Skip to main content
Հետադարձ կապ

Ակտիվ լսողության հմտություն

Վերջերս հաճախ ենք լսում ակտիվ լսողության մասին: Թեև մեզնից ոմանք կարող են ենթադրել՝ որն է դա, մյուսներիս մոտ տարակուսանք է առաջանում հասկացողության նկատմամբ: Ո՞րն է լսելու և ակտիվ լսելու տարբերությունը, և ինչու է այն կարևոր երեխաների համար:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը», որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անդրադառնում է այս հասկացողությանը և երեխա-ծնող հարաբերությունների առումով դրա կարևորությանը:

Ըստ «Ծնողի դպրոց» ՀԿ-ի հոգեբան Լուսինե Աղաբեկյանի, կարճ ձևակերպմամբ՝ ակտիվ լսողությունը հաղորդակցման կարևոր հմտություն է. այն նպատակաուղղված է: Ի տարբերություն ուղղակի լսելու, ակտիվ լսելով, այն է՝ ունկնդրելով՝ մենք փորձում ենք հասկանալ երեխային և ցույց տալ, որ լսում ենք:

Երեխայի հետ հաղորդակցվելիս՝ ակտիվ լսողություն ցուցաբերելը շատ կարևոր է: Ունկնդրելիս՝ մենք ավելի մեծ ուշադրություն ենք դարձնում երեխայի խոսքին, պատմածին: Իհարկե, ակտիվ լսելու կարիք միշտ չէ, որ կա. այն պետք է «գործի դնել», երբ երեխայի մոտ առկա է բուռն հուզականություն, նա տխուր է, վիրավորված կամ հակառակը՝ շատ ուրախ է, իր կյանքում կարևոր բան է տեղի ունեցել… Այս իրավիճակներում է, որ երեխան կարիք ունի ծնողի կողմից առավել լավ հասկացված լինելու:

Ակտիվ լսելիս հարկավոր է թողնել կողմնակի գործերը, երեխայի հետ տեսողական կապ ստեղծել, աջակցող ժեստեր կիրառել: Այս դեպքում մեր լսածն արդյունավետ է, քանի որ երեխայի մոտ առաջանում է լսված լինելու զգացողություն, և արդյունքում ամրապնդվում է ծնող-երեխա հուզական կապը:

Կարևոր խորհուրդ՝ լսողի դերում լինելուց հետո պետք չէ անմիջապես անցնել ակտիվ հարցեր կամ խորհուրդներ տալու փուլին. պետք է հանդարտվել, կանգ առնել մի պահ, և եթե երեխան ինքնուրույն չգտնի խնդրի լուծումը, նոր միայն հարցեր ու խորհուրդներ տալ:

Այնպիսի կարճ բառերն ինչպիսիք են՝ «հա», «իրոք», «ահա», «պատկերացնում եմ » կամ նույնիսկ ասված որոշ բառերի կրկնությունը կվստահեցնեի երեխային, որ լսում եք իրեն:

Արդեն գիտենք, որ երբ երեխան լսված ու հասկացված է ծնողի կողմից, երեխայի և ծնողի միջև ամրապնդվում է այդքան կարևոր հուզական կապը: Ավելին, երբ երեխան լսված և հասկացված է ընտանիքում, հավանականությունը, որ այլ միջավայրերում նա ևս կհասկացվի, մեծանում է: Մեծանում է նաև այլ բարենպաստ հարաբերություններ կառուցելու կարողությունն ու հմտությունը, ինչպես նաև ինքնաընկալումն ու ինքնագնահատականը:

Հոգեբանի խոսքով, եթե երեխա-ծնող փոխհարաբերություններում գործում է այս մեխանիզմը, մնացածը կարելի է հեշտությամբ կառուցել:

Ակտիվ լսողության մասին ավելին իմանալու համար՝ դիտեք տեսանյութը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր