Skip to main content
Հետադարձ կապ

11 խորհուրդ` ինչպես ճիշտ խոսել դեռահաս երեխայի հետ

Դեռահաս երեխայի հոգեկան բարեկեցությանը և սոցիալական ու հուզական ինտելեկտի ուսուցմանն արդյունավետ աջակցելու համար կարևոր է մտերմանալ նրա հետ: Երբ սիրում ես ինչ-որ մեկին, քեզ հետաքրքրում է նա, նրա մտքերն ու զգացմունքները: Երեխայի զարգացման ընթացքում նրա նկատմամբ ձեր սերն ու հարգանքը դրսևորելու միջոցներից մեկը հաղորդակցությունն է:

Ամրապնդե´ք ձեր հարաբերությունները

1. Հետաքրքրվե´ք այն ամենով, ինչը կարևոր է ձեր երեխայի համար՝ դրանով ցույց տալով ձեր հոգատարությունը

2. Պատմե´ք ձեր մասին, գտե´ք մտերմանալու միջոցներ, բացահայտե´ք ձեր ընդհանուր հետաքրքրությունները:

3. Հարցրե´ք ձեր երեխայի կարծիքը, տեսակետները, հեռանկարները, որպեսզի հասկանաք նրա զգացմունքները:

4. Հիմնվե´ք ավելի վաղ տարիքում երեխայի հետ ունեցած ձեր շփումների վրա. հաղորդակցությունը կարևոր է մանկությունից մինչև պատանեկություն: Եթե ձեր և երեխայի շփումը հաջողվել է, պատմել եք միմյանց ձեր զգացողություններն ու մտքերը, շատ հավանական է, որ դա կշարունակվի նրա պատանեկության շրջանում: 

Եղե´ք ակտիվ ունկնդիր

Լսելը կարևոր է երեխայի հետ շփման ժամանակ: Ակտիվ ունկնդիրը մասնակցում է զրույցին, հոգատար է, կարեկցող և չի քննադատում նույնիսկ (և հատկապես) այն ժամանակ, երբ համաձայն չէ ուրիշների տեսակետների հետ: Թեև ձեր դեռահաս երեխայի որոշ տեսակետներ կամ կարծիքներ կարող են տարբերվել ձերիցպետք է հարգեք և գնահատեք դրանք: Սա նաև նրան կօգնի հարգելու ձեր տեսակետներն ու կարծիքները:

Երբ երեխային լսում եք ակտիվ կերպով, դա նրան օգնում է իրեն լսված, հասկացված ու ավելի հանգիստ զգալ և կարող է փարատել մենության զգացումները: Ի տարբերություն դրա` եթե պատշաճ ձևով չեք լսում երեխային, նա կարող է մտածել, որ չեք կարևորում իր մտահոգությունները և անտեսում եք իր զգացմունքները: Արդյունքում ձեր խոսակցության ընթացքում նա կարող է դառնալ պաշտպանողական և իրեն հիասթափված, միայնակ կամ վիրավորված զգալ:

5. Ժեստի միջոցով ցո՛ւյց տվեք, որ ուշադիր լսում եք: Աչքերի մեջ նայելը, որպես համաձայնության նշան գլխով անելը, մտահոգ հայացքը կամ քաջալերող ժպիտները փոքր ժեստեր են, որոնք ցույց կտան, որ ուշադիր եք: Օգտագործե´ք մարմնի լեզուն և հուզական ազդանշանները, որոնց շնորհիվ ձեր երեխան կզգա, որ իր կողքին եք, հետաքրքրված եք և իսկապես հոգ եք տանում նրա մասին: Նույնիսկ առանց խոսքերի կարող եք հասկացնել, որ լսում եք, և որ այն, ինչ ասում է, կարևոր է ձեզ համար:

6. Տվե՛ք թեման հստակեցնող հարցեր, որպեսզի ավելի խորությամբ հասկանաք, թե ինչ է զգում երեխան: Այդ հարցերը չունեն ճիշտ կամ սխալ պատասխան. դրանք պարզապես ձեզ օգնում են ներթափանցելու դեռահաս երեխայի մտածողության մեջ: Օրինակ՝ կարող եք փորձել հետևյալ հարցերից որևէ մեկը. «Կարո՞ղ ես բացատրել` ինչ նկատի ունես…», «Ինչո՞ւ նեղացար, երբ…» կամ «Քո կարծիքով ինչպե՞ս կզգայիր, եթե…»:

7. Կրկնե´ք երեխայի ասածը՝ վերահաստատելով, վերաձևակերպելով նրա արտահայտած մտքերը: Օրինակ` կարող եք ասել. «Ուզում ես ասել, որ...» կամ «Ճի՞շտ եմ հասկանում, որ...»:

8. Տվե´ք դրական արձագանք և հավանություն: Հատուկ, անմիջական դրվատանքի խոսքերը կօգնեն դեռահասների ինքնավստահության և ինքնագնահատականի բարձրացմանը և կխրախուսեն նրանց շարունակել նույն վարքագիծը: Օրինակ` եթե  երեխան պատմում է, որ մեծ սթրես է ապրել, կարող եք ասել. «Ապրես, որ համարձակ եղար և ասացիր` ինչ ես զգում այս պահին» կամ «Դժվար է որևէ մեկին ասել, որ սթրես ես ապրում: Ես շատ ուրախ եմ, որ պատմեցիր ինձ դրա մասին»:

9. Հաստատե՛ք այն, ինչ դեռահաս երեխան ասում է: Դա նրան կօգնի ընդունելու իր զգացմունքները և անկաշկանդ արտահայտվելու: Օրինակ՝ կարող եք ասել. «Հասկանալի է, որ բարկանում ես հիմա: Եթե ես լինեի, ես էլ նույնը կզգայի» կամ «Ապրես, որ խոսեցիր ինձ հետ: Դժվար է խոսել ուրիշների հետ, երբ տխուր ես» կամ «Ցավում եմ, որ սթրես ես ապրում: Եթե քո տեղը լինեի, ես նույնպես այդպես կզգայի: Արի´ միասին հասկանանք` ինչ կարող ենք անել»:

10. Երբեմն դեռահաս երեխայի համար հեշտ չէ խոսել այն մասին, թե ինչն է իրեն անհանգստացնում, և դուք էլ չգիտեք ինչ ասել: Լավ կլինի՝ բացատրեք երեխային, որ նրա կողքին եք, որ պատրաստ եք խոսելու և լսելու ցանկացած պահի: Մի´ ստիպեք խոսել, եթե երեխան ի վիճակի չէ նկարագրելու, թե ինչ է կատարվում իր հետ:

11. Հաղորդակցությունը միայն դժվարությունների կամ խճճված զգացմունքների մասին խոսելը չէ: Կարևոր է խոսել նաև զվարճալի բաների մասին, օրինակ` ինչ լավ բան է եղել օրվա ընթացքում, և առիթներ գտնել միասին ծիծաղելու և ձեր քնքշությունն արտահայտել երեխայի համար ընդունելի բոլոր ձևերով: Միասին զվարճանալը, լիաթոք ծիծաղելը հիանալի միջոցներ են լավ զգալու և ձեր հարաբերություններն ամրապնդելու համար:

Նույնաբովանդակ այլ նյութեր