Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես կարող եք օգնել ձեր երեխային, եթե մտահոգված եք նրա քաշի խնդրով

Դժվար է տեսնելը, թե ինչպես է ձեր երեխան պայքարում ավելորդ քաշի դեմ: Բնականաբար, դուք ուզում եք անել հնարավորը և օգնել նրան: Մասնագետների հետ առանձնացրել ենք մի քանի մոտեցում, թե ինչպես կարող եք ավելի լավ աջակցել ձեր երեխային, երբ մտահոգված եք, որ ավելորդ քաշը կարող է ազդել նրա առողջության և բարեկեցության վրա:

Եթե խիստ մտահոգված եք ձեր երեխայի ավելորդ քաշով, ապա դիմեք ձեր ընտանեկան բժշկին կամ մանկաբույժին, ավելի մասնագիտական աջակցություն ստանալու համար։

Խուսափեք մեղադրելուց

Երիտասարդները կարող են քաշ հավաքել իրենց հսկողությունից դուրս գտնվող տարբեր պատճառներով, որոնք, հաճախ, շատ խրթին են: Ավելորդ քաշի դեմ պայքարող երեխաները հաճախ, ենթարկվում են կողմնակալ վերաբերմունքի, պիտակավորման և բուլիինգի: Չափազանց կարևոր է՝ ձեռնպահ մնալ երեխային մեղադրելուց. փոխարենը, փորձեք հասկանալ քաշի ավելացմանը հանգեցնող խորքային խնդիրները: Այսպես երեխային ավելի գործնական աջակցություն կկարողանաք ցուցաբերել։

Երեխայի քաշի վրա կարող են ազդել տարբեր գործոններ գենետիկան, կյանքի վաղ տարիներին տեղի ունեցած իրադարձությունները և շրջապատող միջավայրը: Քաշի ավելացում կարելի է ակնկալել, երբ երեխան սնվում, խաղում և սովորում է այնպիսի միջավայրում, որ ենթադրում է ֆիզիկական ակտիվության ցածր մակարդակ և էժանագին, հասանելի և բարձր էներգետիկ արժեքով սննդի մեծաքանակ սպառում, որի մեջ բարձր է անառողջ ճարպերի և շաքարի պարունակությունը:

Քաշի ավելացումը, որպես կանոն, մարմնի նորմալ արձագանքն է ոչ նորմալ միջավայրին: Բացի այդ, երեխաները կարող են երբեմն սնվել անառողջ և անկայուն՝ հաղթահարելու սթրեսը, ձանձրույթը, հուզմունքը կամ սփոփելու տխրությունը։

Զրույցներն սկսեք առանց քննադատելու

Կարևոր է, որ ձեր երեխան իմանա, որ դուք միշտ իրենց կողքին եք, և միշտ, առանց քննադատելու կլսեք նրանց մտահոգություններն ու անհանգստությունները:

Զերծ մնացեք պիտակավորող բառապաշարից կամ մարդկանց, այդ թվում՝ ինքներդ ձեր մարմնի մասին բացասական բնույթի ակնարկներ անելուց: Դա կարող է նվազեցնել ձեր երեխայի ինքնագնահատականը և երեխան կարող է անհարմար զգալ և չանկեղծանալ ձեզ հետ։

Սկզբի համար, ավելորդ քաշի և ճարպակալման մասին խոսելիս սկսեք գործածել մարդակենտրոն բառապաշար: Անձին իր խնդրից ավելի կարևորելն օգնում է մեղմել այն զգացողությունները, որոնք առաջանում են ավելորդ քաշի և ճարպակալման խնդիրներից, և թույլ չի տալիս անձին բնութագրել նրա խնդրով: Օրինակ՝ «Անձ, որն ավելորդ քաշ ունի» (այլ ՈՉ՝ «գեր անձը»):

Քաջալերեք բաց երկխոսությունը և ձեր երեխայի հետ խոսեք մարմնակազմության մասին: Եթե ձեր երեխան բացասական դիտողություն է անում իր քաշի վերաբերյալ, ապա փորձեք պարզել, թե ինչն է դրդել դրան: Ուշադիր լսեք երեխային, մի՛ անտեսեք կամ նսեմացրեք նրա անհանգստությունները: Եթե պարզվում է, որ մեկ այլ երեխա կամ մեծահասակ բուլիինգի է ենթարկում ձեր երեխային (որը կարող է տեղի ունենալ ինչպես առցանց, այնպես էլ առերես), ապա հնարավորինս արագ փորձեք լուծել այդ խնդիրը:

Նպաստեք երեխայի ինքնագանահատակի բարձրացմանը և գովաբանեք նրա բոլոր դրական կողմերը: Օրինակ՝ «Ես հպարտություն զգացի, երբ տեսա, թե ինչ լավ էիր պատրաստվում քննությանը», կամ «Ինձ շատ է դուր գալիս, թե որքան հոգատար ես փոքրիկ եղբորդ հանդեպ»:

 

Առողջ զրույցներ վարեք

Արագ փոփոխվող թվային միջավայրում կարևոր է տեղեկացված լինել ձեր երեխայի հոգեկան առողջությանը և բարեկեցությանը սպառնացող վտանգների մասին: Այդպիսիք կարող են լինել սոցիալական ցանցերում տեղադրվող նյութերը, որոնք կարծրատիպավորում են քաշը և հանգեցնում սխալ սնվելուն, ինչպես նաև անառողջ և անորակ սննդի շարունակական կորպորատիվ շուկայավարումը, որը թիրախավորում է երեխաներին:

Առողջ զրույցի համար ստեղծեք անհրաժեշտ ապահով միջավայր և հնարավորություններ պարբերաբար երեխայի հետ խոսելու հոգեկան առողջության թեմայով, ինչպես նաև այն մասին, թե առցանց նյութերը ինչպես կարող են ազդել նրա բարեկեցության և սեփական տեսքի վերաբերյալ պատկերացումների վրա:

Հուշումներ քաշի մասին ձեր երեխայի հետ զրույցներ սկսելիս

  • Երեխային բաց հարցեր տվեք (օրինակ՝. «Ո՞նց ես» կամ «Ո՞նց են գործերը դպրոցում») և նրան խնդրեք պատմել իր զգացողությունների մասին։
  • Շնորհակալություն հայտնեք ձեր երեխային՝ ձեզ վստահելու և իր զգացողությունների մասին պատմելու համար, որպեսզի համագործակցության զգացում ձևավորվի։
  • Համաձայնեք, որ առողջ սնվելը և առողջ քաշ պահպանելը կարող է դժվար լինել՝ միաժամանակ շեշտադրելով ավելի առողջ սնվելու օգուտները։
  • Լավատես եղեք և ապրումակցեք երեխային:

 

Կենտրոնացեք առողջ սովորույթների վրա

Կենտրոնացեք «առողջության» և «առողջ նպատակների», այլ ոչ՝ քաշի նվազեցման վրա, եթե բժիշկն այլ բան խորհուրդ չի տվել: Առողջ սնվելը և ֆիզիկական ակտիվ կենսակերպը միանգամից չեն ձևավորվում: Տևական արդյունքների հասնելու համար ձեզնից և ձեր երեխայից ժամանակ, ջանք և համառություն կպահանջվի:

Ձեր երեխայի սննդակարգի և կենսակերպի կտրուկ և զգալի փոփոխությունները հազիվ թե արդյունք տան դրանք մինչև անգամ կարող են վնասել ձեր երեխայի առողջությանը: Ավելի արդյունավետ են փոքր, աստիճանական փոփոխությունները, հատկապես, երբ ողջ ընտանիքն է ներգրավված:

Ինքներդ օրինակ ծառայեք: Ընտրեք առողջ սննդամթերք, օրինակ՝ թարմ միրգ և բանջարեղեն, խրախուսեք ֆիզիկական ակտիվությունը և բավարար քունը և զերծ մնացեք ձեր կամ ուրիշների քաշի մասին բացասական մեկնաբանություններից։ Անկախ ձեր քաշից, դուք կարող եք օգնել ձեր երեխային ավելի առողջ սովորույթներ ձևավորել։ Ուսումնասիրեք սննդամթերքի տարբեր խմբերի համադրությունները, իմացեք, թե ինչ սննդանյութեր են անհրաժեշտ մարդու օրգանիզմին, և քննարկեք, թե սննդամթերքի որոշ տեսակներ ինչու են ավելի նախընտրելի համարվում։

Արեք առավելագույնը՝ զերծ մնալու մշակված սննդամթերքից և քաղցր ըմպելիքներից, որովհետև դրանք մեծ քանակությամբ աղ, շաքարավազ և ճարպ են պարունակում։ Բայց խուսափեք որոշակի սննդամթերքն իսպառ արգելելուց, քանի որ դա կարող է հակառակ ազդեցությունն ունենալ և այդ սննդատեսակներն ավելի ցանկալի դարձնել:

Արագ սննդի տեսակների մեծամասնության մեջ բարձր է ճարպի, շաքարի և աղի պարունակությունը, և դրանք կարճ ժամանակով են հագեցնում քաղցը: Փոխարենը, առկա մթերքից պատրաստեք առողջ, հագեցնող սնունդ, օրինակ՝ մրգային և բանջարեղենային ձողիկներ և յոգուրտ:

Որպես հիմնական ըմպելիք, խրախուսեք ջրի գործածումը՝ շաքարի հավելումով մրգային ըմպելիքների փոխարեն, և ուշադիր եղեք, թե տանը ինչ սնունդ և ըմպելիք եք պահում:

Միասին վայելեք սնունդը

Հնարավորինս հաճախ միասին՝ ամբողջ ընտանիքով, պատրաստեք և վայելեք սնունդը: Դա զրուցելու, առողջ սննդի ընտրության և առողջ պատրաստելու հիանալի հնարավորություն է: Երեխային համապատասխան չափաբաժ առաջարկեք և եթե երեխան վերջում էլի քաղցած մնա, ապա թույլ տվեք, որ լրացուցիչ ուտելիք խնդրի: Սնվելու և թեթևակի ինչ-որ բան ուտելու ժամեր սահմանեք, որպեսզի սովորեցնեք ձեր երեխային, որ սնվելու հստակ ժամեր կան, և անընդհատ ինչ-որ բան ծամելն օգտակար չէ։

Վայելեք ֆիզակական ակտիվությունը

Քաջալերեք դրսում խաղալը և ամբողջ ընտանիքով ակտիվ եղեք: 3 տարեկանից բարձր երեխաները պետք է ակտիվ լինեն օրական առնվազն մեկ ժամ, սակայն դա կարող է ապահովվել 15-20 րոպեանոց կարճ ժամանակահատվածներով: Ավելի փոքր տարիքի երեխաների հետ փորձեք վազվզել: Ավելի մեծ տարիքի երեխաների հետ գնացեք ընտանեկան զբոսանքների կամ փորձեք միասին ինչ-որ նոր մարզաձևով զբաղվել: Հնարավորության դեպքում քայլեք կամ հեծանիվ վարեք: Խրախուսեք մասնակցությունը բակային կամ դպրոցական թիմային մարզաձևերին, որոնք է՛լ ավելի զվարճալի կդարձնեն ֆիզիկական ակտիվությունը՝ միաժամանակ ապահովելով հասակակիցների հետ շփումները:

Առողջություն, այլ ոչ՝ քաշ

Զերծ մնացեք միայն քաշի վրա կենտրոնանալուց՝ ավելի շատ ուշադրություն դարձնելով ողջ ընտանիքի առողջ սնվելու և ակտիվ ապրելակերպի վրա: Այդպիսով կաջակցեք երեխայի բնականոն աճին և զարգացմանը, կբարձրացնեք նրա իմունիտետը և կապահովեք հուզական բարօրությունը: Իրականում, ընտանիքում ճիշտ փոփոխություններ կատարելը կօգնի, որ ձեր երեխան հետագա կյանքում ևս չունենա սնվելու հետ կապված խնդիրներ:

Հիշեք

Ձեր երեխայի երջանկությունը և առողջությունն ապահովելու լավագույն ձևը նրա կողքին լինելն է՝ անկախ ամեն ինչից: Ամբողջ ընտանիքով առողջ սնվելով և ֆիզիկապես ակտիվ լինելով՝ կօգնեք ձեր երեխային զգալ ձեր աջակցությունը և ավելի առողջ կենսակերպ վարել, ինչն ավելի մեծ նշանակություն ունի, քան պարզապես քաշը նվազեցնելը:

Նույնաբովանդակ այլ նյութեր