Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ խարանավորում
Պիտակավորումը որոշակի երևույթի կամ մարդու կամ հոգեվիճակի պարզեցված, մեկ բառով արտահայտված բնորոշումն է, և պարտադիր չէ, որ այն ունենա բացասական երանգավորում։ Իսկ խարանավորումն արդեն բացասական պիտակավորումն է, որն իր մեջ ներառում է ոչ միայն բացասական բնութագիր, այլ որոշակի խտրական վարք դրսևորելու նախատրամադրություն։ Խարանավորումը հասարակության լայն շերտերի կողմից տարածվող բացասական պիտակներն են:
Բացատրելով պիտակավորման և խարանավորման տարբերությունները՝ հոգեբան Դավիթ Գևորգյանը նշում է՝ խարանավորումը խտրականություն դնող պիտակն է:
Օրինակ՝ ասելով՝ «այս երեխան ակտիվ է», կարող ենք հասկանալ տարբեր բաներ՝ աշխույժից մինչև անդաստիարակ: Վերջինը խարան է և եթե «աշխատեց», այսինքն՝ մեկից մյուսին փոխանցվելով «կպավ» երեխային, ապա ԱԿՏԻՎ բառն այդ երեխայի պարագայում կունենա շատ որոշակի՝ խարազանող նշանակություն ու կձևավորի կանխակալ վերաբերմունք նրա նկատմամբ: Շատերն այդ երեխայի հանդեպ իրենց վերաբերմունքը կձևավորեն ոչ թե սեփական շփման ու փորձի արդյունքում, այլ այդ բառի ազդեցության տակ:
Խարանավորման ժամանակ ընդգծվում են անձի որոշակի որակներ և ըստ այդ որակների տեղի է ունենում որոշակի օտարում։ Խարանավորումն իր հետևից բերում է մեկուսացման զգացում, կարող է հանգեցնել շատ սոցիալական խնդիրների, այդ թվում՝ խուսափողական վարքի, որն ավելի հաճախ դիտվում է երեխաների մոտ։
Խարանավորումը բազմատարր երևույթ է և հեշտ հաղթահարելի չէ: Գուցե հնարավոր չէ արմատախիլ անել այդ խնդիրը, բայց դրա արտահայտումների տոկոսային պատկերը տեսանելիորեն կնվազի, եթե չմոռանանք, որ մեզանից յուրաքանչյուրի կյանքում կարող են տեղի ունենալ իրադարձություններ, որոնք մեզ խարանավորողից կվերածեն խարազանվողի:
Խարանավորման արդյունքում հասարակությունը բաժանվում է խմբերի, որոնցից առնվազն մեկում ամուր նստած է հետևյալ համոզմունքը՝ մեզ նման չես՝ վատն ես: Եվ այս կեղծ համոզմունքներով զինված երեխան կամ մեծահասակը բազմաթիվ վախեր ունի՝ նա չի վստահում դիմացինին, չի ցանկանում ընկերություն անել: Բոլոր այս բացասական հույզերը մի օր պետք է դատարկվեն, իսկ դատարկվում են, որպես կանոն ագրեսիայի, բռնության, անհանդուրժողականության լեզվով:
Ինչպես նկատել, որ երեխան դարձել է խարանավորման զոհ
Եթե երեխան դարձել է խարանավորման զոհ, ապա դա հնարավոր է նկատել որոշակի «ազդանշաններից»՝ մեկուսացման զգացում, խուսափողական վարք․ երբ երեխան չի ցանկանում բակ իջնել կամ դպրոց գնալ և ոչ թե այն պատճառով, որ չի սիրում խաղալ կամ սովորել, այլ որովհետև խուսափում է խարանավորման ազդեցությունից, քանի որ ունի ինչ-որ հատկանիշ (ընդհուպ՝ ամենաանմեղը), որի համար խարանավորվում է:
Է՛լ ավելի վատ է, երբ երեխան սկսում է ինքնախարանավորել՝ համարելով, որ ինքն իսկապես «ուրիշ է»: Որպես հետևանք՝ երեխան նվազեցնում է սեփական ԵՍ-ից իր սպասելիքները, իջնում է երեխայի ինքնագնահատականը։ Երեխան կարող է հետ ընկնել դասերից, սկսել տագնապի նշաններ ցույց տալ, հրաժարվել նախաձեռնողականությունից, հրաժարվել իր իրավունքներից, օրինակ՝ դադարել խաղալ ընկերների հետ, չցանկանալ դպրոց գնալ և այլն։
Դեռահասության փուլում խարանավորման զարգացման «արդյունք» է դառնում բուլինգը, երբ անհատի որոշակի հատկանիշի (մազի գույն, ծնողների աշխատանք, հասակ, առաջադիմություն, ազգություն, բարբառ և այլն) պատճառով մի խումբ դեռահասներ «ընկնում» են մեկի հետևից: Բարձիթողի մատնված խնդրի դեպքում, երբ դեռահասին պատշաճ օգնություն չի տրամադրվում կամ երբ նա ինքնուրույն չի կարողանում ելքի ուղիներ գտնել, կարող է մտածել նաև ինքնավնասման մասին:
Ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել երեխային
Ծնողը միայնակ շատ բան չի կարող անել՝ օգնություն է պետք: Ավելի ստույգ.
