Ինչպես խոսել դաշտանային ցիկլի մասին երեխաների հետ
Դաշտանային ցիկլը կյանքի բնականոն մաս է, բայց ամեն ծնող չէ, որ կարողանում է այդ մասին իր աղջկա հետ ազատ խոսել:
Եթե աղջիկ երեխան չգիտի՝ ինչ ակնկալել իր առաջին դաշտանային ցիկլից, ապա նա կարող է բախվել սաստիկ անհանգստության և վախի հետ, ինչպես նաև բազում հարցեր ունենալ: Աղջիկները պետք է իմանան, որ դաշտանը նորմալ է, և նրանք կարող են հույս դնել ձեզ վրա վստահելի տեղեկատվություն և աջակցություն ստանալու համար:
Դաշտանային ցիկլի մասին զրույցը չպետք է անհարմարություն առաջացնի: Տարրական գիտելիք և պատրաստակամություն ունենալու դեպքում դուք կարող եք օգնել ձեր դստերը կառավարել դաշտանային ցիկլը՝ իրեն առողջ, տեղեկացված և պաշտպանված զգալով:
Ինչո՞ւ է անհրաժեշտ խոսել դաշտանային ցիկլի մասին
Դաշտանային ցիկլի մասին զրուցելը կօգնի ձեր դստերը պատրաստված զգալ և հետևել իր առողջությանը:
Դա կարող է նպաստել ցիկլի առավել հանգիստ ընթացքին՝ օգնելով նրան կառավարել ֆիզիկական գանգատները և էմոցիոնալ պոռթկումները, ինչպես նաև խուսափել ամոթից կամ ամաչկոտությունից:
Ցիկլի մասին խոսելը ձեր և ձեր դստերն ավելի կմտերմացնի:
Ինչպե՞ս սկսել զրույցը
Հարցրեք ձեր երեխային՝ ինչ նա արդեն գիտի դաշտանային ցիկլի մասին և ինչ կարծիք ունի դրա վերաբերյալ: Արդյո՞ք նրա ընկերուհիներից որևէ մեկի մոտ արդեն սկսվել է ցիկլը: Սա լավ հնարավորություն է շտկելու ցանկացած սխալ տեղեկատվություն, որ նա միգուցե լսել է:
Խոսե՛ք փաստերով
Դաշտանային ցիկլը նկարագրելիս պարզ լեզվով խոսեք: Ֆիզիոլոգիայի վրա կենտրոնանալը կօգնի բացատրել, որ այն մարմնի բնական, կենսաբանական գործընթաց է: Դուք կարող եք խոսել դաշտանի մասին՝ ասելով հետևյալը.
Երբ աղջիկները մեծանում են, նրանց մարմինն աստիճանաբար պատրաստվում է երեխա ունենալուն: Յուրաքանչյուր ամիս աղջիկների ձվարանները սկսում են հորմոններ արտադրել, որոնք արգանդի շուրջ լորձաթաղանթ են ստեղծում, որն էլ արդեն պատրաստ է լինում բեղմնավորված ձվաբջիջ ընդունել: Եթե ձվաբջիջ չի լինում, լորձաթաղանթը պատռվում է և հեշտոցից արյունահոսություն է սկսում: Ամեն ամիս արյունը և մի շարք այլ նյութեր առանձնանում են արգանդի լորձաթաղանթից: Սա դաշտանային ցիկլն է՝ դաշտանի մի մասը:
Շեշտե՛ք, որ դա բնական է
Հավաստիացրեք, որ դաշտանը աղջիկների զարգացման բնականոն գործընթաց է, որն սկսում է աղջիկների մոտ սովորաբար 8-16 տարեկանում:
Խոսե՛ք ընթացքի մասին
Առաջին դաշտանային ցիկլի ժամանակ աղջիկները բազում փոփոխություններ են զգում: Նրանց կրծքերը մեծանում են, մարմնի մազերը սկսում են աճել, իսկ կոնքերը լայնանում են: Հորմոնները կարող են ազդել աղջիկների հույզերի և տրամադրության վրա: Ասեք ձեր դստերը, որ այս փոփոխություններից վախենալու կամ ամաչելու որևէ պատճառ չկա:
Մարզվելը, խորը շնչելը և ձգումները լավ տարբերակ են դաշտանային ցիկլի ընթացքում տրամադրության փոփոխությունները կառավարելու համար:
Երբեմն դաշտանային ցիկլի ընթացքում կարող են որովայնային ցավեր ի հայտ գալ: Ամեն ամիս և յուրաքանչյուր աղջկա դեպքում դա կարող է տարբեր լինել: Կարճ զբոսանքները, կանոնավոր քունը, շատ ջուր խմելը և բժշկի ցուցմամբ նշանակված դեղորայքը կարող են մեղմել ցավը:
Տրամադրության անկումը կամ ցավերը կանխարգելելու գործում ոչ պակաս կարևոր է բալանսավորված սննդակարգը:
Խրախուսե՛ք ֆիզիակական ակտիվությունը և առողջ սնվելը
Վստահեցրեք ձեր դստերը, որ նա կարող է շարունակել անել այն ամենն, ինչ սովորաբար անում է:
Կանոնավոր մարզվելը և առողջ սնունդը կարևոր են ձեր դստեր ֆիզիկական և հոգեկան առողջության համար: Թեթև մարզումները, ինչպես օրինակ, զբոսնելը կարող են օգնել թուլացնել դաշտանային ցավը և կանխել ջղաձգումները:
Ձեր դուստրը դաշտանային ցիկլի ընթացքում կարող է շարունակել ուտել և խմել ցանկացած բան, ինչն իր առողջ սննդակարգի մասն է կազմում: Բայց հատկապես կարևոր է, որ նա երկաթով և ֆոլաթթվով հարուստ սնունդ ընդունի, քանի որ դրա պակասը կարող է կենտրոնացման դժվարություններ առաջացնել, ինչպես նաև հոգնածության և դեպրեսիայի պատճառ դառնալ:
Ներկայացրե՛ք դաշտանի համար անհրաժեշտ հիգիենայի պարագաները
Մեկանգամյա օգտագործման միջադիրներ, բազմակի օգտագործման միջադիրներ, տամպոններ, կտորեղեն, դաշտանային բաժակներ և սկավառակներ կամ ներքնազգեստ՝ այս բոլորը դաշտանային ցիկլը ապահով և մաքուր անցկացնելու պարագաներն են: Պարագայի ընտրությունը շատ անձնական է, ուստի կախված է նրանից, թե որն է հարմար ձեր աղջկա համար:
Օգնեք նրան հասկանալ, թե ինչպես է պետք օգտագործել դաշտանի համար նախատեսված պարագաները: Սկզբնական շրջանում աղջիկները, միգուցե, աջակցության կարիք ունենան, որպեսզի ճիշտ կարողանան տեղադրել և օգտագործել այդ պարագաները:
Հիշեցրեք նրան, որ դաշտանային ցիկլի համար նախատեսված պարագաները պետք է պարբերաբար փոխել՝ կախված պարագայից և դաշտանային հոսքից: Տամպոնները հաճախ է պետք փոխել՝ 4-8 ժամը մեկ: Եթե նա դպրոցում օգտագործում է բազմակի օգտագործման միջադիր, կտոր կամ դաշտանային ներքնազգեստ, ապա նա պետք է օգտագործածը պայուսակով տուն բերի լվանալու համար:
Լավ միտք է դպրոցական պայուսակում դաշտանի համար նախատեսված պարագաներ ունենալը, որպեսզի երբ իր դաշտանային ցիկլը հանկարծակի սկսի կամ երբ ընկերուհին կարիք ունենա, նա պատրաստ լինի:
Չմոռանաք նրա դաշտանային ցիկլի նախընտրելի պարագաների հավելյալ պաշար ունենալ տանը:
Պատասխանեք նրանց հարցերին
Ձեր աղջիկը միգուցե արդեն հարցեր ունենա դաշտանային ցիկլի վերաբերյալ: Փորձեք նրանց տարիքին համապատասխան պարզ պատասխաններ տալ: Ահա մի քանի սովորական հարցեր և պատասխաններ՝ որպես օրինակ:
- Ե՞րբ է սկսելու իմ դաշտանային ցիկլը:
Ամեն աղջկա դեպքում տարբեր է, բայց այն սովորաբար սկսվում է 2 տարի անց այն բանից հետո, երբ աղջիկների կրծքերը սկսում են մեծանալ: Երբ աղջկա թևատակի և հեշտոցի հատվածի մազերն սկսում են աճել, դա նշան է, որ դաշտանային ցիկլը շուտով կսկսի:
