Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպե՞ս արձագանքել երեխայի հույզերին

ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ծնողի անկյունը», որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, այս անգամ անդրադառնում է հույզերի աշխարհին: Բոլոր հույզերը հատուկ են մարդուն: Երեխայի հույզերի աշխարհը, իր հերթին, հարուստ է, ինքնաբուխ, արտահայտչական առումով՝ սուր: Ինչպե՞ս ճանաչել և կառավարել հույզերը, - այս մասին խոսում է «Ծնողի դպրոց» հ/կ հոգեբան Արմինե Վարդանյանը:

Նա նշում է, որ հույզերը մեր կյանքում, այսպես ասած, ինդիկատորի դեր ունեն և հնարավորություն են տալիս մեզ գնահատելու իրավիճակը, ուղղորդելու մեր վարքը: Կարևոր է ճանաչել սեփական հույզերը, հուզականորեն գրագետ լինել, որպեսզի կարողանանք ճիշտ արձագանքել և կառավարել մեր երեխաների հույզերը: «Ոսկե կանոնը» հուշում է՝ այն ինչ ճանաչելի է, կառավարելի է:

Իսկ որպեսզի հասկանանք երեխայի հույզերը, կարևոր է փորձել ճնշել ոչ ռացիոնալ սեփական մտքերը, ուշադիր լսել երեխային՝ հասկանալու, թե ինչ է երեխան փորձում փոխանցել մեզ, ճի՛շտ հասկանալ, թե կոնկրետ ի՛նչն է երեխայի լացի պատճառը:

Հաճախ մենք՝ ծնողներս, երեխայի հույզերի արտահայտման հետ կապված մտավախություններ, տագնապներ ունենալով, մտածելով, որ արձագանքելով երեխայի հույզերին, ակամայից համաձայնելու ենք նրա հետ, թույլ չենք տալիս՝ երեխան արտահայտի իր հույզերը: Մինչդեռ հակառակը՝ հարկավոր է թույլ տալ երեխային ապրել կոնկրետ հույզը և դրա օգնությամբ հաղթահարել այն:

Պարզ եղանակներ կան, երեխաներին հույզերի հետ ծանոթացնելու համար, օրինակ՝ ամենափոքրիկներին հայելու առջև դիմախաղի միջոցով ցույց տալ ամոթ, զարմանք, ուրախություն, իսկ երբ երեխան հասկանում է խոսքը, քննարկել հույզերը հեքիաթների կամ մուլտֆիլմերի հերոսների օրինակով: Չենք մոռանում անվանել հույզերը՝ տխրություն, զարմանք, ուրախություն, զայրույթ, և այլն:

Հույզերի կոնկրետ դրսևորմանը լուծումներ առաջարկելը ևս կարևոր է: Այստեղ հարկավոր է հիշել, որ առաջարկված լուծումը տարիքին համապատասխան պետք է լինի: Օրինակ, երբ փոքրիկը զայրույթի պոռթկման պահին փորձում է հարվածել, «չի կարելիին» պետք է օգնության հասնեն թուղթն ու մատիտները, որպեսզի երեխան կարողանա խզբզոցի միջոցով դուրս տալ զայրույթը:

Հուզականորեն գրագետ երեխա մեծացնելը մեր՝ ծնողներիս պարտականությունն է, հույզերի կառավարման և դրսևորման մեր օրինակը՝ կարևոր:

Դիտե՛ք տեսանյութը և փորձեք մեխանիզմներ մշակել երեխայի հույզերի աշխարհը բացահայտելու և յուրաքանչյուրին ճիշտ արձագանքման եղանակ գտնելու համար:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր