Կարմրուկ․ նոր իրականության սպառնալիքները
Կարմրուկը վարակիչ հիվանդություն է. կարմրուկով վարակվում է այդ հիվանդության դեմ իմունիտետ չունեցող մարդկանց 80-90 տոկոսը։ Իսկ իմունիտետ կարելի է ձեռք բերել երկու ճանապարհով՝ կա՛մ հիվանդանալ կարմրուկով և բնական ճանապարհով ձեռք բերել իմունիտետ, կա՛մ պատվաստվել, չհիվանդանալ և նույնպես ունենալ իմունիտետ։
«Ուիգմոր» մանկական հիվանդանոցի Իմունիզացիայի ծառայության ղեկավար, մանկաբույժ Լիլիթ Մարությանի հետ զրուցել ենք կարմրուկի բարդացումների և կանխարգելման մասին։ Զրույցից առանձնացրել ենք ամենակարևոր 6 կետը:
1. Մինչև 1963 թվականը երկու-երեք տարին մեկ աշխարհում գրանցվում էին կարմրուկի բռնկման խոշոր դեպքեր՝ մահացության բարձր ցուցանիշներով համաճարակներ։ Այս պահին Հայաստանը համարվում է կարմրուկից պաշտպանված գոտի, սակայան մեր երկրում վերջերս գրանցված կարմրուկի դեպքերը ստիպում են անհանգստանալ:
2. Կարմրուկը «հեշտ» վիրուսային վարակ չէ, ուղղակի ջերմություն և ցան չէ, կարմրուկը լուրջ վարակ է, որի հետևանքով շատ հաճախ զարգանում են ծանր բարդություններ։
Զարգացող բարդությունների շեմը բարձր է՝ վարակվածների ավելի քան 30 տոկոսը ենթակա է հիվանդության բարդացումների ռիսկի։ Հիմնական բարդացումների թվում են․
- ականջի ծանր բորբոքումը՝ օտիտը
- թոքաբորբը
- ծանր ջրազրկումով փորլուծությունը։
Պատահում է նաև, որ հաղթահարած կարմրուկից հետո զարգանում են այլ բարդություններ։ Օրինակ՝ էնցեֆալիտը (ուղեղի բորբոքումը), որը գրեթե անբուժելի է։
3. ԱՀԿ-ի տվյալներով այս հիվանդության նկատմամբ խոցելի խմբում են`
- մինչև 5 տարեկան երեխաները
- 30 տարեկանից բարձր անձինք
- իմունիտետի հետ կապված խնդիր ունեցողները։
Հղիության համար շատ ավելի բարդ (ճակատագրական) է կարմրախտը, որը թեև մեր «սովորական» կյանքում շատ ավելի թեթև է, քան կարմրուկը, բայց շատ ավելի անցանկալի է հղիության ընթացքում, քանի որ ազդում է պտղի վրա։ Կարմրուկն էլ հղիության ընթացքում կարող է ունենալ և՛ ծանր ընթացք, և՛ թեթև ընթացք, կարող է ազդել պտղի վրա, բարդությունները կարող են ավելի ուշ արտահայտվել:
4. Հայաստանում երեխաները կարմրուկի դեմ պատվաստում ստանում են առաջին անգամ 1 տարեկանում, երկրորդ անգամ 4-6 տարեկանում։ Նախկինում երկրորդ պատվաստումը ստանում էին 6-ում, սակայն հիմա սպասելու կարիք չկա՝ կարելի է ստանալ 4 տարեկանում։
Կարմրուկի երկրորդ պատվաստումը չի համարվում ուղղակի բուսթեր։ Այն անհրաժեշտ է, քանի որ երեխաների որոշակի տոկոսի օրգանիզմում առաջին պատվաստումից հետո իմունային պատասխան չի զարգանում, հետևաբար անհրաժեշտ է անել երկրորդը և որքան շուտ, այնքան լավ։
ԿԱՐԵՎՈՐ – ԿԿԽ պատվաստանյութը ստանալու համար նշված տարիքային միջակայքը բաց թողնելուց հետո էլ կարելի է ու պետք է ստանալ պատվաստումը։
5. Կարմրուկի դեմ 2 չափաբաժիններով պատվաստման առնվազն 95% ծածկույթի ապահովումն անհրաժեշտ է բնակչության շրջանում կոլեկտիվ իմունիտետ ձևավորելու, մարդկանց պաշտպանելու և առհասարակ հիվանդությունը վերացնելու համար: Կոլեկտիվ իմունիտետը կարևոր է հատկապես այն մարդկանց խմբերի համար, որոնք բժշկական ցուցում ունեն ու չեն կարող պատվաստվել։ Պատվաստվելով և նպաստելով կոլեկտիվ իմունիտետի ձևավորմանը՝ մենք պաշտպանում ենք դեռևս չպատվաստվածներին և երեխաներին, ովքեր չեն կարող պատվաստվել:
6. Պատվաստումների գրանցած հաջողությունները բացասական դեր խաղացին հենց պատվաստումների դեմ։ Նախկինում, երբ մարդիկ կարող էին տեսնել, թե ինչպես հարևանի երեխան հիվանդացավ այս կամ այն վարակով, հաշմանդամություն ձեռք բերեց այս կամ այն հիվանդությունից, իսկ ազգականներից մեկի երեխան մահացավ այնինչ հիվանդությունից, լսելով, որ կարող են պատվաստվել (երեխային պատվաստել) ու խուսափել նման անցանկալի զարգացումներից, շտապում էին պատվաստվել: Իսկ այսօր զգոնությունը թուլացել է. այդ հիվանդություններից շատերը կարելի է «տեսնել» միայն մասնագիտական գրքերում և համացանցում։ Երբեմն թվում է, թե հիվանդությունն արդեն չկա:
ԿԱՐԵՎՈՐ է հաշվի առնել, որ հիվանդությունները չեն վերացել, այլ դարձել են կառավարելի պատվաստումների շնորհիվ, որոնք ձևավորել են կոլեկտիվ իմունիտետ։ Բավական է մեծանա չպատվաստվածների թիվը և հիվանդությունը դարձյալ «կվերադառնա»: Բոլորովին վերջերս կարմրուկի դեպքերը փաստեցին իրողությունը: