Skip to main content
Հետադարձ կապ

Սոցիալական ցանցերն արդյո՞ք վատ են անդրադառնում դեռահասների հոգեկան առողջության վրա

Եթե ծնվել եք 1995 թվականից հետո, ապա չեք հիշի կյանքն առանց համացանցի: Սմարթֆոնների և սոցիալական ցանցերի միջոցով շփումներն այժմ դարձել են երեխաների և դեռահասների կյանքի անբաժանելի մասը: Նրանցից շատերն ունեն առցանց շփումների դրական փորձ, սակայն կան ռիսկեր՝ ներառյալ այն, որ սոցիալական ցանցերի գերօգտագործումն ի վերջո կարող է վնասել նրանց հոգեկան առողջությանը: Երևույթը դեռ ուսումնասիրվում է, բայց մի բան արդեն անհերքելի էսոցիալական ցանցերը երիտասարդների կյանքում մեծ տեղ են գրավել:

Ի սկզբանե նախատեսվել են մշտական օգտագործման համար

Գաղտնիք չէ, որ սոցիալական հարթակները ջանում են օգտագործողների ուշադրությունը հնարավորինս երկար գրավել՝ հստակ գիտակցելով մեր ինքնահաստատվելու ցանկությանը և մերժված լինելու վախին առնչվող հոգեբանական խոցելիությունը: Սոցիալական ցանցերի չափազանց պասիվ օգտագործումը` պարզապես գրառումների դիտումը, կարող է վնասակար լինել առողջության համար և առաջացնել նախանձի, անբավարարվածության, կյանքից դժգոհության զգացումներ: Ուսումնասիրությունները նույնիսկ ցույց են տվել, որ դա կարող է հանգեցնել ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի (ՈՒՊԳՀ), ընկճախտի, տագնապի, քնի խանգարման:

Շատ ապացույցներ են պետք այս բացահայտումները վերջնական համարելու համար: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ ամբողջ աշխարհում աճել է ընկճախտ ունեցող մարդկանց թիվը, և որ հոգեկան հիվանդությունների կեսն ի հայտ է գալիս 14 տարեկանից, հնարավոր խնդիրներն ունեն բավարար հիմք դրանք հետագայում ուսումնասիրելու համար:

Մի շարք երկրների կառավարություններ, սոցիոլոգներ, հոգեբաններ նաև մտահոգություն են հայտնել, որ այսօր երեխաները չափազանց շատ ժամանակ են ծախսում հեռախոսային շփումների վրա և բաց են թողնում այլ կարևոր սոցիալական իրադարձություններ:

Միայնության զգացումի խորացում

«Հավանումները» կարող են ժամանակավորապես թեթևացնել միայնության զգացումը, բայց չեն կարող ամբողջությամբ փոխարինել իրական շփմանը: Դեռահասները, որոնք իրենց միայնակ են զգում անցանց ռեժիմում և սոցիալական ցանցերն օգտագործում են շփման կարողությունների պակասը լրացնելու նպատակով, հետագայում կարող են ավելի միայնակ զգալ:

Բովանդակալից հարաբերությունները, որ ձևավորվում են դեմ առ դեմ հաղորդակցությամբ` բանավոր և ոչ բանավոր նշանների միջոցով, հուսալի աղբյուր են անձնական բավարարվածության և երջանկության համար: Էմոջին կամ ծիծաղի «ԼՕԼ» նշանը կարող են առաջացնել կապվածության մակերեսային զգացումներ, մինչդեռ դեմ առ դեմ հաղորդակցությամբ ձևավորվում են ավելի բովանդակալից հարաբերություններ` մարմնի (ժեստերի) լեզվի, հպման, դեմքի արտահայտությունների, ինչպես նաև ձայնի հնչերանգի և նրբերանգների միջոցով զգացմունքների մեկնաբանման շնորհիվ: Այս ամենը հաճախ կորչում է թվային աշխարհում:

Դեռահասները հաճախ առցանց խոսում են այն մարդկանց հետ, որոնց հետ շփվում են նաև համացանցից դուրս: Եթե դա լինում է չափավոր, ապա սոցիալական ցանցերի նման գործածությունը թույլ է տալիս դեռահասներին պահպանել կապն ընկերների, դասընկերների, հարազատների հետ և նույնիսկ կարող է բարելավել նրանց` համացանցից դուրս հարաբերությունները: Խնդիրներ կարող են առաջանալ այն ժամանակ, երբ դեռահասները առցանց զրույցները գերադասում են բոլոր տեսակի սոցիալական շփումներից, կամ երբ չափազանց պասիվ թերթելու հետևանքով կլանում են ավելի շատ տեղեկատվություն, քան անհրաժեշտ է:

«Հավանելու» հնարավորությունը բովանդակալից հաղորդակցությունը խթանելու փոխարեն կարող է սահմանափակել մեկնաբանությունների փոխանակումը: Այն նաև կարող է նմանվել հասարակական վարկանիշավորման համակարգի, որը որոշ դեռահասների շրջանում առաջացնում է քննադատված և մերժված լինելու զգացումներ, ինչի հանդեպ շատ դեռահասներ արդեն իսկ չափազանց դյուրազգաց են:

Կիբերբուլինգ

Անապահովության զգացումը խորանում է սոցիալական ցանցերում իրենց հասակակիցների վարքագծի հետևանքով: «Բռնարարները» կարող են ստեղնաշարի մեկ հպումով տարածել բռնություն պարունակող, վիրավորական, նվաստացուցիչ խոսքեր և նկարներ:

Թեև բռնությունը տեղի է ունենում թվային աշխարհում, հետևանքները շոշափելի են իրական աշխարհում: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կիբերհալածանքի զոհերն ավելի շատ են օգտագործում ալկոհոլ և թմրանյութեր և խուսափում դպրոց հաճախելուց, քան մյուս աշակերտները: Նրանք նաև ավելի շատ են ցածր գնահատականներ ստանում և ունենում թերարժեքության զգացում և առողջական խնդիրներ: Ծայրահեղ դեպքերում կիբերհալածանքը կարող է հանգեցնել ինքնասպանության:

Առողջ սովորությունների ձևավորում

Սոցիալական ցանցերում առողջ սովորությունների ձևավորումը կարևոր նշանակություն ունի հոգեկան առողջության վտանգների կանխարգելման համար: Սոցիալական ցանցերից պետք է օգտվել չափավոր՝ ընտանիքի և ընկերների հետ իրական շփման ժամանակին համահունչ: Այդ սահմանը բնականաբար կախված է անհատի տարիքից, բնավորության գծերից և միջավայրից: Այնուամենայնիվ, դեռահասների առցանց կարդացած նյութերի բովանդակությունը և նրանց մասնակցությամբ առցանց գործողություններն ավելի կարևոր ազդեցություն ունեն, քան համացանցում փաստացի անցկացված ժամանակը:

Հանրային գրառումներ կատարելու և էջը պասիվ թերթելու փոխարեն, որն ի վերջո հանգեցնում է «հավանումների» քանակի համեմատության, ավելի օգտակար կլինի սոցիալական ցանցերն օգտագործել հարաբերությունների ամրապնդման համար՝ մեկնաբանությունների և հաղորդագրությունների միջոցով ակտիվացնելով անհատական շփումը մտերիմ ընկերների հետ:  

Լսե´ք դեռահասներին

Թեև մեծահասակներն իրավացիորեն անհանգստանում են սոցիալական ցանցերի գերօգտագործման հետևանքների համար, դեռահասներն իրավունք ունեն կարծիք արտահայտելու իրենց հուզող հարցերի շուրջ: Այնուամենայնիվ, նման քննարկումների ժամանակ նրանց հետ հազվադեպ են խորհրդակցում: Դեռահասների կարծիքը և փորձը կարևոր են նորաստեղծ քաղաքականության և գործելակերպի ուղղորդման համար: Ի վերջո, երիտասարդները հաճախ տեխնոլոգիաների կիրառման ավելի մեծ փորձ ունեն և մանկուց օգտագործել են դրանք որպես հաղորդակցության, ժամանցի և տեղեկատվության հիմնական ձև:

Մասնավոր հատվածի դերը

Որպես սոցիալական ցանցերում հեղափոխության ջատագովներ` տեխնոլոգիական ընկերությունները և նախագծողները պետք է առաջարկեն երիտասարդ օգտատերերին հարմար գործիքակազմ, որը կօգնի ծնողներին՝ ստեղծելու տարիքային համապատասխան միջավայր: Նրանք կարող են նաև փոխել կառուցվածքը՝ միջավայրն ավելի նպաստավոր դարձնելով բովանդակալից զրույցների, քան թերթելու և հավանելու համար:

Թեև դա կարող է հակասել նրանց ֆինանսական ձգտումներին, բայց էթիկական սկզբունքներով ստեղծված կառուցվածքը կծառայի ավելի հեռահար նպատակի` օգնել սոցիալական ցանցերում դեռահասների առողջ սովորությունների ձևավորմանը:

Նույնաբովանդակ այլ նյութեր