- Որքա՞ն է այն տևելու:
Առաջին դաշտանային ցիկլը կարող է երկար չտևել. մարմնից մի քանի ամիս կարող է պահանջվել ցիկլին հարմարվելու համար: Երբ այն սկսի, դու ամեն 23 կամ 38 օրը մեկ դաշտանային ցիկլ կունենաս, որը կտևի 2-8 օր:
- Ինչպիսի՞ն է այն լինելու:
Դաշտանային ցիկլը տարբեր կերպ կարող է լինել: Հոսքի գույնը հաճախ փոխվում է ցիկլի ընթացքում. սկզբում այն վարդագույն, կարմիր և ջրիկ է լինում, իսկ վերջում արդեն շագանակագույն, մածուցիկ և թանձր:
- Որքա՞ն կարյունահոսեմ:
Առաջին դաշտանային ցիկլի ընթացքում միգուցե արյան հոսքը շատ չլինի, բայց երբ արդեն այն դառնում է կանոնավոր, մոտավորապես 1-5 ճաշի գդալի չափ արյուն է հոսում:
Ե՞րբ է պետք սկսել խոսել դաշտանային ցիկլի մասին
Շատ աղջիկների մոտ դաշտանային ցիկլը սկսվում է 12 տարեկանում, այնուամենայնիվ, այն կարող է սկսվել նաև 8 տարեկանում: Ուստի, ցանկալի է աղջկա հետ զրուցել դրա մասին որքան հնարավոր է վաղ տարիքում: Կարևոր է նաև պարբերաբար անդրադառնալ ցիկլին առնչվող ֆիզիակական և հոգեկան փոփոխությունների մասին:
Աղջկա առաջին դաշտանային ցիկլից առաջ այդ մասին խոսելը լավագույն տարբերակն է համոզված լինելու, որ նա պատրաստ է դրան և գիտի, որ դա բնական գործընթաց է, որից չպետք է վախենալ և/կամ ամաչել:
Միանգամից շատ տեղեկատվություն տալու փոխարեն փորձեք հարմար պահ գտնել դրա մասին խոսելու համար, ինչպես օրինակ.
- երբ նա հարցնում է սեռահասունացման կամ իր մարմնի փոփոխությունների մասին,
- եթե նա հարցնում է, թե ինչպես են ծնվում երեխաները,
- եթե նա դաշտանային ցիկլի համար նախատեսված հիգիենայի պարագա է տեսնում,
- երբ ինքներդ եք դաշտանային ցիկլի փուլում:
Առողջ սովորություններ և հիգիենա
Դաշտանային ցիկլի ընթացքում առողջ սովորություններ և պատշաճ հիգիենա պահպանելը կարող է կանխել վարակները, ազատել տհաճ հոտից և օգնել ձեր դստերը հարմարավետ և ինքնավստահ զգալ: Ահա մի քանի բան, որ կարող եք ասել նրան.
- Դաշտանային ցիկլի ընթացքում կանոնավոր լվացվիր վարակներից խուսափելու համար:
- Մաքուր պահիր սեռական օրգանները՝ հեշտոցի շուրջ և դրանից ներքև գտնվող հատվածն ամեն օր լվանալով:
- Ջուրն օգտագործիր միայն վուլվան թեթև լվանալու համար, հեշտոցն ինքնամաքրվող օրգան է:
- Պետքարան գնալուց կամ դաշտանի պարագաները փոխելուց առաջ և հետո անպայման լվա՛ ձեռքերդ օճառով:
- Դաշտանի համար մեկանգամյա օգտագործվող իրերն աղբարկղը նետի՛ր և ոչ զուգարանակոնքի մեջ, քանի որ այն խցանում կառաջացնի:
- Կրի՛ր թեթև, շնչող, բամբակյա ներքնազգեստ: Ձիգ կտորը խոչընդոտում է մաշկի ջերմակարգավորումը՝ այդպիսով թույլ տալով մանրէներին զարգանալ:
- Շատ հեղուկ խմի՛ր չջրազրկվելու և վերարտադրողական համակարգի վարակները կանխելու համար:
Ձեր դաշտանային ցիկլին հետևելը կարևոր է: Այն լավ պատկերացում կարող է տալ ընդհանուր առողջության մասին և օգնել ավելի պատրաստ լինել հաջորդ ցիկլին: Դուք կարող եք տեսնել ձեր ցիկլի շրջանը օրացույցի վրա, օրինակ, Oky հավելվածի շնորհիվ, որը մշակվել է աղջիկների հետ և աղջիկների համար:
