Skip to main content
Հետադարձ կապ

Ինչո՞ւ են երեխաները բռնություն գործադրում

Հաճախ զայրույթի պոռթկումների ժամանակ երեխան բռնություն է գործադրում շրջապատողների նկատմամբ: Զանգվածային տեղեկատվության միջոցները (հեռուստատեսություն, ֆիլմեր) հաճախ երեխաներին կոնֆլիկտները բռնի ուժով լուծելու օրինակներ են ցուցադրում:

Ծնողները նույնպես անգիտակցաբար կարող են բռնության օրինակ հանդիսանալ: Երեխաներն ընդօրինակում են իրենց տեսածը: Երբ ապտակում եք երեխային, դրանով սովորեցնում եք բռնությամբ պատասխանել սթրեսին: Եթե ջղայնացած կամ հոգնած ժամանակ գոռգոռում կամ ջարդուփշուր եք անում իրերը, մի զարմացեք, երբ երեխան հետևում է ձեր օրինակին:

Աշխատեք հասկանալ, թե ինչն է ագրեսիվ պատասխանի մղում ձեր երեխային: Արդյո՞ք դա սկսում է այն ժամանակ, երբ նա հոգնած է, հուսահատված, վիճել է ինչ-որ մեկի հետ կամ փորձում է ինչ-որ բան խլել մեկ ուրիշից, թե՞ դա նրա պաշտպանական արձագանքն է ստեղծված իրադրությանը: Արդյոք երեխան առավել հաճախ է ընկնում փո՞քր երեխաների ետևից, թե՞ իրենից մեծերի, հակամարտությունների առավել հաճախ տեղի են ունենում նույն սեռի երեխաների՞, թե՞ մեծահասակների հետ:

Հիշեք, որ ագրեսիան բնական ռեակցիա է սթրեսի հանդեպ: Որոշելով, թե ինչն է հունից հանում ձեր երեխային, ձեզ ավելի հեշտ կլինի լուծել խնդիրը: Փոքր երեխաներն ավելի հակված են ջղային համ հիասթափված ժամանակ իրենց կատաղությունը դուրս բերելու ագրեսիայով: Փոքր երեխան նկատում է, որ հարվածելը, կծելը, ոտքով խփելը և իրերը շպրտելը այն գործողություններն են, որոնք միշտ ուշադրության են արժանանում: Նույնն էլ գոռալու կամ առարկաները ջարդելու դեպքում: Երեխայի մեծանալուն զուգընթաց, մենք պետք է օգնենք նրան իր սթրեսն արտահայտել արդեն ոչ բռնի ձևերով: