Skip to main content
Հետադարձ կապ

Ի՞նչ է եղել․ 6-ից 10 տարեկաններ

Ինչ փուլում է գտնվում ձեր երեխան

Դպրոց հաճախելուն զուգահեռ՝ կտրուկ զարգանում են երեխաների ֆիզիկական, հոգեկան և սոցիալական հմտությունները: Նրանք սովորում են նկարագրել իրենց հետ տեղի ունեցածը և ավելին խոսել ապրած հույզերի մասին:

Ընկերական հարաբերությունները և տարեկիցների ներգործությունը սկսում է ավելի կարևորվել, երբ նրանք ուշադրությունը տնից դարձնում են արտաքին աշխարհին:

Տնից դուրս ավելի շատ ժամանակ անցկացնելով՝ ձեր երեխան ձեռք է բերում պատասխանատվության զգացողություն և սովորում է ինքնուրույն լինել:

Ավելի մեծ տարիքի որոշ երեխաների մոտ սկսվում է սեռահասունությունը և ի հայտ են գալիս ֆիզիկական և հուզական փոփոխություններ։

Աչքը վրան պահելու ժամանակն է

Դպրոց հաճախելը երեխաներին առերեսում է արտաքին աշխարհի հետ, և կյանքի նշանակալի իրադարձություններից է:

Այն կարևորագույն ժամանակ է երեխաների համար, որպեսզի նրանք ինքնավստահություն ձևավորեն կյանքի բոլոր ասպարեզներում, ինչպիսիք են՝ հարաբերությունների հաստատումը, դպրոցական ուսումը, մարզաձևերով զբաղվելը և սեփական հույզերը կառավարելը:

Նրանց հաջողությունների վրա աչքը պահելը և ողջ ընթացքում նրանց աջակցելը կարող է օգնել դիմակայունությունն ու հոգեկան բարօրությունն ամրապնդելու հարցում:

Ինչպես սկսել զրույցը

  • Սկսեք այս հարցից ինչպե՞ս են գործերը: Ձեր երեխայի հետ խոսե՛ք դպրոցի, ընկերների, սիրելի և չսիրած զբաղմունքների ու դժվարությունների մասին:
  • Անդրադարձեք ամենօրյա իրադարձություններին, որոնք դրական և բացասական հույզեր են առաջացնում, օրինակ՝ այս կամ այն մարզաձևում հաղթելը կամ ցածր գնահատականները, որպեսզի պարզեք, թե ինչպես է զգում ձեր երեխան, և ամուր կապ հաստատեք նրա հետ:
  • Մեծանալուն զուգընթաց և հաշվի առնելով ձեր երեխայի զարգացման աստիճանը՝ զրուցե՛ք սեռահասունության հետ կապված նորմալ ֆիզիկական և հուզական փոփոխությունների մասին և օգնեք նրանց հասկանալու, թե ինչ է սպասվում: Պարզեք, թե ինչպես են իրենց զգում, ինչ մտահոգություններ ունեն, կամ ինչի մասին կուզեին զրուցել։

Ապահովեք անկաշկանդ, վստահության և սիրո վրա հիմնված մթնոլորտ <3

Օգնեք ձեր երեխային, որ նա առանց դժվարության անկեղծանա ձեզ հետ:

Ձեր երեխան ուզում է սիրված և ընդունված լինել իր շրջապատում: Ձեր կողմից ընդունված լինելը վստահություն ձևավորելուն ուղղված առաջին քայլն է:

Լավ մտածեք այն մասին, թե ինչ օրինակ եք ծառայում նրա համար: Ձեր երեխան ձեզ է նայում, նկատում է ձեր հույզերն ու այն, թե ինչպես եք արձագանքում տարբեր իրավիճակներին:

Քաջալերեք նրանց ձեռքբերումներն ու լավ վարքը: Գովեք՝ կենտրոնանալով նրանց գործողությունների («դու սրա վրա լավ աշխատեցիր, և ահա արդյունքը»), այլ ոչ նրանց անհատականության վրա («Օ՜, դու խելացի ես»):

Ձեզ հետ միասին անցկացրած ժամանակը յուրահատուկ նվեր է ձեր երեխայի համար

«Ես քեզ սիրում եմ» ասելը կամ գրկելը զգացմունքներն արտահայտելու միակ միջոցը չեն:

Իրապես լսեք նրանց և անկեղծ հետաքրքրվեք նրանց պատմածով:

Զվարճացեք միասին՝ ինչ-որ հատուկ ձևերով, նույնիսկ եթե դրանք աննշան են:

Ներգրավեք նրանց ընտանեկան որոշումների կայացմանը, օրինակ՝ միասին որոշեք, թե ինչ եք ուտելու ընթրիքին:

Նրանք պետք է իմանան, որ դուք սիրում եք նրանց՝ անկախ ամեն ինչից, անկախ թույլ տրված սխալներից:

Նույնաբովանդակ այլ նյութեր