Skip to main content
Հետադարձ կապ

Զայրույթի պոռթկում

Շարքը, որ ներկայացնում ենք ձեր ուշադրությանը, տասնվեց հետաքրքրաշարժ թեմաներից բաղկացած հաղորդաշար է՝ նվիրված ծնողներին, որը ստեղծել է ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հանրային հեռուստաընկերության և Ծնողի դպրոց հասարակական կազմակերպություն հետ միասին: Ծնողավարմանն անդրադարձող հաղորդաշարի առաջին թեման նկարագրում է այն իրավիճակներն ու լուծումները, որոնց մեզնից շատերը հաճախ են բախվում, նույնիսկ՝ առօրյա մակարդակում, և որը մենք անվանում ենք «հունից դուրս գալ», այլ կերպ ասած՝ անդրադառնում է զայրույթի պոռթկմանը:

Թե ինչպես ենք յուրաքանչյուրս ապրում այդ զգացողությունը և կոնկրետ ո՛ր իրավիճակներում՝ դասապատրաստում երեխայի հետ, երեխայի կամակորություն, եղբայր-քույրերի միջև փոքր ու մեծ վեճեր, տարբեր է, սակայն մեր ոչ պատշաճ արձագանքն այդ իրավիճակին, բարկության արտահայտման եղանակը, կարող է ուղղակիորեն վնասել երեխային՝ հասուն կյանքում մի շարք բարդույթների պատճառ հանդիսանալով:

Հետևաբար՝ արձագանքման ձևն ու բովանդակությունը շատ կարևոր են: Ու թեև կարճատև առումով զայրույթի պոռթկումը, որը կարող է դրսևորվել նաև բռնությամբ, կարող է ազդեցիկ լինել, երկարաժամկետ առումով դրական արդյունքներ չի խոստանում: Հարկ է հիշել, որ թեև այդ պահին զայրույթը դուրս է պոռթկում, այն որևէ տեղ չի անհետանում: Փոխարենը՝ կուտակվում է երեխայի մեջ, անարդարության, երբեմն նաև չսիրված լինելու զգացում առաջացնում և հետագայում պատճառ հանդիսանում, որպեսզի աստիճանաբար խզվի ծնող-երեխա կապը, փոխհարաբերությունները…

«Ծնողի դպրոցի» հոգեբան Արմինե Վարդանյանն առանձնացնում է զայրույթի պոռթկման երկու խումբ՝ խորքային և իրավիճակային:

Խորքային, երբ ծնողը երկարատև հուզականորեն վատ հոգեվիճակում է, կենսական պահանջները բավարարված չեն, ընտանիքի այլ անդամների հետ համատեղությունը չի ստացվում, առկա են ոչ առողջ ընտանեկան հարաբերություններ և այլն, ինչի հետևանքով նույնիսկ փոքրիկ առիթները բուռն արտահայտում են ստանում:

Իրավիճակային՝ պայմանավորված կոնկրետ առիթով:

Ու թեև խորքային զայրույթն ի լրումն պահանջում է ավելի խորը ինքնավերլուծություն և բացահայտում՝ հասկանալու, թե որոնք ենք տվյալ վարքագծի դրսևորման պատճառները, հաճախ նաև մասնագետի աջակցություն այդ հարցում, երկու դեպքում էլ զայրույթի պոռթկան ժամանակ արդյունավետ է՝

  • Կանգ առնել
  • Եթե կա հնարավորություն, հեռանալ, եթե ոչ՝ հեռացնել հայացքը բարկությունը առաջացնող առարկայից, ազդակից կամ արարքներից
  • Հասկանալ, թե որքանով է ձեր ակնկալիքը համապատասխանում երեխայի տարիքային հնարավորություններին, երեխայի առանձնահատկություններին ու կարողություններին
  • Կոնտակտ ստեղծել երեխայի հետ, աչքերը նույն մակարդակում պահել, եթե երեխան գերոգևորված է, հպվել, ուշադրությունը կենտրոնացնել
  • Բացատրել պատճառը, խնդիրը կամ իրավիճակը, արտահայտել դժգոհությունը՝ առանց երեխային վիրավորելու,
  • Այլընտրանք առաջարկել և միասին լուծումներ փնտրել
  • Օգտագործել մեկ րոպեի կանոնը՝ տեղավորել մեկ րոպեի մեջ այն ամենն, ինչ ուզում ենք ասել:

Բոլորս ենք ցանկանում դաստիարակել նաև հոգեպես առողջ երեխա: Ի վերջո, մանուկ հասակում սերմանված հաղորդակցման ձևերից է կախված, թե ինչպիսի հաղորդակցման մեխանիզմ կընդունի երեխան, վարքային ինչ մոդելներ կկիրառի արդեն հասուն տարիքում հասարակության մեջ:

Դիտե՛ք տեսանյութը, ինքնավերլուծություն արեք և փորձեք գտնել զայրույթի կառավարման ձե՛զ հարմար տարբերակը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր