Skip to main content
Հետադարձ կապ

Սննդային սովորույթները՝ ճարպակալման պատճառ

Սննդային սովորույթները ձևավորվում են կյանքի առաջին ամիսներից, իսկ դրանց արձագանքը լսելի է ամբողջ կյանքում։ Այսպես, օրերից մի օր մենք «հայտնաբերում» ենք, որ մեր երեխան սնվում է անկանոն, ուտում է ինչ պատահի, ուտում է մեխանիկորեն, ավելորդ քաշ ունի և այլն։ Սննդային սովորույթների ձևավորման, դրանց բացասական ազդեցության կանխման, խնդիրների հայտնաբերման ու ճիշտ արձագանքի մասին զրուցել ենք բժիշկ-դիետոլոգ Լիդիա Այվազյանի հետ․ զրուցից դուրս բերած ամենաուշագրավ 10 կետերը՝ ստորև։

  1. Ճարպակալության հետ խնդիր ունեցող երեխաների ծնողների ու իմ սոցցանցային հետևորդների շրջանում իրականացրած ուսումնասիրության արդյունքում դուրս եմ բերել, որ շատ մայրիկներ սխալ են հասկանում կրծքով կերակրման հետ կապված ԱՀԿ-ի որոշ ցուցումներ։ Օրինակ՝ դրանցից մեկը սահմանում է, որ կյանքի առաջին մի քանի ամիսներին երեխային պետք է կերակրել ըստ պահանջի, իսկ մեր շատ մայրիկներ այդ կանոնը տարածում են այն ամբողջ ժամանակահատվածի վրա, քանի դեռ երեխան ստանում է ԿԿ։ Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել 2 տարեկան երեխայի, որն արդեն վաղուց օգտվում է մեծահասակների սեղանից (հավելյալ սնուցումը սկսվել է 6 ամսականից), բայց նաև ԿԿ է ստանում ամեն անգամ, երբ լալիս է, անհանգիստ է, ըստ էության՝ անսահմանափակ։ Եվ ահա այդ երկու տարեկան երեխան արդեն ունի ավելորդ քաշ։ Թե՛ ներկայում, թե՛ ապագայում այս երևույթը սպառնում է շատ լուրջ խնդրով։ Ստացվում է, որ եթե մարդը պետք է ուտեր ի պատասխան քաղցի՝ նա ուտելու է ի պատասխան սթրեսին, բարկությանը, ձանձրույթին և այլն։ Նա փորձելու է սննդի օգնությամբ լուծել իր մյուս խնդիրները, այնինչ՝ կուտակելու է նորերը։
  2. Ուղեղն ունի քաշի պակասին կամ ավելցուկին արձագանքելու գործիքներ։ Բայց մենք փչացնում ենք այդ մեխանիզմները։ Օրինակ՝ երեխայի առջև դնում ենք պլանշետ, միացնում սիրած մուլտֆիլմն ու ասում՝ կեր, ժամն է։ Փաստացի, հերթը չի հասնում այն բանին, որ ուղեղն ինքն այդ ազդակներն ուղարկի ու ըստ այդմ կառավարի քաշը։ Ուղեղի այդ գործառույթին խանգարում է նաև ոտքի վրա, խաղալիս կամ աշխատելու ընթացքում ուտելը։
  3. Ճարպակալություն ունեցող իմ գրեթե բոլոր պացիենտները փաստում են, որ մանկության տարիներին ցածր քաշ են ունեցել, չուտող երեխա են եղել ու ամբողջ ընտանիքը կենտրոնացած է եղել մեկ հարցի շուրջ՝ կերակրել այդ երեխային։ Երեխայի ուտելուց ուրախանում են, ծափահարում, իսկ երեխան ձևավորում է համոզմունք, որ ուտելը շատ կարևոր տեղ է զբաղեցնում կյանքում։ Ուտելու, մարմնի քաշի վրա այս ֆիքսվածությունն էլ ապագայում սննդային վարքի խանգարումների պատճառ է դառնում։
  4. Մեխանիզմը խախտվում է ԿԿ-ից հավելյալ սնուցման անցումից։ Կյանքի առաջին 6 ամսում երեխան ստանում է բացառապես ԿԿ, ուտում է այնքան, ինչքան ցանկանում է, իսկ հենց անցնում է հավելյալի նրան կամաց-կամաց սկսում են ստիպել՝ ինչքան սարքել եմ, այդքան պետք է ուտես։ Ամենաթարմ ուղեցույցներում այլևս չկա ոչ մի ակնարկ սննդի գրամների մասին, չկա հասկացություն, որ երեխան այս տարիքում պետք է ուտի այսքան ու վերջ։ Երեխայի աճի չափման ցուցիչը պերցենտիլներն են․ մանկաբույժներն առաջնորդվում են դրանցով և ոչ թե ուտելիքի քանակով։ Երեխայի աճի դինամիկան չպետք է համեմատվի ուրիշ երեխաների հետ՝ նույնիսկ երկվորյակ քրոջ կամ եղբոր։ Երեխային «համեմատում» են իր հետ, քանի որ ամեն մեկն անհատականություն է՝ դրանից բխող նաև ֆիզիոլոգիական առանձնահատկություններով։ 
  5. Ծնողները հաճախ ասում են՝ բացարձակ չի ուտում, շատ քիչ է ուտում, ախր այդպես չի լինի։ Վերջին դեպքերից մեկի մասին կպատմեմ։ Մայրիկը պնդում էր, որ երեխան չափազանց քիչ է ուտում։ Սկսեցինք վարել սննդային օրագիր։ Դիտարկելու էինք 7 օրվա արդյունքները։ Ես, իհարկե, նախապես տվեցի ցուցումներ, թե այդ տարիքի երեխայի առողջ աճի համար մոտավորապես ինչ չափաքանակով ու ինչ սննդատեսակներ են անհրաժեշտ։ Իմ պացիենտների գրեթե 80-90 տոկոսի դեպքում (եթե չկան հոգեբանական կամ այլ խնդիրներ, որոնց պատճառով երեխան իսկապես չի ուտում) բացահայտվում է նույն պատկերան, ինչ այդ երեխայի դեպքում եղավ․ պարզվեց, որ երեխան 7 օրվա ընթացքում հավաքել է սպիտակուցների, ածխաջրերի, ճարպերի անհրաժեշտ քանակը։ Մի օր շատ է կերել, մի օր քիչ, բայց ընդհանուր առմամբ հավաքել է անհրաժեշտ քանակը։ Պարզապես ծնողների սևեռվածությունը երեխաների ուտելու թեմային, թույլ չի տալիս նկատել, երբ երեխան նորմալ է սնվում ու կենտրոնանում են միայն այն դեպքերի վրա, երբ երեխան հրաժարվում է սննդից կամ քիչ է ուտում։
  6. Եթե մանկաբույժն ասել է, որ երեխան պետք է ուտի այս կամ այն բանը, դա չի նշանակում, որ երեխան պետք է անմիջապես սկսի ուտել դա։ Կոնկրետ սննդից հրաժարվելուց մինչև այդ սնունդն ուտելը ճանապարհը հաճախ երկար է, կարող է ձգվել ամիսներ, ու կարևոր է լինել համբերատար։
  7. Դեռահասների սննդային սովորույթները գրեթե ուղիղ համեմատական են այն բանին, թե ինչպես (ինչքան) են նրանք քնում, որքանով է նրանց օրվա ռեժիմը մոտ նորմային։ Դեռահասը պետք է քնի միջինում 9-10 ժամ, նրա մարմինն աճում է սրընթաց, գլխուղեղը՝ նույնպես, ուսումնառության պրոցեսները ակտիվ են ու էներգատար։ Դեռահասին անհրաժեշտ է քնել այդքան, որպեսզի հասցնի բավարար էներգիա կուտակել։ Քիչ քնեց, նշանակում է ավելի շատ էներգիայի կարիք է ունենալու, իսկ որտեղի՞ց է նա ստանալու այդ էներգիան, եթե դպրոցում է՝ չի կարող քնել։ Ստացվում է՝ պետք է ուտի, իսկ ուղեղը պահանջում է արագ ներծծվող էներգիա, քանի որ պետք է լսել ուսուցչին, լինել ակտիվ, պատասխանել, մտածել, լուծել խնդիրները․․․ Իսկ մենք գիտենք, թե ինչն է ապահովում արագ ներծծվող էներգիա՝ քաղցր հյութեր, թխվածքաբլիթներ, շոկոլադե բատոնչիկներ։ Ի՞նչ հասկացանք՝ քիչ քնելու պատճառով սկսում ենք չարաշահել շաքարը։ Առանց էներգիայի դպրոց հասած երեխան վազում է մոտակա խանութ ու գնում դատարկ ածխաջրերով սնունդ։ Նույնն են անում նաև մեծահասակները։
  8. Օրվա մեջ գոնե մեկ անգամ դեռահասը պետք է մասնակցի սեղան գցելու գործին, նստի ու հաց ուտի առանց որևէ գաջեթի։ Երբ ուտելուն պատրաստվում ես ֆիզիկապես՝ սպասքն ես դասավորում, հացը կտրում, գործընթացին միանում է նաև ուղեղը, պատրաստվում է ուտելուն, և ոչ թե գաջեթով ուտելու նման, երբ ուտում վերջացնում ես ու չես հասկանում ինչ կերար, ինչքան կերար ու արդյոք կշտացար։
  9. Երբ մարմնի սրընթաց փոփոխություններ ապրող դեռահասին ծնողները, ֆիթնես ակումբների գովազդները, սոցցանցերը պնդում են, որ մարմնի քաշը շատ կարևոր է՝ հետևանքը շատ հաճախ լինում է կա՛մ անորեքսիան, կա՛մ բուլիմիան։ Պետք է խոսել, օգնել դեռահասին, միասին գնալ մասնագետի մոտ։ Դրա փոխարեն շատ մեծահասակներ ուղղակի ասում են՝ մի բան արա՛, պիտի նիհարես, պիտի չաղանաս․․․ Սա փոս է, որից հետագայում մարդը դուրս է գալիս տարիներով՝ մասնագետների աջակցությամբ, քանի որ ատում է իր մարմինը։
  10. Կարևոր է, որ ընտանիքի բոլոր անդամները նույն ուղղությամբ նայեն ու միասին օգնեն երեխային։ Օրինակ, հասկացել են կամ հաստատվել է, որ երեխան ունի քաշի կամ սննդային վարքի հետ կապված այս կամ այն խնդիրը ու պետք է հետևել որոշակի կանոնների, սննդակարգի, և ուրեմն պետք է պայմանավորվել, որ այլևս տուն չեն բերելու այս կամ այն սնունդը։ Իսկ ի՞նչ ենք տեսնում պրակտիկայում․ մեծահասակներն ամբողջ օրը խոսում են քաշի մասին, ֆիքսում երեխայի ուշադրությունը խնդրի վրա, տանը միշտ կա «արգելված» սնունդ։ Այս հարցը պետք է լուծել նրբանկատորեն։ Բացառիկ պացիենտ եմ ունեցել․ մայրը զանգահարեց ու ասաց, որ պետք է գան կոնսուլտացիայի ու զգուշացրեց՝ երեխայիս, իր քաշի հետ կապված խնդրի վրա չկենտրոնացնելու համար, մենք տանը չենք խոսում ավելորդ քաշի մասին, չենք ասում, որ խնդիր ունի, իսկ Ձեր մոտ այցը բացատրել եմ այսպես՝ գնում ենք մեր սննդակարգն առողջացնելու, ավելի լավը դարձնելու համար։ Սա երեխայի հետ աշխատելու լավագույն օրինակ է։

Դիտեք ամբողջական հարցազրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր