Պիտակներ և դերեր
Երբևիցե մտածե՞լ եք, որ ձեր՝ որպես ծնողի կամ շրջապատի ամենապարզ ու անմեղ թվացող դրական բնութագիրը կարող է երեխայի մոտ բացասական հույզեր առաջացնել (և խոսքը միայն երեխայի արտաքին տեսքին չի վերաբերում): Մեր պատասխանն է՝ այո:
«ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյուն»-ը, որ եթեր է հեռարձակվում Առաջին ալիքի հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, այս անգամ լույս է սփռում «պիտակավորում» հասկացողության վրա և խորհուրդներ տալիս այն մասին, թե ինչպես կարելի է երեխաներին ազատել դրանից:
Արմինե Վարդանյանը («Ծնողի դպրոց» հասարական կազմակերպության հոգեբան) նշում է, որ պիտակը միշտ չէ որ բացասական նկարագիր ունի (թեև շատերս, հավանաբար, գործ ենք ունեցել հենց բացասական պիտակների հետ): Օրինակ՝ երբ մենք անմեղորեն մեր երեխային անվանում ենք՝ «իմ բարի», «հանդուրժող», «համբերատար բալիկ», «դու միշտ զիջում ես, ապրես», «լռիր, դու դա կարողանում ես», ակամայից պիտակավորում, ինչպես նաև կաղապարում ենք երեխային: Որպես հետևանք, երեխայի մոտ կարող են առաջանալ բացասական զգացողություններ, ինչպես նաև՝ այլ իրավիճակներում նա, հնարավոր է՝ չի կարողանա ինքնադրսևորվել, կառուցողական մոտեցում ցուցաբերել:
Պիտակներ երեխան կարող է տարբեր վայրերից վերցնել՝ տնից, դպրոցից, այլ մեծահասակներից… Իսկ պիտակներից ձերբազատվելը համապարփակ մոտեցում է ենթադրում՝ ուղղված ամբողջական մթնոլորտի վերափոխմանը: Ծնողի դերն այս հարցում առաջնային է. մենք պետք է անենք հնարավորը՝ օգնելու երեխային ձերբազատվել պիտակներից՝ նրա համար ստեղծելով այլ հնարավորություններ, տալով այլ միջավայր, այլ սոցիալական շփումներ ունենալու հնարավորություն: Սակայն եթե բազմաթիվ փորձերից հետո, այնուամենայնիվ, իրավիճակը չի փոխվում, առօրյան շարունակում է բարդանալ, ապա անհրաժեշտ կլինի դիմել հոգեբանի աջակցությանը:
Հոգեբանն առաջարկում է երեխային իր ամբողջության մեջ տեսնել՝ առօրյայում իր բոլոր դրսևորումներով. սա ևս կօգնի երեխային պիտակավորումից ազատվել:
Դիտե՛ք տեսանյութը՝ պիտակավորման և դրանից ձերբազատվելու մասին այլ ուշագրավ միջոցներ իմանալու համար:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական կառավարության աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: