Ինչ կարող են անել ծնողները իրենց երեխաներին թվային աշխարհում պաշտպանելու համար
Կորոնավիրուսը բոլորիս փակել է տանը ու ստիպել ապրել առցանց կյանքով։ Սա մարտահրավեր է բոլորի համար՝ թե՛ ծնողների, թե՛ ուսուցիչների, թե՛ երիտասարդների, թե՛ դպրոցական ու թե՛ ավելի փոքր տարիքի երեխաների համար։ Եթե որոշ ժամանակ առաջ «ապրում ենք թվային աշխարհում» պնդմանը վերապահումով էինք մոտենում, ապա այսօր, արդեն առանց նույնիսկ մեկ գրամ չափազանցնելու, հաստատում ենք այդ պնդումը։ Սա բոլորիս համար նոր մարտահրավեր է, և բոլորս էլ նոր ենք սովորում ապրել այսպիսի աշխարհում։
Ու եթե սովորական աշխարհում վտանգները շատ են, ապա թվային աշխարհում դրանք հազարապատիկ են, քանի որ թվային աշխարհը անսահման է ու հասանելի բոլորին ։ Եվ ինչպես սովորական աշխարհում, այնպես էլ՝ թվային աշխարհում ծնողները պետք է ամեն ինչ անեն իրենց երեխաներին պաշտպանելու համար։
Մենք խոսել ենք երկու երեխաների մայր, ՅՈՒՆԻՍԵՖ-ի արդարադատության մատչելիության ծրագրի ղեկավար Վիկտորիա Օհանյանի հետ և նրանից համացանցում երեխաներին պաշտպանելու խորհուրդներ հարցրել։
Հարց 1։ Ինչ կարող են անել ծնողները իրենց երեխաներին թվային աշխարհում պաշտպանելու համար։
Վիկտորիա։ Քանի որ այս արտակարգ դրությամբ պայմանավորված երեխաներին տալիս ենք համացանցից օգտվելու լայն հնարավորություններ՝ ուրեմն պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունը համացանցում ևս։ Ծնողներին առաջարկում ենք կատարել այս հիմնական քայլերը․
- Հենց այսօր փոխել առցանց հաթակների կարգավորումները։ Պետք է թե՛ համակարգչային վարակներից պաշտպանող ծրագրեր տեղադրել համակարգչի մեջ և թե՛ փոխել բոլոր այն հարթակների կարգավորումները, որոնցից երեխաները հաճախ են օգտվում։ Պետք է դա անել հենց այսօր, քանի որ հենց այսօր բոլոր երեխաները ակտիվորեն օգտվում են համացանցից։ Սրա հետ մեկտեղ՝ կան մատչելի այլ ծրագրեր, որոնց շնորհիվ կարող եք վերահսկել երեխայի թվային հետքը՝ այցելած կայքերը, ստացած հաղորդագրությունները և այլն։ Այստեղ հայալեզու տեսանյութեր կան, որոնց մեծ մասը հաստատված է Կրթության նախարարության կողմից։ Իսկ այստեղ, ճիշտ է՝ անգլալեզու, բայց համացանցում երեխաներին անվտանգ պահելու օգտակար հղումներ կարող եք գտնել։
Իհարկե, պետք է հիշել մի կարևոր բան․ ճիշտ չի լինի օգտագործել այս իրավիճակը երեխայի հետ փոխվստահության միջավայրը տոտալ վերահսկողության միջավայրի վերածելու համար։ Ամենաճիշտն այն է, որ երեխայի հետ միասին նստեք և ավելի ապահով դարձնեք կարգավորումները՝ երեխային բացատրելով, թե ինչու է սա արվում և ինչու է կարևոր։
- Համացանցում երեխաների հետ միասին որոշակի ժամանակ անցկացրեք։ Փորձեք հինգ-տասը-տասնհինգ րոպե երեխայի հետ միասին նստել համակարգչի, հեռախոսի կամ պլանշետի մոտ։ Մասնակցե՛ք նրա գործողություններին, խոսե՛ք այս կամ այն բանի մասին, խորհուրդ հարցրեք, արձագանքեք։ Այսպիսով՝ երեխայի հետ փոխվստահության հարաբերություններ կկառուցեք նաև թվային կյանքում։ Սակայն հիշեք, որքան էլ որ վերահսկողությունը կարևոր է ու պետք է լինի անընդհատ, երեխաների մոտ չպետք է ստեղծվի անձնական կյանք չունենալու զգացողություն։ Հակառակ դեպքում, վարակի հետ կապված առանց այն էլ այս տագնապային իրավիճակը ավելի կսրացնեք։
