Օգնել երեխային հաղթահարել բարդույթները
Դեռահասությունը բնութագրվում է նաև բարդույթների «ծաղկունքով»: Երեխայի կյանքում առաջանում են նախկինում անծանոթ երևույթներ՝ փոփոխություններ թե՛ հոգեկան աշխարհում, թե՛ մարմնի վրա, որոնց դեռահասը միշտ չէ, որ կարողանում է հանդարտ հետևել:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը, որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անդրադառնում է դեռահասի կյանքի այս «դժվար փուլում» տեղի ունեցող փոփոխություններին:
Ապրումների ու զգացողությունների պակաս չունեցող դեռահասը հաճախ մտածում է, որ սիրված չէ, միայնակ է, այնպիսին չէ, ինչպիսին կցանկանար լինել: Փոխվում են նրա ինքնաընկալումը, ինքնագնահատականը, ինքնավերաբերմունքը: Այս ամենը դեռահասին շարունակաբար տհաճ զգացողություններ է պարգևում, որոնք ծնողը չպետք է անտեսի:
Հարցին անդրադառնում է «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը: Նա նշում է, որ այս տարիքում երեխաներն առավել դժվար են ընկալում իրենց մարմնի հետ տեղի ունեցող փոփոխությունները․ չէ՞ որ այն կտրուկ փոփոխության է ենթարկվում, հաճախ՝ ոչ համաչափորեն: Գունապնակը հարստացնում է այն հանգամանքը, որ դեռահասին հաճախ թվում է, թե այդ փոփոխությունները տեղի են ունենում միայն իր կյանքում, միայն իր մարմնի հետ, և նա մյուսներից իրեն առանձնացված է զգում: Այս և նմանատիպ մտահոգությունները դեռահասին կարող են հանգիստ չտալ առնվազն մեկ, մեկուկես տարի, այն պահից, երբ սկիզբ է առնում սեռահասունացումը:
Տարբեր երեխաների մոտ այս փուլը տարբեր տարիքում է սկսվում, երբեմն՝ շատ վաղ՝ 11-12 տարեկանից, և արագ ավարտվում: Մյուսների մոտ կարող է սկսվել ավելի ուշ և ավարտվել 18-19 տարեկանում:
Այս ժամանակաշրջանում աղջիկներն առավել հաճախ են խոսում իրենց հետ տեղի ունեցող փոփոխություններից, քան տղաները, բայց նրանք ևս նմանատիպ ապրումներ են ունենում: Մարմնի կառուցվածքի հետ փոփոխությունները դեռահասների մոտ հաճախ զուգակցվում են հագուստի ոճի փոփոխությամբ․ նրանք անում են հնարավորը՝ թաքցնելու իրենց մարմինը:
Ծնողի ներկայությունը դեռահասի կյանքում այս ժամանակաշրջանում է՛լ ավելի է կարևորվում: Պետք չէ խուսափել խոսել դեռահասի հետ «այդ» թեմաների շուրջ: Փոխարենը՝ պետք է հստակ երեխային բացատրել, թե ինչ է իր հետ կատարվում, և որ այդ ամենը բնական է…
Դեռահա՞ս ունեք տանը: Դիտե՛ք տեսանյութը՝ այս անցումային ժամանակաշրջանում ձեր երեխային հնարավորինս աջակցելու մասին մասնագետի խորհուրդներին ծանոթանալու համար:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: