայի համար սթրեսային է, նա անտեսված, անօգնական և խոցելի է զգում։
- անտեսման ցանկացած դրսևորումից. առողջ աճի և զարգացման համար երեխաները մշտապես ուշադրության, սիրո և հոգատարության կարիք ունեն։
Հիշել. հո՛գ տարեք նաև ինքներդ ձեր մասին
Անկախ նրանից՝ դուք նորածնի, թե մանկահասակ երեխայի ծնող եք, նույնպես տարբեր պահերի բազմապիսի հույզեր կունենաք, և դա բնական է։ Հույզերը ներառում են ուրախությունը, հուսահատությունը, հոգնածությունը և նյարդայնությունը։ Երբ չափազանց սթրեսային վիճակում եք, ձեր սթրեսը հաղթահարելու ժամանա՛կ գտեք։
- Հավաստիացե՛ք, որ կարող եք ապավինել ձեր ընտանիքի կամ ընկերների աջակցությանը և մի խուսափեք օգնության դիմելուց։ Միևնույն ժամանակ փորձե՛ք մի քիչ մենակ ժամանակ անցկացնել, որ ձեր անձնական տարածքն ունենաք։
- Հիշե՛ք, որ անհրաժեշտ է ժամանակ հատկացնել բավարար չափով քնելու, առողջ սնվելու և ֆիզիկական ակտիվության համար։
Սթրեսի որոշ տեսակներ ունենում են գրեթե բոլոր նոր ծնող դարձած անձինք, սակայն մի՛ վախեցեք օգնության դիմելուց և ժամանա՛կ տրամադրեք ձեր կարիքները հոգալու համար ևս։