Skip to main content
Հետադարձ կապ

Ով է հոգեբանը: Երբ դիմել հոգեբանի

Այսօր աստիճանաբար կոտրվում են այն կարծրատիպերը, որոնք մեզ հետ են պահել հոգեբանին դիմելուց: Շարքը, որը պատրաստել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հանրային հեռուստաընկերության և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, քայլերից մեկն է՝ միտված այդ կարծրատիպի նկատմամբ ընկալումները փոխելուն:

Տասնվեց մասից բաղկացած շարքի երկրորդ անդրադարձը (հղում առաջինին) պատմում է այն մասին, թե ով է հոգեբանը, որ դեպքերում է անհրաժեշտ դիմել նրա աջակցությանը և ինչ ակնկալել հոգեբանի հետ աշխատանքից: Թե՛ մեծահասակները, թե՛ դեռահասներն ու երեխաները հոգեբանի աշխատանքի տիրույթում են:

«Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Լուսինե Աղաբեկյանը զրույցի ընթացքում առանձնացնում է այն թերըմբռնումները, որոնք առնչվում են հոգեբան մասնագիտությանը, այն է՝

  • «Ես էլ եմ հոգեբան», երբ լսելու կարողություն ունեցող և խորհուրդներ տվող անձը ինքն իրեն հոգեբան է համարում:
  • Հոգեբան - հոգեբույժ մասնագիտությունների ոչ ճիշտ ընկալում: Այստեղ կարևոր է հիշել, որ հոգեբանը բժիշկ չէ և դեղորայք չի նշանակում:
  • Հոգեբանը գուշակ չէ: Հոգեբանի աշխատանքը գիտահեն է և միստիկայի տարրեր չի պարունակում:

Սակայն նույնիսկ այն պարագայում, երբ հոգեբանի աշխատանքի հետ կապված թյուրըմբռնումներ չկան, շատերիս մոտ է հաճախ հարց առաջանում՝ երբ դիմել հոգեբանի: Կարևոր է հիշել, որ պետք չէ սպասել, որ «դանակը ոսկորին հասնի»: Հոգեբանին պետք է դիմել անմիջապես, երբ նման կարիք է առաջանում: Պետք չէ հետաձգել՝ մտածելով, որ ինքներս մեր խնդիրները կարող ենք լուծել:

Հիշենք, որ պետք է դիմենք հոգեբանին, երբ հայտնվել ենք կյանքի դժվարին իրավիճակում, սրվել է մեր հուզական վիճակը, խորը ապրումներ ունենք վախերի, հարազատի կորստի կամ այլ խնդրի հետ կապված, անքնություն, կպչուն մտքեր, զայրույթի պոռթկումներ և այլն:

Հոգեբանը կաջակցի նաև, երբ երեխաների դաստիարակության, ծնողավարման հետ կապված խնդիրներ ունենք: Հաճախ ծնողներն ի վիճակի չեն լինում լուծելու երեխայի վարքի, վախերի, ապրումների հետ կապված հարցերը: Այս պարագայում հոգեբանի հետ աշխատանքն ու ծնողական խորհրդատվությունն ի վիճակի են փոխելու արձագանքման եղանակներն ու առաջացած խնդիրը լուծելու, օգնելու՝ արդյունավետ հաղորդակցվել երեխայի հետ:

Հոգեբանին դիմելիս պետք է հստակ հասկանալ, որ վերջինիս աշխատանքը վարկենական լուծում չի տալու. չկան կախարդական փայտիկներ: Առաջին հանդիպման ժամանակ հստակեցվում է խնդիրը, համապատասխան տեղեկատվություն հավաքագրվում, և հոգեբանն ու պացիենտը միասին են հասկանում հետագա աշխատանքի անհրաժեշտություն կա, թե՝ ոչ: Այնուհետև հաջորդում է 8-ից 12 հանդիպումների շարքը, սակայն չեն բացառվում նաև դեպքերը, երբ հոգեբանի աշխատանքը տևում է ամիսներ, նույնիսկ՝ տարիներ:

Այնպես որ, թուլության հետ մի՛ կապեք հոգեբանին դիմելու ցանկությունը: Բոլորս ունենք ներքին ուժ և համարձակություն հաղթահարելու առաջացած հոգեբանական խնդիրները: Պետք է միայն մի փոքր մասնագիտական աջակցություն:

Ներկայացնում ենք Հայաստանում հոգեկան առողջության և սոցիալ-հոգեբանական աջակցության ծառայություններ մատուցող կազմակերպությունների ցանկը:

Լսե՛ք Լուսինե Աղաբեկյանին և անհրաժեշտության դեպքում քայլ արեք հօգուտ հոգեկան առողջության:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր