Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես երեխային նախապատրաստել նախակրթարանին

Մանկապարտեզ գնալը մեծ քայլ է ինչպես ձեր երեխայի, այնպես էլ ձեզ համար: Միմյանցից առանձին ժամանակ անցկացնելը կարող է դժվար լինել, սակայն վաղ կրթության ճանապարհը պետք է սկսել։

1. Միասին հաճախեք մանկապարտեզ

Մինչ երեխային նախակրթարանում առաջին անգամ թողնելը, փորձեք նրա հետ նախապես մի քանի անգամ գնալ այնտեղ։ Միասին խաղացեք նախակրթարանի խաղահրապարակում, ծանոթացեք դասասենյակին: Այդպիսով, երբ նա սկսի իր առաջին օրը, կրթարանն արդեն ծանոթ վայր կլինի:

2. Նոր ընկերներ ձեռք բերեք

Եթե հնարավոր է, կազմակերպեք ձեր երեխայի և նրա ապագա դասընկերների համատեղ խաղը: Դա նրանց թույլ կտա ճանաչել միմյանց՝ նախքան կրթարան հաճախելը:

3. Տանը դպրոց-դպրոց խաղացեք

Խաղի ժամանակ ձևացրեք, իբրև մանկապարտեզում եք, որպեսզի ձեր երեխան գաղափար կազմի դրա մասին: Հերթով տարբեր դերեր ստանձնեք և տարբեր գործողություններ արեք, օրինակ՝ պատմություն պատմելու, երգելու և քնելու ժամերին արվող գործողությունները: Կարող եք նաև թույլ տալ, որ ձեր երեխան խաղա ուսուցչի դերը: Դա կօգնի նրան նախակրթարանը համարել զվարճալի վայր, ինչն էլ կնվազեցնի առաջին օրվա հետ կապված հուզմունքը:

4. Նախապատրաստվելը խաղի վերածեք

Միասին փորձեք կոճկել շորերը, պայուսակում անհրաժեշտ պարագաներ դնելը և վերարկուն կամ բաճկոնը կախիչից կախելը: Կոշիկ հագնելը ևս կարելի է խաղի վերածել. փորձեք, թե ով կարող է ավելի արագ անել դա:

5. Կիսվեք փորձով

Ձեր փոքրիկին պատմեք այն մասին, թե ինչպես եք առաջին անգամ կրթարան գնացել, ինչ զգացողություններ եք ունեցել, ինչ հիշողություններ ունեք: Եթե կարող եք, երեխային ցույց տվեք ձեր կամ երեխային ծանոթ այլ մեծահասակների մանկապարտեզային լուսանկարները, միասին զրուցեք նրանց մասին:

6. Առօրյա նոր ռեժիմ ձևավորեք

Նախակրթարան այցելելուց մի քանի շաբաթ առաջ սկսեք վարժվել քնելու և արթնանալու նոր ժամերին, որոնց երեխան պետք է հետևի նախակրթարանում: Քնելու ժամն այնպես կազմակերպեք, որ երեխան բավականաչափ քնի գիշերը, իսկ արթնանալու ժամն այնպես, որ դուք կամ երեխան ստիպված չլինեք շնչակտուր աջուձախ վազվզել առավոտյան: Եթե հնարավոր է, կարող եք անգամ ձևավորել կրթարան հաճախելու նախորդ երեկոյան քնելուց առաջ շորերը դասավորելու, առավոտյան միասին նախաճաշելու սովորություն:

7. Լսեք ձեր երեխային

Ձեր փոքրիկին հարցրեք կրթարան գնալու հետ կապված նրա զգացողությունների մասին, և բացատրեք, որ հուզվելը, անհանգստանալը կամ այլ հույզերը նորմալ են: Նոր բան սկսելը կարող է վախ և լարվածություն առաջացնել, բայց կարող է նաև շատ զվարճալի լինել: Խոսեք նաև կրթարանի առօրյայի մասին և հավատացրեք, որ օրվա ավարտին անպայման տեսնվելու եք։

8. Մշակեք հրաժեշտի ձեր տարբերակը

Ցտեսություն ասելը կարող է դժվար լինել ինչպես ձեր, այնպես էլ ձեր երեխայի համար: Երբ այդ ժամանակը գալիս է, ապա փորձեք բաժանումը անել արագ և դրական և երեխային ասեք, որ շուտով նորից կտեսնվեք: Կարող եք անգամ հրաժեշտի հատուկ ու յուրօրինակ ձև մտածել. միասին ինչ-որ երգ երգեք կամ ձեռքով հրաժեշտ տալու հատուկ ձև հորինեք:

> Լրացուցիչ հուշումների համար ընթերցեք. «Ինչպես կառավարել ծնողից բաժանվելու երեխայի տագնապը» հոդվածը։

 


Հոդվածի հեղինակ՝ Մենդի Ռիչ, թվային կոնտենտի հեղինակ, ՅՈՒՆԻՍԵՖ

Նույնաբովանդակ այլ նյութեր