Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ մտքեր` ներդաշնակ կյանք․ բռնություն

Երբ ծնողն ապտակում է երեխային կամ վիրավորական բառեր է ասում, գոռում է երեխայի վրա կամ փակում սենյակում, նա խլում է երեխայից ամենակարևորը՝ ապահով և պաշտպանված լինելու զգացողությունը: Մինչդեռ յուրաքանչյուր երեխայի համար ծնողը հեղինակություն է, իր ապահովության երաշխավորը: Երեխան ոչ թե ցավից է վախենում կամ լաց լինում, այլ այն մտքից, որ իր պաշտպանը դարձել է իր բռնարարը:

Բռնությունը միայն վնասում է. սա գիտեն բոլորը, իսկ ինչպե՞ս հրաժարվել դրանից, ինչո՞վ փոխարինել այն։ Այս կարևոր թեման քննարկել ենք հոգեբան, ԵՊՀ դասախոս Սոսե Խաչիբաբյանի հետ։

Հոգեբանն ընդգծում է, որ շատ ծնողներ դիմում են բռնության ոչ թե որովհետև ցանկանում են բռնության ենթարկել երեխային(ներին), այլ ճիշտ հակառակը՝ հաճախ մղումները միանգամայն դրական են. ուզում են երեխային կարգ ու կանոն սովորեցնել, ուզում են, որ երեխան ապագայում նույն սխալը չկրկնի, անկարգություն չանի, բայց մի խումբ հանգամանքների ճնշման տակ, նրանք ընտրում են դաստիարակության «գործիքներից» ամենավատը՝ բռնությունը: Պատճառները բազմաթիվ են.

  • իրենք էլ ենթարկվել են բռնության
  • չեն տիրապետում այլ մեթոդների
  • համոզված են, որ երեխան իրենց սեփականությունն է. կվարվեն, ինչպես ճիշտ են գտնում
  • վստահ են, որ ունեն դրա իրավունքը և այլն:

Բայց բռնության գնով երեխայից «օրինակելի վարք» ստանալու փորձերն ի սկզբանե մատնված են ձախողման, քանի որ երեխան, որոշ ժամանակ, վախի գործոնի ազդեցությամբ, կարող է «տալ» ծնողին այն, ինչ իրենից ուզում են, և ծնողին կարող է թվալ, որ իր մեթոդն «աշխատում» է, այնինչ բռնությունը քայքայում է հարաբերությունները, հարվածում է երեխայի ինքնագնահատականին, և ծնողը մի օր առերեսվելու է դրանց արդյունքներին:

Բռնությունը ստիպում է երեխային մտածել՝ գուցե ես լավը չեմ, գուցե ինձ չեն սիրում, գուցե պետք չեմ իմ ծնողներին, իսկ որ էլ ավելի սարսափելի է՝ երեխան կարող է մեծանալ համոզմունքով, որ ինքն արժանի է նման վերաբերմունքի. բարդույթ, որը թունավորելու է այդ մարդու ամբողջ կյանքը՝ ներխուժելով բոլոր փոխհարաբերությունների մեջ՝ ընկերներից մինչև սեփական ընտանիք։

 

Ինչից սկսել

Բռնության ցանկացած ձևի դիմող ծնողի գործողությունների հիմքում համոզմունքն է, որ նա ունի դրա իրավունքը։ ԲԱՅՑ կարևոր է հասկանալ, որ թեկուզև գործ ունենք մեր երեխայի հետ, բայց նա մեր սեփականությունը չէ նա անձ է, առանձին  անհատականություն, որ ունի ցանկացած բռնությունից պաշտպանված լինելու իրավունք։

Ուստի բռնության դեմ պայքարելու առաջին քայլը նախ ընդունելն է, որ մենք բռնության դիմելու իրավունք չունենք։ Երկրորդ քայլը ազդեցիկ այլընտրանքներ գտնելն է, որոնք, իհարկե, շատ անհատական են յուրաքանչյուր երեխայի համար։

Հիշե՛ք, բռնությունը արդյունավետ չէ, և այլ ճանապարհներ ևս կան, որոնք շա՜տ ավելի արդյունավետ են և չեն վնասում հարաբերություններին ու դառնում են մշատական գործիք։ Ստորև առաջարկում ենք մի քանի այլընտրանքներ։

Դրե՛ք հստակ սահմանափակումներ։ Եթե երեխան չգիտի, որ տվյալ բանն անել չի կարելի, նա իսկապես դա փորձարկելու իրավունքն ունի։ Ուստի առաջարկում ենք երեխային նախապես ներկայացնել այդ թույլատրելիի ու անթույլատրելիի սահմանները։ Իսկ եթե արվել է «անթույլատրելին», որի մասին երեխան արդեն գիտեր, կարելի է որոշակի սահմանափակումներ մտցնել։ Օրինակ՝ սահմանափակել երեխայի շատ սիրելի, բայց ոչ կենսական նշանակություն ունեցող զբաղմունքներից որևէ մեկը, օրինակ՝ մուլտֆիլմ նայելը։ Հասկանում ենք, որ, օրինակ, սնվելու կամ քնի սահմանափակման մասին խոսք չի կարող գնալ, քանի որ կենսական բաներից զրկելն էլ բռնություն է ու իրավունքի խախտում։ Այստեղ մեր նպատակը սահամաններ դնելն է և ոչ՝ երեխայի առողջությանը վնաս հասցնելը։

Կարևոր է, որ երեխան տեսնի պատճառահետևանքային կապը, թե ինչու դրվեց այս սահմանափակումը։

Կարևոր է, որ ծնողը երեխային հետ համագործա կցի՝ ներգրավելով նրան որոշումների կայացման գործընթացում։ «Արի միասին որոշենք՝ ինչ անենք, որ հետագայում կանխենք այս ամենը» կամ «արի որոշենք, եթե հաջորդ անգամ այսպես լինի, ինչից ես զրկվելու» և այլն։

Կարևոր է, որ երբ կա սահմանափակում, երեխան իրեն շարունակի սիրված և ընդունված զգալ։ Դա շատ հեշտ է, պետք է ընդամենն ասել՝ «հիմա պատժված ես, չենք կարող գնալ դուրս, բայց մենք միևնույնն է սիրում ենք քեզ։ Պատժում ենք արարքը, ոչ՝ անձին։

Խրախուսեք երեխային։ Եթե բացասական արարքի համար երեխայի համար սահմանափակումներ ենք դիտարկում, նույնքան կարևոր է, որ երեխայի կողմից կատարվող դրական քայլերը հատուկ շեշտադրվեն։ Ծնողի կողմից երեխան պետք է նաև արժանանա գովասանքի, պետք է նկատել դրական վարքն ու բարձրաձայնել դա։ Թվում է՝ սա անմիջական կապ չունի բռնության հետ, բայց սա նշանակալիորեն կարող է կանխել բռնությունը։

Դադար վերցրեք։ Երբ երեխայի մոտ նկատում եք հուզական պոռթկումներ կամ որոշակի քայլեր, որոնք այդ պահին ծնողին շատ դժվար է ընդունել, կարելի է տվյալ իրավիճակներում պայմանավորվել խոսակցությունը հետաձգելու մասին «կխոսենք, երբ դու հանսգտանաս», «հիմա խոսել չեմ կարող, շատ բարկացած եմ»։ Մինչև ծայրահեղ քայլերի հասնելը, սեփական զգացմունքներից խոսելը կարող է շատ արդյունավետ լինել։ Կարևոր է հետագա քննարկումը ևս։ Պետք է բացատրել երեխային, թե ինչու ծնողն /թե երեխան՞/ այդպես վարվեց, երեխային ելքեր ցույց տալ և հուշել այլընտրանքներ:

Ավելին, թվում է, թե այս մեթոդը կարելի է կիրառել դպրոցական տարիքից, բայց երեխան կարող է պատճառահետևանքային կապեր տեսնել շատ ավելի վաղ տարիքից, ուստի կարելի է այսպես վարվել նաև նախադպրոցական կամ դրանից փոքր տարիքում։

Բոլորս էլ գիտենք, որ զայրույթի պահերին արդյունավետ միջոցներ գտնելը հեշտ չէ։ Կարևոր է վատ վարքին մեր արձագանքը մի քանի վայրկյան զսպելը կարող ենք մտքում հաշվել մինչև տասը կամ դուրս գալ այլ սենյակ, քանի որ զայրույթի պահին կարող ենք անել քայլեր, որոնք հույզերով են պայմանավորված և ոչ թե մեր պատկերացումներով ու սկզբունքներով։

Հասկանալ երեխայի արարքի պատճառը և խոսել սեփական հույզերի մասին։ Կարևոր է հասկանալ երեխայի արարքի պատճառը։ Եթե երեխան չի կարողանում բացատրել, ուրեմն պարզենք՝ նրա հետ խոսելով և նրան ուղիղ հարցնելով։ Նույն զայրույթի կառավարման ժամանակը պետք է նաև երեխային տանք։ Կարևոր է, որ սա չհնչի որպես պատիժ՝ «պատժված ես, գնա քո սենյակ» կամ «ինչքան ուզում ես՝ լացիր»։

Կարևոր է մեր հույզերի մասին խոսելը և մեր երեխայի հույզերի մասին հարցնելն ու հասկանալը։

Անդադար փորձարկել և գտնել բռնությունը մերժող և մեր երեխայի համար աշխատող մեթոդներ։ Հաճախ, ծնողը բռնություն է կիրառում, բայց հետո անմիջապես ափսոսում է և իրեն մեղավոր զգում։ Այս դեպքում, շատ կարևոր է մի պահ կանգ առնել ու հասկանալ,թե ինչու ենք կիրառում բռնություն արդյոք այլ գործիքների ու մեթոդների չենք տիրապետում, արդյոք որևէ փուլում այլ գործիքներ աշխատել են, այդ երբ է եղել, որ նմանատիպ իրավիճակում չենք դիմել բռնության։ Պետք է անդադար փորձարկել և գտնել մեր երեխայի համար աշխատող մեթոդները։

Վերջում․․․

Հոգեբանական բռնության ձևերը պակաս ազդեցություն չեն ունենում երեխայի վրա, երբեմն անգամ կարող ենք հավասարության նշան դնել հոգեբանական և ֆիզիկական բռնության ազդեցությունների միջև։ Գուցե ծնողը չի ծեծում, բայց անտեսում է, բայց վիրավորում է, բայց փակում է մութ սենյակում այս ձևերը պետք է բացառվեն ծնողավարման գործիքակազմից։

Ելքեր չգտնելու դեպքում հոգեբանին ու մասնագետին դիմելը կարևոր է, որովհետև վերջինս կօգնի հասկանալ բռնության դիմելու ներքին մղումները, որոնք հնարավոր է հենց ծնողի մանկական տրավմաների և հոգեբանական խնդիրների արդյունքը լինեն։ Հիշեք, բռնությունը միայն վնասում է երեխային, արդյունավետ մեթոդ չէ և այն կանխելու շատ  տարբերակներ կան։

Դիտե՛ք ամբողջական հարցազրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր