Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս և ի՞նչ խոսել երեխայի հետ կորոնավիրուսի մասին

Կորոնավիրուսի վերաբերյալ հավաստի և ոչ այդքան հավաստի տեղեկատվությունն այնքան շատ է, որ խուճապի մատնվելը շատ հեշտ է։ Պետք է հասկանանք, որ երեխաները նույնպես կարող են ջղային և տխուր լինել, քանի որ նրանց համար դժվար է հասկանալ այն ամենը, ինչ տեսնում են հեռուստացույցով կամ առցանց կամ՝ լսում այստեղից-այնտեղից։ Կարևոր է, որ մտերմիկ զրուցեք ձեր երեխաների հետ ու հենց ինքներդ էլ բացատրեք նրանց, թե ինչ իրավիճակ է տիրում, ինչպես նրանք կարող են հարմարվել իրավիճակին, և, ինչու ոչ, ինչպես կարող են նրանք օգնել մյուսներին։

Ներկայացնում ենք 8 մոտեցում, որ կօգնեն ձեզ այս զրույցի ընթացքում։

1Հարցեր տվե՛ք ու լսե՛ք երեխաներին։

Խնդրի մասին սկսեք խոսել նաև ձեր երեխաների հետ։ Պարզե՛ք, թե նրանք արդեն ինչ գիտեն։ Եթե նրանք շատ փոքր են ու ոչինչ չեն լսել վարակի մասին, կարող եք նույնիսկ չխորանալ մանրամասների մեջ և ևս մեկ անգամ հիշեցնեք նրանց հիգիենայի կանոններին հետևելու կարևորության մասին։

Անվտանգ ու հանգիստ միջավայր ապահովե՛ք ձեր երեխայի համար, որպեսզի նրանք կարողանան խոսել։ Նկարելը, պատմություններ պատմելը և այլ գործողությունները կարող են օգնել երեխաների հետ զրույցի ընթացքում։

Ամենակարևորը նրանց անհանգստություններին լուրջ վերաբերվելն է։ Ընդունե՛ք նրանց զգացմունքները և հավաստիացրե՛ք նրանց, որ այսպիսի բաներից վախենալը բնական է։ Երեխան պետք է տեսնի, որ դուք նրան ուշադիր լսում եք։ Նրանք պետք է իմանան, որ ցանկացած դեպքում կարող են վստահել ձեզ կամ իրենց ուսուցչին և խոսել ամեն ինչի մասին։

2Անկեղծ եղե՛ք ճշմարտությունը պատմե՛ք երեխային հասկանալի լեզվով

Երեխաները տիրող իրավիճակի մասին տեղեկացված լինելու իրավունք ունեն։
Իսկ մեծահասակները պարտավոր են երեխաների համար ապահովել անվտանգ և առանց լարվածության միջավայր։ Փորձե՛ք երեխաների հետ իրենց լեզվով խոսել, հետևե՛ք նրանց արձագանքին և հաշվի՛ առեք նրանց զգացմունքները։

Եթե չեք կարող պատասխանել նրանց հարցերին, մի՛ գուշակեք։ Այս հնարավորությունը բաց մի՛ թողեք և երեխայի հետ միասին փորձեք գտնել պատասխանը։ Որպես տեղեկատվության աղբյուր օգտագործե՛ք միայն ՅՈՒՆԻՍԵՖ-ի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Հայաստանի առողջապահության նախարարության կայքերը և Բեյբիսեֆ-ը։ Առիթը բաց մի՛ թողեք նաև երեխային բացատրելու, որ համացանցում շատ տեղեկություններ կան, որոնց չի կարելի վստահել և հավատալ։

3Ոչ միայն պատմե՛ք, այլև ցո՛ւյց տվեք երեխային, թե ինչպես պաշտպանվել վարակից։

Երեխային կորոնավիրուսից և այլ վարակներից պաշտպանելու լավագույն տարբերակը նրան խրախուսելն է, որ ձեռքերը հաճախակի լվանա։ Պարտադիր չէ վախեցնող ու ահաբեկող տեղեկատվություններ հաղորդել նրանց։ Այս երգը և այս պարը ուսուցումն ավելի ուրախ կդրաձնեն։

Կարող եք նաև երեխաներին ցույց տալ, թե ինչպես է պետք փակել բերանը, երբ նրանք փռշտում կամ հազում են։ Բացատրե՛ք նրանց, որ պետք է հիվանդության նշաններն ունեցող մարդկանց շատ չմոտենալ, ինչպես նաև՝ եթե իրենց լավ չեն չզգում՝ ջերմություն ունեն, հազում են կամ շնչառության հետ խնդիրներ ունեն, անմիջապես ձեզ տեղեկացնեն դրա մասին։

4Առաջարկե՛ք երեխային ստուգել տեղեկատվությունը։

Երբ մենք հեռուստացույցով կամ համացանցում անհանգստացնող շատ նկարներ ենք տեսնում, թվում է՝ ամենուրեք տագնապ է։ Երեխաները կարող է դժվարանալ տարբերել իրականությունը թվացյալից և իրենց շատ վտանգված զգան։ Կարող եք օգնել ձեր երեխաներին հաղթահարել այս իրավիճակը՝ նրանց համար խաղալու և հանգստանալու հնարավորություններ ստեղծելով։ Հետևե՛ք հիմնական օրակարգին որքանով դա հնարավոր է, հատկապես քնելուց առաջ։ Կարող եք միասին այս նոր իրավիճակի համար նոր օրակարգ ձևավորել։

Եթե ձեր համայնքում վարակը տարածվել է, ապա հիշեցրե՛ք ձեր երեխային, որ նրանք ռիսկային խմբում չեն ու նրանց համար վարակվելու հավանականությունը քիչ է։  Հաղորդե՛ք նրանց նաև այն մասին, որ բոլոր վարակվածները չէ, որ սաստիկ հիվանդանում են, և որ շատ մեծահասակներ հիմա աշխատում են, որ անվտանգ միջավայր ապահովեն բոլորի համար։

Եթե հանկարծ երեխան կրկին չի հարմարվում իրավիճակին, բացատրե՛ք նրան, որ միևնույն է, ստիպված եք մնալ տանը/հիվանդանոցում, քանի որ այդպես ավելի անվտանգ է թե՛  հենց իրենց, թե՛ իրենց ընկերների համար։ Վստահեցրե՛ք նրանց, որ գիտեք որ դժվար ու ձանձրալի է տանը մնալը, սակայն սրանք կանոններ են, որ բոլորը պետք է խիստ պահպանեն, որպեսզի չվարակվեն։

5Համոզվե՛ք, որ ձեր երեխաները բուլիինգի չեն ենթարկվում կամ իրենք մյուսներին չեն ենթարկում բուլիինգի։

Կորոնավիրուսի բռնկմանը զուգահեռ ռասիստական խտրականությունը աշխարհում ավելի է խորացել, ուստի շատ կարևոր է վստահանալ, որ ձեր երեխան չի ենթարկվում խտրականության և կամ ինքը բուլլինգի չի ենթարկում մյուսներին։

Բացատրե՛ք երեխային, որ կորոնավիրուսը ոչ մի կապ չունի մարդու տեսքի, բնակության վայրի կամ լեզվի հետ։ Եթե նրանց դպրոցում որևէ մեկը պիտակավորել է կամ բուլիինգի ենթարկել, ապա պետք է պատմեն դրա մասին վստահելի մեծահասակի։

Հիշեցրե՛ք երեխային, որ դպրոցում պետք է բոլորը իրենց անվտանգ զգան, և որ բուլիինգը միշտ սխալ ու վատ բան է։ Հիշեցրե՛ք, որ բոլորս պետք է մեր ներդրումն ունենանք դպրոցում բարի ու աջակցող միջավայր ձևավորելու գործում։

6Օգնության դիմե՛ք։

Լավ կլինի, որ երեխաները իմանան, որ մարդիկ պետք է բարի լինեն միմյանց հանդեպ ու օգնեն միմյանց։

Տարածե՛ք բուժաշխատողների, գիտնականների և բոլոր մարդկանց պատմությունները, ովքեր պայքարում են վարակի բռնկման դեմ։ Չէ՞ որ վստահությունդ ավելանում է, երբ հասկանում ես, որ շատ մարդիկ կան, ովքեր նվիրված աշխատում և միջոցներ են ձեռնարկում կանխելու վարակը։


7Ձեր մասին նույնպես հոգ տարե՛ք։

Դուք կարող եք ձեր երեխաների մասին հոգ տանել, եթե անձամբ լավ վիճակում եք։ Երեխաները հետևեում են, թե դուք ինքներդ ինչպես եք արձագանքում լուրերին։ Նրանք պետք է տեսնեն, որ դուք հանգիստ եք և ամեն ինչ վերահսկում եք։

Եթե դուք ջղային եք ու հիասաթափված, ժամանակ գտե՛ք հենց ձեզ համար և օգնություն խնդրեք մեկ այլ ընտանիքից, ընկերոջից կամ համայնքի այլ մարդկանցից։ Ժամանակ առանձնացրե՛ք ձեր հանգստի, վերականգնվելու և լիցքաթափվելու համար։

8Ինչպես ավարտել զրույցը։

Կարևոր է, որ խոսակցության ավարտին երեխան ավելի հանգիստ լինի և ոչ մի դեպքում ավելի չլարվի։ Երբ արդեն մոտենում եք զրույցի ավարտին, հետևե՛ք երեխայի շարժուձևին, շնչառությանը, ձայնի տոնայնությանը։

Հիշեցրե՛ք երեխային, որ դուք միշտ պատրաստ եք զրուցել նրա հետ թեկուզև՝ ամենաբարդ խնդիրների մասին։ Հիշեցրե՛ք, որ ձեզ համար կարևոր է նրանց կարծիքը իմանալը, և երբ որևէ միտք նրանց հանգիստ չի տալիս, կարող են միշտ դիմել ձեզ։

 

ՔՈՎԻԴ-19-ի մասին ՅՈՒՆԻՍԵՖ-ի նյութերին ծանոթանալու համար՝ այցելե՛ք այս կայքէջը։

Եթե դուք ծնող եք, բնականաբար անհանգստանում ու շատ հարցեր ունեք, օրինակ՝ թե որքան վտանգավոր է վարակը, և թե արդյո՞ք ձեր երեխան ռիսկային խմբում է։ Երբ կորոնավիրուսը կամ ինչպես այն հիմա անվանում են՝ ՔՈՎԻԴ-19-ը սկսեց տարածվել, ապատեղեկատվությունը գրավեց համացանցը։ Ուստի խնդրեցինք ՅՈՒՆԻՍԵՖ-ի առողջապահության մասնագետներին մեզ փաստեր տրամադրել։Տեսանյութում ներկայացվում են այն վեց կետերը, որ դուք պետք է իմանաք: Դիտե՛ք և տարածե՛ք տեսանյութը։