Ինչպես սովորեցնել երեխաներին ճիշտ լվանալ ձեռքերը
Երեխային հիվանդություններից հեռու պահելու ամենաէժան, ամենահեշտ ու ամենակարևոր միջոցներից մեկը իրենց ձեռքերը հաճախ լվանալ սովորեցնելն է։
Ահա մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեռքերը լվանալը դարձնել առողջարար սովորություն ամբողջ կյանքի համար.
1. Բացատրե՛ք ձեռքերը լվանալու օգուտները։
Բացատրե՛ք ձեր երեխային, որ ձեռքերը լվանալը կարող է պաշտպանել նրան բակտերիաներից և վարակներից, որոնց պատճառով նրանք և շրջապատի մարդիկ կարող են հիվանդանալ։
Սովորեցրե՛ք, որ, չնայած մենք չենք կարող անզեն աչքով տեսնել մանրէները, դրանք կան մեր շրջապատում։
Բացատրե՛ք, որ ձեռքերը հաճախակի լվանալը նույնքան կարևոր է, որքան ատամները խոզանակելը կամ առողջ սնունդ ուտելը։
2. Ցո՛ւյց տվեք ձեռքերը լվանալու ճիշտ քայլերը։
Բացատրե՛ք, որ ձեռքերի վրայից վարակածին բակտերիաների բոլոր հետքերը վերացնելու համար ձեռքերն արագ օճառելը և պարզաջրելը բավարար չէ։ Ահա ձեռքերը ճիշտ լվանալու քայլ առ քայլ ուղեցույց.
- Քայլ 1. Թրջե՛ք ձեռքերը հոսացող ջրով։
- Քայլ 2. Լավ օճառե՛ք ձեռքերը, որպեսզի ծածկեք թաց ձեռքերի ողջ մակերեսը։
- Քայլ 3. Լվացե՛ք ձեռքերի բոլոր մակերեսները, այդ թվում՝ ձեռքերի թիկնային երեսը, մատների արանքն ու եղունգների տակը, առնվազն 20 վայրկյան։
- Քայլ 4. Ապա մանրամասն պարզաջրե՛ք հոսող ջրով։
- Քայլ 5. Չորացրե՛ք ձեռքերը մաքուր կտորով կամ մեկանգամյա օգտագործման անձեռոցիկով։
3. Որքա՞ն ժամանակ է հարկավոր լվանալ ձեռքերը։
Ձեռքերը հարկավոր է լվանալ օճառով առնվազն 20-30 վայրկյան։ Ժամանակը հեշտ ֆիքսելու համար խորհուրդ տվե¢ք երեխային երկու անգամ ամբողջությամբ երգել «Տարեդարձ է այսօր» երգը։
Նույնը վերաբերում է ձեռքերը հատուկ քսուքով ախտահանելուն․ օգտագործե՛ք այնպիսի ախտահանիչ քսուք, որը պարունակում է առնվազն 60% ալկոհոլ, և դրանով շփե՛ք ձեռքերը առնվազն 20 վայրկյան՝ ծածկելով ձեռքերի ողջ մակերեսը։ Հիշե՛ք, որ ախտահանիչ քսուքը կարող է թունավոր լինել կուլ տալու դեպքում, և այն պետք է օգտագործել միայն մեծահասակի վերահսկողությամբ։
4. Երեխայի հետ սահմանե՛ք ձեռքերը լվանալու ժամեր։
Առհասարակ օրվա ընթացքում հարկավոր է հաճախ լվանալ ձեռքերը։ Բացի այդ կարող եք նաև երեխային սովորեցնել, թե որ դեպքերում է միշտ պարտադիր լվանալ ձեռքերը.
- Երբ ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են
- Ուտելուց առաջ և հետո
- Զուգարանից օգտվելուց հետո
- Ընտանի և ոչ ընտանի կենդանիներին դիպչելուց հետո
- Քիթը մաքրելուց, հազալուց կամ փռշտալուց հետո։
5. Ձեռքերը լվանալը վերածե՛ք ուրախ ընտանեկան ժամանցի։
Ահա թե ինչպես կարող եք օգնել երեխային լվանալ ձեռքերը՝ այդ գործընթացը հեշտացնելով և վերածելով զվարճանքի։
Իսկ դուք գիտե՞իք
1. Տա՞ք, թե՞ սառը ջուրն է ավելի լավ։
Ձեռքերը կարող եք լվանալ ցանկացած ջերմաստիճանի ջրով։ Սառը ջուրն ու տաք ջուրը հավասարապես արդյունավետ են` մանրէները և վարակները վնասազերծելու հարցում՝ այն պայմանով, որ լվացվում եք օճառով։
2. Ձեռքերը չորացնելը կարևո՞ր է։
Թաց մաշկից մանրէներն ավելի հեշտ են տարածվում։ Ուստի ձեռքերն ամբողջությամբ չորացնելը կարևոր է։ Անձեռոցիկը կամ մաքուր կտորը ձեռքերը չորացնելու և մանրէները հեռացնելու ամենաարդյունավետ միջոցն է՝ առանց դրանք այլ մակերեսների փոխանցելու։
3. Օճառ ու ջո՞ւր, թե՞ ախտահանիչ հեղուկ. ո՞րն է ավելի լավ։
Ընդհանուր առմամբ ձեռքերը թե՛ օճառ ու ջրով, թե՛ ախտահանիչ քսուքով ճիշտ լվանալը խիստ արդյունավետ է՝ մանրէների և ախտածին մարմինների մեծ մասը վնասազերծելու հարցում։
Սակայն եթե ձեռքերը տեսանելիորեն կեղտոտ են, ապա պետք է լվացվել օճառով ու ջրով։ Չնայած ախտահանիչ քսուքը հաճախ ավելի հարմարավետ է, երբ տանը չեք, այն պակաս արդյունավետ է տեսանելիորեն կեղտոտ ձեռքերը մաքրելու համար։ Բացի այդ, ալկոհոլի հիմքի վրա պատրաստված ախտահանիչ քսուքն ամեն տեսակի բակտերիաներն ու վարակները չի վնասազերծում, օրինակ՝ չի վնասազերծում փորլուծություն առաջացնող որոշ վարակներ։ Այն կարող է նաև թունավոր լինել կուլ տալու դեպքում, և պետք է պահվի երեխաների համար անհասանելի վայրում ու օգտագործվի միայն մեծահասակի վերահսկողությամբ։