- Հասանելի եղե՛ք և լսե՛ք ձեր երեխաներին։ Քանի որ երեխաներին անընդհատ կոչ ենք անում դիմել ձեզ իրենց մտահոգող հարցերի դեպքում, դուք պետք է զինված և պատրաստված լինեք։ Ժամանակն է բարձրացնել նաև մեդիագրագիտության ձեր աստիճանը, որպեսզի ճիշտ խորհուրդներ տաք երեխաներին։ Կարող եք դիմել համակարգչային ծանոթ մասնագետների, որոնք կհուշեն, թե ինչպես պաշտպանել երեխային ոչ հարիր բովանդակությունից, կիբերբուլիինգից, անձնական տվյալների կորուստից և այլն։ Եթե անգամ չգիտեք այս կամ այն հարցի պատասխանը, օգտվե՛ք առիթից և երեխայի հետ միասին պատասխանը գտեք։ Այսպիսով, երեխան կտեսնի, թե խնդրին առերեսվելու դեպքում, ինչպես կարելի է փնտրել և գտնել լուծումներ՝ օգտագործելով վստահելի տիրույթներ։ Սա անձնական փորձով առցանց տիրույթում երեխային ուղղորդելու շատ լավ օրինակ է։ Սա նաև ծնողների համար լավ հնարավորություն է՝ կրճատելու այն անդունդը, որը մեր սերունդների միջև կա առցանց տեխնոլոգիաների ընկալման և կիրառման առումով։
- Կարդացե՛ք նաև «Երեխաները ինչպե՞ս կարող են պաշտպանվել համացանցում» հոդվածը։
Վարժություն, որ կօգնի ձեզ գնահատել համացանցում երեխայի անձնական տվյալների հասանելիությունը
Առաջարկում ենք ձեր երեխայի հետ միասին դիտել ստորև դրված տեսանյութը և հետո խնդրել երեխաներին դիտարկել իրենց սոց մեդիայի էջերը՝ գրառումներով և ամեն ինչով հանդերձ, և հասկանալ, թե ինչ տեղեկատվություն կարող է իրենց մասին քաղել երրորդ անձը՝ դիտելով իրենց էջերը։ Եթե այնպիսի տեղեկատվություն է, որ դուք հանգիստ կարող եք տրամադրել ցանկացած անձի, հետևաբար ամեն ինչ լավ է։ Բայց եթե կան բաներ, որ այդքան էլ հարմար չեք զգա, որ անծանոթները իմանան, ապա որոշ փոփոխություններ պետք է անեք։ Հաշվի առնելով, որ այս տեղեկատվությունը հասանելի է թե՛ բարի, թե՛ չար մարդկանց, զգո՛ն և ուշադիր եղեք էջի տեղեկատվությունը գնահատելիս։ Կանխավարկածը պետք է լինի, որ այս պարագայում «թշնամիները» շատ են, այն էլ՝ թաքնված։
Ողջ տեղեկատվությունը ձեռք է բերվել երեխաների սոցիալական մեդիայի էջերից…Ուշադիր և զգոն եղի՛ր: Այն, ինչի մասին խոսում ես սոցիալական մեդիայի քո էջերում, այն, ինչ տարածում ես, տեսնում են միլիոնավոր մարդիկ:
Հարց 2։ Այս օրերին դու նույնպես աշխատում ես տնից ու բավականին ծանրաբեռնված, քանի որ արտակարգ իրավիճակով պայմանավորված՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցության կարիքն այսօր ավելին է, քան երբևէ։ Վիկտորիա՛, կպատմես, թե ինչպես է հաջողվում աշխատել տնից։
Վիկտորիա։ Բոլորս այսօր նույն նավի մեջ ենք։ Փաստորեն անհրաժեշտ է համատեղել ամբողջ դրույքով աշխատանքը երեխաների հեռավար ուսուցման և դեռ դպրոցական տարիքի չհասած երեխաների առօրյայի կազմակերպման, խնամքի և ժամանցի հետ։ Մեր տանը չաշխատող մեծահասակ չկա, ով կարող է աջակցել։ Հետևաբար ես ունեմ աշխատանքը, դպրոցահասակ իմ երեխային հեռավար ուսուցման դեպքում անհրաժեշտ աջակցությունը և մանկապարտեզահասակ տղայիս համար օրը գոնե մի քիչ հետաքրքիր դարձնելը համատեղելու խնդիր։
Իհարկե, պարզ է, որ հնարավոր չէ աշխատել այնպես, ինչպես գրասենյակում ենք աշխատում։ Այսինքն՝ առավոտյան նստել համակարգչի առջև, անել որոշ ընդմիջումներ և ժամը 18:00-19:00-ին վերադառնալ տուն։ Լուծումը, որ ինձ համար գտել եմ, ճկուն գրաֆիկով աշխատանքն է։ Ես փորձում եմ հասկանալ օրվա ընթացքում այն բոլոր իրադարձությունները, որոնք ֆիքսված ժամ ունեն և որտեղ անհրաժեշտ է իմ ներկայությունը՝ առցանց կատարվող ժողովներ, հանդիպումներ և այլն։ Պայմանավորվում եմ երեխաներիս հետ, որ այդ ժամանակ նրանք պետք է զբաղվեն իրենց գործերով։ Մնացած ամբողջ ժամանակը բաժանում եմ փուլերի, որտեղ ես աշխատում եմ, և ինձ չեն խանգարում, հետո զբաղվում եմ խնամքի և այլ տնային գործերով՝ փորձելով ներառել նաև երեխաներիս, հետո կրկին զբաղվում եմ իմ աշխատանքով և ինձ չեն խանգարում։
Իհարկե, աշխատանքային օրը այդպես ձգվում է, և այն չի ավարտվում ժամը 18:00-ին, այլ ավարտվում է այն ժամանակ, երբ կատարվում է այդ աշխատանքը։ Բայց, միևնույն ժամանակ, հնարավորություն է լինում համատեղել աշխատանքը անհրաժեշտ այլ կենսական ֆունկցիաների հետ։ Մենք նոր բացահայտումներ ենք անում, փորձում ենք դրականը տեսնել ու շարունակում ենք սովորել ապրել այս թվային աշխարհում։