Ե՞րբ դիմել բժշկի
Եթե ձեր դստեր դաշտանային ցիկլն ազդում է նրա ամենօրյա կյանքի վրա կամ անսպասելի փոփոխություններով է ընթանում, ապա պետք է դիմել մանկական գինեկոլոգի, հատկապես երբ
- դաշտանային ցիկլն այնքան ցավոտ է, որ աղջիկը չի կարողանում կանգնել կամ քայլել,
- նա սովորականից շատ է արյունահոսում,
- երկար ժամանակ չի արյունահոսում,
- ցիկլերի միջև ևս արյունահոսում է:
Դաշտանային ցիկլը կարող է ուշանալ քաշի կտրուկ նվազման, լարված մարզումների, սթրեսի կամ հորմոնային խանգարումների պատճառով: Եթե աղջկա դաշտանային ցիկլը չի սկսում մինչև 16 տարեկանը, ապա անպայման դիմեք մանկական գինեկոլոգի: Բացատրեք ձեր աղջկան, որ եթե մի բան այն չէ, ապա կարևոր է բժշկի այցելելը և մասնագիտական աջակցություն ստանալը:
Խոսեք դաշտանային ցիկլի մասին նաև տղաների հետ
Շատ տղաներ որևէ գիտելիք չունեն դաշտանային ցիկլի մասին և չգիտեն՝ ինչպես աջակցել իրենց քույրերին և աղջիկ ընկերներին այդ ընթացքում: Որոշները, գուցե, անգամ կատակեն և ճնշեն նրանց:
Դաշտանային ցիկլի մասին կարևոր է խոսել տղաների հետ, որպեսզի.
- Ուղղեք դաշտանի վերաբերյալ թյուրընկալումները և տրամադրեք ճիշտ տեղեկատվություն:
- Օգնեք կոտրել դաշտանի թեմայի շուրջ առկա խարանի շղթան: Դաշտանային ցիկլի վերաբերյալ խոսակցությունները տղաների հետ կարող են օգնել նրանց հասկանալ, որ դա միանգամայն բնական է և պետք չէ թեման ծաղրի վերածել:
Խոսեք դասղեկի հետ
Դաշտանային ցիկլի առաջին օրերին աղջիկները երբեմն կարող են խուսափել դպրոց հաճախել ընկերների կողմից ճնշումների, պետքարանի անհարմարավետ վիճակից կամ այլ պատճառներից ելնելով: Ֆիզիկական անհարմարությունը և որովայնային ցավը կարող են դժվար կենտրոնացման պատճառ դառնալ, իսկ դպրոցի ժամերին ոչ պատշաճ հիգիենան կարող է վարակներ առաջացնել և ազդել աշակերտի առողջության վրա:
Խոսեք ձեր երեխայի դասղեկի հետ՝ պարզելու, թե ինչպես է դպրոցի բուժկետը գործում աղջիկների որովայնային ցավեր ունենալու դեպքում կամ ինչպես կարող է ձեր երեխան պահպանել իր հիգիենան դպրոցի ժամերին: Մի քանի հարց, որ կարող եք միասին քննարկել.
- Արդյո՞ք դպրոցն ունի դաշտանային ցիկլի համար նախատեսված պարագաներ, որ կարող է տրամադրել աղջիկներին: Ինչպե՞ս կարող են ձեռք բերել դրանք:
- Արդյոք կա՞ն աղջիկների համար նախատեսված պետքարաններ, որոնք բավարար ընդարձակ են և դռներն ունեն աշխատող փական:
- Արդյո՞ք պետքարանները ունեն բավարար ջրամատակարարում և կափարիչներով աղբարկղեր օգտագործված միջադիրների համար:
- Արդյոք կա՞ պետքարանի մաքրության համար պատասխանատու անձ: Ի՞նչ հաճախականությամբ են նրանք մաքրում այն:
- Լվացարաններն ապահովվա՞ծ են օճառով:
- Արդյո՞ք դասղեկը կամ այլ համապատասխան ուսուցիչ պատրաստ է և կարող է խոսել դաշտանի թեմայի շուրջ առկա խարանի մասին աշակերտների հետ: