Աուտիզմ
Աուտիզմ` զարգացման խանգարում, որը բնորոշվում է շփման ու հաղորդակցման դժվարություններով, կրկնվող գործողություններով, որոնք երեխայի կյանքի առաջին 1-2 տարում ծնողները հաճախ չեն նկատում։ Այդ նշաններն ի հայտ են գալիս աստիճանաբար, քանի որ հաճախ աուտիզմ ունեցող երեխաներն օրինաչափ են զարգանում, սակայն որոշակի պահից զարգացման հետընթաց (ռեգրես) է տեղի ունենում:
Աուտիզմի ախտորոշման, առաջին նշանների, բուժման առանձնահատկությունների մասին զրուցել ենք «Արմավ» շարունակական կրթության կենտրոնի հիմնադիր, լոգոպեդ Արմինե Ավագյանի հետ: Ստորև ներկայացնում ենք հիմնական եզրույթները:
Որո՞նք են աուտիզմի նախանշանները
Աուտիզմի նախանշանները բաժանվում են երկու հիմնական խմբերի:
Սոցիալական փոխազդեցություններ և հաղորդակցում . երեխաներն ունենում են հետևյալ դժվարությունները.
- Ինը-տասներկու ամսականում դեռ չեն արձագանքում իրենց անվանը:
- Դժվարությամբ են կոնտակտ հաստատում աչքերով: Օրինակ՝ 1 տարեկանում նրանք դեռևս չեն կարողանում խաղալ ամենապարզունակ «Ծիկ» խաղը: Դժվարությամբ են մտնում շփման մեջ, դժվարանում են հասկացնել իրենց ասելիքը (օրինակ՝ մատով ցույց տալ այն առարկան, որը ցանկանում են): Դժվարանում են պատկերացնել դիմացինի էմոցիաները, կարող են լրիվ անտարբեր մնալ կողքին գտնվող մարդու լացին կամ ծիծաղին և անհամապատասխան ռեակցիաներ տալ: Օրինակ՝ բնականոն զարգացման դեպքում, որևէ անսովոր բան տեսնող երեխան շրջվում ու նայում է մեծահասակին՝ կարծես համոզվելու, որ նա էլ տեսել է դա ու սպասում է արձագանքի: Աուտիզմ ունեցող երեխան կարող է ռեակցիա տալ, բայց չկիսել տեսնելու փաստը մեծահասակի հետ: Շրջեց-կոտրեց որևէ բան. ինքը կարող է ռեակցիա տալ, բայց այդպես էլ չնայել մեծահասակի կողմը՝ տեսնելու նրա ռեակցիան:
Վարք: Շատ ծնողներ, լսելով ՎԱՐՔ բառը, շտապում են փաստել, որ երեխան շատ խելոք է: Աուտիզմի համատեքստում վարքն ու գործողությունը հոմանիշներ են:
- Երեխան կարող է կրկնվող գործողություններ ունենալ՝ պտտվել տեղում, բացել-փակել դռները, գլորեն առարկաները, միացնել ու անջատել լույսերը և այլն:
- Երեխան կարող է վերցնել առարկան ու կենտրոնանալ դրա միայն մի փոքրիկ դետալի վրա: Օրինակ՝ վերցնել ավտոմեքենան, բայց միայն պտտել դրա մի ակը կամ վերցնել խորանարդն ու մատի ծայրով շոշափել միայն դրա սուր կողմերը և այլն:
- Երեխան կարող է դրսևորել «անհասկանալի» հույզեր. պարզ չի, թե ինչու, բայց հանկարծ կարող է լաց լինել կամ ծիծաղել:
- Երեխան կարող է ունենալ քնի ու սուցման հետ կապված անսովոր դրսևորումներ: Օրինակ՝ կարող է ունենալ քնի խանգարումներ, կարող է առհասարակ չդիպչել որևէ սննդի:
- Երեխան կարող է անընդհատ կրկնել որոշակի հնչյուններ, բառեր, մուլտֆիլմի երաժշտության ինչ-որ հատվածներ:
Վերը թվարկած դրսևորումներից միայն մեկը տեսնելու դեպքում պետք չէ մատնվել խուճապի: Սովորաբար, եթե երեխան ունի աուտիզմի նշաններ, ապա միանգամից մի քանի նշաններ են ի հայտ գալիս: Հնարավոր է նաև որևէ դրսևորման փոխարինում մեկ ուրիշով:
Ու՞մ դիմել, ե՞րբ
Աուտիզմի նախանշաններ նկատելու դեպքում պետք է դիմել զարգացման մանկաբույժի կամ մանկական հոգեբույժի: Ախտորոշումը դրվում է երեք տարեկանում, սակայն մանկավարժական ուղղությամբ մասնագետները (երեխային աջակցող մասնագետները) երեխայի հետ աշխատանքը սկսելու համար ախտորոշմանը սպասելու կարիք չունեն, որովհետև, եթե օրինակ, կա խոսքի հետ կապված որևէ խնդիր, այդ խնդրի հետ պետք է աշխատել: Մանավանդ, որ մինչև երեք տարեկանը, եթե անգամ երեխային տանում են ախտորոշման, «աուտիստիկ սպեկտրի խանգարում» գրվում է, բայց կողքին հարցկան նշան է դրվում՝ թողնելով մի փոքր ավանս այն հանգամանքներին, որ ժամանակին (առաջին նախանշանները տեսնելուն պես) ու ճիշտ արված միջամտությունները կարող են «մաքրել» որոշ դրսևորումներ և արդեն 3 տարեկանում տեսնել, թե ինչի հետ գործ ունենք:
Մասնագե՞տ, ծնո՞ղ, թե՞ երկուսը միասին
Աուտիզմ ունեցող երեխաներին բնորոշ է կոնկրետ սենյակում, կոնկրետ մասնագետի հետ աշխատանքում ձեռք բերած հմտությունն ասոցացնել այդ սենյակի ու այդ մասնագետի հետ։ Երեխաները դժվարությամբ են այդ հմտությունը տանում այլ տարածքներ՝ այլ անձանց հետ կիրառելու։ Այստեղ, բնականաբար, կամուրջ է հանդիսանում ծնողը։ Հետևաբար, ծնողը պետք է ականատես լինի պրոցեսին, պետք է տեսնի, որպեսզի վերցնի այդ հմտությունն ու տանի տուն, խաղահրապարակ, վերելակ, ավտոմեքենա ու ամրապնդի այնտեղ: Լինում են դեպքեր, երբ ծնողի ներկայությունն անհնար է դարձնում պարապմունքը, բայց նման դեպքերում էլ հնարավոր է տեսագրել դասընթացն ու փոխանցել ծնողին՝ տանը կատարելու հստակ առաջադրանքներով։ Այս համագործակցության արդյունքում դրական տեղաշարժերն անհամեմատ ավելի արագ են տեղի ունենում։
ԿԱՐԵՎՈՐ - Աուտիզմ ունեցող երեխային (նրա զարգացումը, ունակությունները) չի կարելի համեմատել այլ երեխաների հետ։ Նրան կարող ենք համեմատել միայն իր հետ՝ ինչպիսին էր (պայմանական) մեկ ամիս առաջ և ինչպիսին է նա այսօր․ ինչ նոր հմտություններ են ի հայտ եկել, ինչ խնդիրներ են վերացել կամ առաջացել և այլն։
Ի՞նչ արդյունք սպասել
Լավագույն արդյունքն այն է, երբ ունենում ենք մարդ, որի մոտ առկա ախտանիշերն իր կյանքի որակի վրա էականորեն չեն ազդում, ունեն ազդեցություն, բայց շատ չեն իջեցնում կյանքի որակը։ Այս երեխաներին բնորոշ գերզգայունությունը նույնպես հաճախ ազդում է նրանց կյանքի որակի վրա։ Նախ պետք է աշխատել շրջապատում շատ բաներ հանդուրժելու վրա, ինչպես օրինակ՝ լույսի քանակը սենյակում, աղմուկի մակարդակն այն տարածքում, որտեղ գտնվում է երեխան և այլն։ Այս բոլորը հետագայում մեծապես նպաստում է նրանց ներառմանը կրթական հաստատություններ, որովհետև երեխան պետք է գնա դպրոց, նրա շուրջը պետք է լինեն մարդիկ, աղմուկ, որոշակի լուսավորություն:
Բուժման համատեքստում պետք է նաև չմոռանանք, որ աուտիզմ ունեցող շատ երեխաների՝ պարզունակ թվացող շատ գործողություններ մեծ դժվարությամբ են տրվում։ Միևնույն ժամանակ կարող են լինել ոլորտներ ու գործունեության ձևեր, որոնցում կոնկրետ երեխան կարող է աներևակայելի արդյունքներ գրանցել ու շատ արագ։