- Պետք է նկատել խնդիրը (վարքային փոփոխությունները)
- Ունենալ երեխայի հետ առողջ հարաբերություններ՝ խնդիրը միասին քննարկելու և հասկանալու համար
- Ահազանգել: Կարող եք դիմել դաստիարակին, ուսուցչին, դպրոցի հոգեբանին։ Նաև այստեղ կգտնեք Հայաստանում սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող գրեթե բոլոր կազմակերպությունների կոնտակտները, որոնց կարող եք դիմել նման հարցերի դեպքում։
Չափազանց կարևոր է աշխատել մանկավարժական և ծնողական համայնքների հետ, քանի որ խարանները, որպես կանոն, հասարակության մեջ արտահայտված հուզական դրսևորումներ են, որոնք երեխաներն ուղղակի կրկնօրինակում են, չափազանցնում: Հետևաբար՝ հարկավոր է միավորել ջանքերը և լուծում գտնել խնդրին միասին՝ ուսուցիչների և այլ ծնողների հետ համատեղ։ Եթե վերը բերված օղակներում երեխային օգնելու բավականաչափ կամք կամ ցանկություն առկա չէ՝ կարելի է ու պետք է դիմել հոգեբանի օգնությանը:
Ծայրահեղ դեպքում երեխայի համար լավագույն լուծում կարող է լինել միջավայրի փոփոխությունը՝ փոխել բնակավայրը, դպրոցը և այլն: Սա ինքնին տրավմատիկ է երեխայի համար, քանի որ «հին» միջավայրը գոնե ծանոթ էր իրեն, բայց եթե այդ միջավայրը «թունավոր» է, ուրեմն նրան այդտեղից դուրս բերելը կարող է դառնալ փրկօղակ: Կարևոր է բացատրել երեխային, որ դա փախուստ չէ, այլ նոր միջավայրում ամեն բան մաքուր էջից սկսելու հնարավորություն:
Բայց նախ եկե՛ք օգնենք երեխային ունենալ բարձր ինքնագնահատական
Եթե երեխան բարձր ինքնագնահատական ունի, ավելի հեշտ է հաղթահարում խարանավորումը։ Առաջին հերթին ծնողը պետք է չառաջացնի բացասական ինքնագնահատական կամ չխորացնի առկա խնդիրը։ Շատ հաճախ ինքնագնահատականի խնդիրներ, թերարժեքության բարդույթներ, չափազանց ամաչկոտություն, կախյալություն առաջանում է հենց ընտանիքում ծնող-երեխա հարաբերություններում։ Եթե մենք երեխայից միայն անպայման պահաջում ենք ենթարկվողականություն, երբ շատ զգայուն չենք լինում, թե մեր դաստիարակության մեթոդը ինչ կողմնակի արդյունք ունեցավ կամ կունենա երեխայի ինքնավերաբերմունքի վրա, երբ մենք չենք հասցնում նկատել՝ ինչ է կատարվում երեխայի հետ, այս դեպքերում մենք ստեղծում ենք պարարտ հող բացասական ինքնագնահատականի ձևավորման համար, ինչը կարծես մագնիս լինեն, և երեխան արդեն շատ հեշտ դեպի իրեն է քաշում բացասական վերաբերմունքները։
Սա հատկապես վտանգավոր է դառնում դեռահասության փուլում։ Ուստի հենց ամենասկզբից պետք է զգոն լինել։
Քանի որ խոսքը գնում է մեր երեխայի թե՛ ֆիզիկական, թե՛ հոգեկան առողջության մասին, կարևոր է զուգահեռ քայլել երեխայի հետ, վաղ նկատել խնդիրը և ամեն կերպ փորձել լուծել այն միջավայրի օգնությամբ։ Բայց կարևոր է հիշելը, որ անհրաժեշտության դեպքում պետք է դիմել մասնագետին: