Սովորելու ցանկության մասին
Կրթական գործընթացը դյուրին բան չէ, երեխայի մեջ սովորելու ցանկություն արթնացնելն ու այն պահպանելը՝ է՛լ ավելի: Բոլորս ենք ցանկանում պրպտող, հետաքրքրասեր, դպրոցում «լավ սովորող» երեխա դաստիարակել, բայց միշտ չէ, որ հաջողում ենք: Կրթական գործընթաց կոչվող երկար ու ձիգ ճանապարհին ծնողի մոտ առաջացող հարցերը շատ են, պատասխաններն ու տարատեսակ խնդիրների լուծումները՝ ոչ միշտ հասանելի: Հետևանքը, կրթության հանդեպ սերը կորցրած երեխա: Ի՞նչն այնպես չի ստավում, որտե՞ղ է սխալվում ծնողն, ու ի՞նչ պիտի անի դպրոցը, որպեսզի երեխան չկորցնի կրթական մոտիվացիան:
ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամամբ, Առաջին ալիքի հետ համագործակությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ եթեր հեռարձակվող ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ծնողի անկյուն» հաղորդաշարն այս անգամ անդրադառնում է վերոհիշյալ հարցերին:
Ինչպես նշում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի կրթական ծրագրերի ղեկավար Ալվարդ Պողոսյանը, կա մի պարզ ճշմարտություն՝ երեխան սովորում է այն և զբաղվում է այն ամենով, ինչ իրեն հետաքրքրում է: Իսկ կրթական պահանջներն ու մեթոդները, որոնք ձևավորվել են 20-րդ դարում, 21-րդ դարի միջավայրում այլևս ի վիճակի չեն երեխայի մոտ վառ պահելու հետաքրքրության կայծը: Ավելին, ոչ բոլորն են այսօր համաձայն ուսուցման երեխայակենտրոն մոդելի հետ, երբ կրթական մեթոդաբանությունը հիմնվում է երեխայի՝ մինչ այս ունեցած գիտելիքի, փորձի, հմտությունների ու կարողությունների վրա, և երբ դպրոցում երեխայի համար հարմարավետ միջավայր է ստեղծվում:
Հայաստանում իր գործունեության առաջին իսկ տարիներից ՅՈՒՆԻՍԵՖ-ը Կրթության և գիտության նախարարության հետ համագործակցությամբ ձգտել է փոփոխություն բերել կրթական գործընթացներում Կյանքի հմտություններ ծրագրով, իսկ այսօր արդեն իրականացնում է Առողջ ապրելակերպ փորձնական ծրագիրը Տավուշի մարզում:
Կրթական գործընթացում տիկին Պողոսյանը հատկապես առանձնացնում է ուսուցչի դերը՝ նշելով, որ ուսուցչի և աշակերտների միջև պետք է հաստատվեն գործընկերային հարաբերություններ, ձևավորվի վստահելի մթնոլորտ, որպեսզի երեխան չվախենա և ցանկություն ունենա իրեն հետաքրքրող հարցեր տալ:
Տեսանյութում հարցին անդրադառնում է նաև «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Տաթևիկ Աբրահամյանը: Նա հատկապես կարևորում է ծնողի համառությունը կրթական գործընթացի նկատմամբ և ամենափոքր տարիքից սովորելու մշակույթի սերմանումը: Երեխայի կյանքում մանկապարտեզից դեպի դպրոց փոփոխությունը շատ մեծ է: Շատ հաճախ է պատահում, երբ երեխաները կրթական մոտիվացիան կորցնում են հենց առաջին դասարանում, քանի որ շատերի համար կրթական ծրագիրը բարդ է լինում, կրթական նյութերը շատ, դժվարընկալելի, ոչ արդիական: Իսկ երեխան սիրում է սովորել այն, ինչը նա կարող է կիրառել դասից դուրս գալով:
Իհարկե քիչ չեն դեպքերը, երբ աշակերտը կրթական մոտիվացիան կորցնում է կոնկրետ առարկայի նկատմամբ կոնկրետ ժամանակահատվածում և հաճախ ծնողները, խնդրի սկզբնաղբյուրը գտնելու, պատճառները հասկանալու փոխարեն, պարզապես ստիպում, պարտավորեցնում են երեխային դասը սերտել՝ դրանով խանգարելով կրթական գործընթացին:
Տաթևիկ Աբրահամյանը խիստ կարևորում է աշակերտ -ուսուցիչ- ծնող եռակողմ կապը՝ կրթական գործընթացում ճիշտ նավարկելու և ավելիին հասնելու համար:
Ուսումնական գործընաթում երեխայի հետ վեճ-վիճաբանություններից խուսափելու համար ավելին իմանալու, արձակուրդների ընթացքում երեխայի ժամանակը ճիշտ կազմակերպելու և ամառային դպրոցների ճիշտ ընտրության մասին իմանալու համար՝ դիտեք տեսանյութը:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: