Առողջ նախաճաշի 3 փորձված և սիրելի տարբերակ
Լավ սնունդը ճանապարհ է հարթում երեխայի զարգացման համար՝ օգնելով նրան՝ մեծանալու երջանիկ և առողջ:
«Էժան և որակով» մրցանակակիր խոհարարական գրքի հեղինակ Լինե Բրաունը ն է, մեզ՝ զբաղված ծնողներիս, հրավիրել է իր խոհանոցմի քանի գաղափար ներկայացնելու համար:
Փորձե՛ք այս բաղադրատոմսերը 1 տարեկանից բարձր երեխաների համար, եթե դեռ չեք փորձել: Դրանք հեշտ են, սննդարար և համեղ:
1. Լոլիկով ձվածեղ
Այս ուտեստը շատ ավելի համեղ է լոլիկի սեզոնին, երբ համեղ ու վիտամիններով հարուստ լոլիկ կա: Այն մատուցեք տոստ արված հացի կամ լավաշի կտորներով։
Բաղադրությունը
1/2 ճաշի գդալ (7գ) կարագ
4 փոքրիկ (կամ 2 խոշոր) մանր կտրատած թարմ լոլիկ
4 ձու
Հավելումներ. Վրան շաղ տվեք մանր կտրատած թարմ ռեհան կամ այլ կանաչի։
Ինչպես պատրաստել
- Կարագը միջինից բարձր ջերմության պայմաններում հալեցրեք փոքր կամ միջին չափի չկպչող թավայի մեջ՝ շրջանաձև շարժումներով այն տարածելով թավայով մեկ: Ավելացնել լոլիկները և եփել այնքան, որ հյութը դուրս գա և մեծամասամբ գոլորշանա, այսինքն՝ 5-ից 7 րոպե.
- Այդ ընթացքում կոտրել հավկիթները, միջուկը լցնել թասիկի մեջ ու թեթևակի հարել պատառաքաղով.
- Կրակը թուլացնել և հարած ձուն լցնել թավայի մեջ: Փոքրիկ թիակով ձուն խառնել լոլիկի զանգվածի հետ։ Խնամքով ու անընդհատ խառնել, որպեսզի ձվից գնդիկներ չառաջանան: Կրակը հնարավորինս թուլացրեք. որքան դանդաղ եփվի ձուն, այնքան ավելի համասեռ կլինի:
- Երբ ձուն եփվել է, անջատեք կրակը և ավելացրեք նախապես կտրատված կանաչին: Ռեհանը հիանալի է համադրվում լոլիկի հետ: Ես սիրում եմ, երբ ձվածեղը թույլ և հյութեղ է լինում, իսկ ձուն կազմությամբ նմանվում է փափուկ կաթնաշոռի: Եթե ավելի չոր եք սիրում, ապա կարող եք փոքր ինչ ավելի երկար եփել:
Ահա, թե ինչու է սա նախաճաշի լավագույն տարբերակներից մեկը։
Ձուն համարվում է սպիտակուցի «կատարյալ» աղբյուր, քանի որ այն պարունակում է բոլոր ինը հիմնական ամինաթթուները, որոնք երեխաների աճի համար ամենաանհրաժեշտ նյութերն են: Ձուն հարուստ է սելենով, D, B6, B12 վիտամիններով և այնպիսի հանքանյութերով, ինչպիսիք են՝ ցինկը, երկաթը և պղինձը:
Լոլիկն ապահովում է C և A վիտամինները, որոնք հրաշալի/անփոխարինելի են ձեր երեխայի իմունային համակարգի համար, ռեհանն էլ, իր հերթին, հարուստ է վիտամիններով:
Ամբողջական հացահատիկի ալյուրից պատրաստված հացի կտորները կամ լավաշը կարող են մանրաթելի լավ աղբյուր լինել։ Բայց խուսափեք շաքարի հավելումով հացամթերքից:
2. Մի ուրիշ վարսակի շիլա
Շիլան տաք և հագեցնող նախաճաշ է, որը ձեր երեխային և ձեզ կապահովի անհրաժեշտ էներգիայով՝ ապահովելով առավոտվա հրաշալի սկիզբ: Հասարակ վարսակի շիլան համարվում է ձանձրալի ուտեստ, սակայն այս բաղադրատոմսով այն կարող եք մատուցել ամենատարբեր ձևերով և երբեք չձանձրանալ:
Ուտեստի հիմքը ամենասովորական վարսակի շիլան է: Այն պատրաստեք ինքնուրույն: Շիլան կարող է լինել կաթնային, մրգային կամ համեմված. միշտ էլ կարող եք գտնել առավոտյան մեկ ափսե տաք շիլան ձեր երեխաների հետ վայելելու ձե՛ր սիրելի տարբերակը:
Բաղադրությունը
1 բաժակ (100գ) վարսակի փաթիլներ
2 բաժակ (500մլ) ջուր
Հավելումներ. 1/2 բաժակ (50գ) տրորված միրգ կամ առողջարար մեկ այլ բան, օրինակ՝ ընկույզ: Զարմանալ կարելի է, թե քանի տարբերակ կարող եք մտածել՝ պարզապես ինչ-որ նոր միրգ փորձելով կամ մի քանի միրգ համադրելով:
Մատուցելու եղանակը. վերը նշված քանակը նախատեսված է 2 մեծահասակի համար: Փոքրիկ երեխայի համար վարսակի փաթիլների առաջարկվող քանակը մոտ 1/3 բաժակն է (30 գ):
Ինչպես պատրաստել
- Վարսակը և ջուրը լցրեք փոքրիկ թասի մեջ և միջին ուժգնությամբ կրակի վրա հասցրեք եռման աստիճանի: Անմիջապես թուլացրեք կրակը և կափարիչով ծածկեք կաթսան։.
- Եփեք 5 րոպե՝ մինչև վարսակը փափկի և փխրվի, իսկ ջրի մեծ մասը՝ գոլորշանա: Կարող եք ջուր ավելացնել, եթե շիլան թեթև և ջրիկ եք սիրում, կամ հակառակը՝ ջուրը սկզբից քիչ լցրեք, եթե սիրում եք թանձր շիլա:
Ահա թե ինչու է սա նախաճաշի լավագույն տարբերակներից մեկը։
Պրոտեինի, մագնեզիումի, երկաթի և ցինկի բարձր պարունակությամբ վարսակը օգնում է ձեր երեխայի իմունային համակարգին, և այն էներգիայի շատ լավ աղբյուր է:
Մանրաթելերով, դանդաղ յուրացվող ածխաջրածիններով հարուստ ամբողջահատիկ վարսակը ձեր երեխայի մարմնին և ուղեղին անընդհատ էներգիա է մատակարարում, որ կբավարարի նրան մինչև ճաշը։
Ավելի սննդարար դարձնելու համար շիլան հասցրեք այն աստիճանի թանձրությոն, որ այն չծորա գդալից:
Շիլայի պատրաստ լինելուց երկու րոպե առաջ ավելացրեք 1/2 բաժակ (50գ) տրորված հատապտուղներ և խառնեք մինչև միասեռ զանգված ստանալը:
3. Յոգուրտային խառնուրդներ
Մթերային խանութներում այնքա՜ն տարատեսակ յոգուրտներ կան. ցածր յուղայնությամբ և բարձր շաքարայնությամբ, որոշները՝ սիրունիկ կենդանիների նկարներով: Որոշների վրա շոկոլադի քերուկ է և կոնֆետներ: Մոռացե՛ք այդ ամենը: Ձեռքի տակ ունենալով հասարակ յոգուրտ կամ մածուն, դուք կարող եք անհավանական համեր ստանալ ձեր իսկ խոհանոցում: Ձեր երեխաներին հարցրեք, թե ինչ համեր կարող են պատկերացնել, և սկսեք ստանալ այդ համերը: Այդպես շատ ավելի զվարճալի է, քան թույլ տալը, որ սուպերմարկետն ընտրի ձեր փոխարեն: Փորձեք ինչ-որ նոր բան և ստացեք նոր խառնուրդներ: Ահա մի քանի տարբերակ։
Բաղադրիչները
Մածուն կամ յոգուրտ՝ հետևյալներից մեկով կամ մի քանիսով.
- Մանր կտրատված միրգ (օրինակ՝ բանան).
- Տրորված հատապտուղներ.
- Կոկոսի քերուկ.
- Եվ մի փոքր երևակայություն:
Ահա, թե ինչու է սա նախաճաշի լավագույն տարբերակներից մեկը։
Փոքրիկ երեխաների համար առաջարկվող չափը՝ մոտ 1/3 բաժակ (85գ)մածուն/յոգուրտն է։.
Մածունը հիանալի սնունդ է, երբ ձեր երեխային սկսում եք ծանոթացնել հավելյալ սննդի հետ (6 ամսականից հետո):
Կալցիումն ու սպիտակուցը կարևորագույն նշանակություն ունեն երեխայի ոսկորների առողջության համար:
Բարձր յուղայնությամբ մածունը ամենաօգտակարն է, քանի որ դրանում շաքարը քիչ է, իսկ մանուկների դիետայում ճարպերը պարտադիր են՝ նրանց աճի և ուղեղի զարգացման համար:
Լինե Բրաունը «Էժան և որակով» գրքի հեղինակն է, որ ստեղվել է խիստ սուղ միջոցներ ունեցող մարդկանց համար: Գիրքը 2015 թվականին շահել է Պրոֆեսիոնալ խոհարարների միջազգային ասոցիացիայի դատավորների համակրանքի մրցանակը: Լինեն ներառված է եղել Սննդի և ըմպելիքների գծով Forbes 30 Under 30 վարկանիշային նախնական ցանկում, իսկ Food & Wine և Fortune ամսագրերի կողմից արժանացել է «Սննդի և ըմպելիքի ասպարեզում ամենանորարար կին» կոչմանը: Նրա խոհարարական գրքի մասին ավելին կարող եք կարդալ հետևյալ հղումով։