Skip to main content
Հետադարձ կապ

Հայր. պարտականություններից մինչև պատասխանատվություն

Հունիսի 19-ին աշխարհի մի շարք երկրներում տոնում են Հայրերի օրը: Հայաստանն այդ տոնին դեռ չի միացել, բայց ոչինչ չխանգարեց մեզ, տոնին ընդառաջ զրուցել հոր դերի, կարևորության, պարտականությունների, իսկական արժեքների ու կարծրատիպերի մասին:

Իր բազմամյա փորձի, կուտակած գիտելիքների ու քաղած դասերի մասին պատմել է դերասան Բաբկեն Չոբանյանը: Զրույցից դուրս ենք բերել ամենակարևոր 13 կետերը:

  1. Երբ ասում ենք ծնող, հասկանում ենք պատասխանատվություն, բայց դրա գիտակցումը միանգամից չի գալիս: Ես, օրինակ, դա գիտակցել եմ տարիների ընթացքում: Համատեղ ապրած ամեն մի տարին, կյանքի ամեն մի նոր փուլը հստակություն է մտցնում պատասխանատվություն եզրույթի ընկալման մեջ: Բայց այդ պատասխանատվությունը բեռ չի, հոգնելու կամ ընկճվելու առիթ չի, հակառակը, լցվում ես նոր զգացողություններով ու էներգիայով, որը թույլ չի տալիս թևաթափ լինել, կոտրվել, ստիպում է լինել լավատես:
  2. Պատասխանատվության մի կեսը բաժին է հասնում երեխայի (երեխաների) ֆիզիոլոգիական պահանջմունքների բավարարմանը, մյուս կեսը՝ հոգեբանական: Կարծում եմ՝ գլխավոր գաղտնիքը ծնող-երեխա փոխհարաբերություններում է: Հաճախ է լինում, երբ շփվում եմ, որևէ երեխայի կամ ընտանիքի հետ ու հասկանում եմ, որ ծնող-երեխա կոմունիկացիան շատ թույլ է կամ չկա. երեխաները դրանից շատ են տուժում:
  3. Ես անում եմ ամեն ինչ, որ իմ երեխաները որևէ հարցով առաջինն ինձ դիմեն, այսինքն կարևոր է, որ ծնողը պատրաստ լինի լսել իր երեխային: Կխոսեն խնդիրների, ձեռքբերումների, թե իրենց սովորական առօրյայի մասին, ինձ համար կարևոր է, որ նրանք իմանան, որ ես միշտ կլսեմ: Կարող է այդ պահին հոգնած ես, հետաքրքիր չի, թե ինչ են պատմում կամ արդեն անգիր գիտես, միևնույն է՝ պետք է լսել երեխային:
  4. Լսելուն հաջորդում է արձագանքելը: Արձագանքում ես ըստ քո փորձի, քո դաստիարակության, քո արժեհամակարգի, այնպես, ինչպես հասկանում ես: Ես գոնե այդպես եմ անում: Գիտեմ, որ երեխաները հաճախ չեն խոսում հայրերի հետ՝ վախենալով արձագանքից՝ կգոռա, կպատժի, կքննադատի... (այսպիսի արձագանքները պետք է հասցնել նվազագույնի): Ես ասում եմ տղաներիս, թե ինչպես եմ հասկանում իրավիճակը ու չեմ պնդում, որ իմ ասածը միակ ճշմարիտն է, ուղղակի ասում եմ, որ իմ դեպքում (երբ երեխա էի) այսպես է եղել, քո դեպքում կարող է այլ կերպ լինել: Այն մոդելը, որն աշխատել է իմ դեպքում պարտադիր չէ, որ նույքան գործունակ լինի երեխաներիս դեպքում, նրանք դա պետք է հասկանան: Դրան հնարավոր չէ միանգամից գալ: Ես, օրինակ, տարիների ընթացքում եմ սովորել, խմբագրել եմ ինձ, որ լինեմ օգտակար ծնող:
  5. Ծնող լինելու կարևորագույն նախապայմաններից մեկը ինքդ քեզ կասկածելու ունակությունը չկորցնելն է: Եթե համոզված լինես, թե որևէ սխալ չես գործում երեխայիդ հետ հարաբերություններում, որ բացարձակ ճիշտ ես, դա լավ տեղ չի տանի: Բայց այդ կասկածն էլ չպետք է թուլության տպավորություն թողնի, քանի որ երեխային հենարան է պետք: Հենց դրա համար էլ ես ձգտում եմ, որ մեր զրույցները լինեն «հենարանի» ու ընկերության մակարդակում:
  6. Լինում են դեպքեր, երբ խոստովանում եմ, որ ինչ-որ բան չգիտեմ, չգիտեմ սա լավ է, թե վատ... Բայց շատ կարևոր է, որ խոսենք դրա մասին, որպեսզի երեխան «սխալ» տեղերում չփնտրի իր հարցերի պատասխանները: Խոսել-վերլուծելով էլ գտնում ենք շատ հարցերի պատասխաններ: Խոսելն օգնում է նաև լույս սփռել երեխայի խնդիրների վրա: Երեխաները հաճախ կարծում են, որ ունեն մեծ խնդիր,  բայց զրույցի ավարտին հասկանում են, որ խնդիր, որպես այդպիսին, չկար, ուղղակի պետք էր խոսել, բարձրաձայնել:
  7. Երեխայի հետ չի կարելի խոսել «ամենաներով»՝ ամենալավն ես, ամենատաղանդավորն ես, ամենագեղեցիկն ես. դա խտրականություն է սերմանում: Այո, պետք է գովել, ասել՝ լավ ես արել, ճիշտ ես գրել, գեղեցիկ է ստացվել, չգիտեի, որ դու այսպես էլ ես կարող, ինձ դուր եկավ, բայց չկպցնել «ամենա» պիտակը, դա խանգարում է առողջ ինքնագնահատականի ձևավորմանը: Ես միշտ նախ խոսում եմ առավելությունների մասին, բայց հետո անպայման ասում եմ, թե իմ կարծիքով ինչն այնպես չէ:
  8. Կարծրատիպերը որևէ մեկին որևէ լավություն չեն արել, հայրերին՝ նույնպես: Մեզանում տարածված կարծրատիպերի պատճառով շատ հայրեր չեն թաթախվում երեխաների խնամքի գործերում, զսպում են սիրո ու հոգատարության պոռթկումները: Դա շատ վատ է, քանի որ հետևանքները վաղ թե ուշ արտահայտվելու են իրար չհասկանալու, իրարից մի տեսակ օտարացած լինելու, լեզու չգտնելու ձևով: Հիմա նկատում եմ, որ շատ բան դեպի լավն է փոխվել, դա ուրախացնում է: Ճանապարհը սերն է: Սերն իրացնելու հնարավորություն պետք է ունենալ, ու ոչ մի ամոթ կամ կարծրատիպ չպիտի խոչընդոտի, որ հայրն իր սերն արտահայտի, հոգատարություն դրսևորի: Ես երբեք կաշկանդված չեմ եղել կաղապարներով, ինչպես ցանկացել եմ դրսևորել եմ սերս: Պակասներ եղել են, բայց միայն այն պատճառով, որ հաճախ ու շատ եմ բացակայել տնից, բայց երբ մենք միասին ենք՝ ես ազատ եմ ցույց տալու իմ սերն այնպես, ինչպես ես եմ ճիշտ համարում: Մինչև հիմա էլ այդպես է:
  9. Սերը չպիտի դառնա սակարկությունների առարկա: Ծնողներից և ընտանքի մյուս անդամներից և ոչ մեկը չպետք է փորձի դառնալ ավելի սիրելի երեխայի համար մյուսներին արժեզրկելու գնով: Չգիտեմ, թե ինչքանով է դա ինձ հաջողվում, բայց ես շատ ջանք եմ դնում, որպեսզի իմ որոշումներով (երեխաներին որևէ բան արգելելով կամ թույլատրելով) չնսեմացնեմ կնոջս խոսքը, նրա հեղինակությունը: Եթե նա արգելել է, ես էլ եմ արգելում և հակառակը:
  10. Ես նույնիսկ հայրական ապտակ չեմ հիշում: Իմ մանկությունն անցել է առանց բռնության: Կարծում եմ, ինչքան էլ բարդ լինի՝ պետք է փնտրել բռնությունը փոխարինող միջոցներ, պետք է գտնել: Նաև դրա համար եմ կարծում, որ պետք չէ վաղ ամուսնանալ ու երեխա ունենալ, քանի որ կան բաներ, որ միայն տարիքի հետ ես հասկանում և ընդունում:
  11. Դեռահասությունը բարդ փուլ է, բայց միևնույն ժամանակ շատ օրինաչափ, անխուսափելի: Դա ասում եմ, որպեսզի հասկանանք, որ պետք չէ ծնող լինել 24 ժամ, պետք է թողնենք, որ որոշ բաներ էլ իրենց հունով գնան: Ամենադժվարը աննկատ ծնող լինելն է, բայց դա էլ կարևոր է, քանի որ եթե մենք «շատ ենք ներկա» մեր երեխաների կյանքում՝ դա դառնում է բեռ նրանց ուսերին, հատկապես դեռահասության տարիքում:
  12. Ասում են՝ դեռահասությունը բունտ է, որ այդ տարիքում երեխաները փորձում են թույլատրելի սահմանները, անջատվում են ծնողներից, ընդգծում են, որ ինքնուրույն են: Դա էլ նորմալ է: Բայց որպեսզի դեռահասության փուլում դա կտրուկ ու ագրեսիվ դրսևորումներ չունենա, հարաբերությունները պետք է սկսել կառուցել ավելի վաղ տարիքից: Օրինակ՝ փոքր տղաս ինչ ձև ասես չի կտրել իր մազերը, ես թողել եմ, որ իր սանրվածքի հետ անի ինչ ուզում է ու կարծում եմ հենց դրա շնորհիվ էլ չի գա այն օրը, երբ նա կհայտարարի, որ ուզում է մազերը ներկել կանաչ: Եթե ես միշտ արգելեի նրան իր արտաքինի հետ անել իր սրտի ուզածը,  վստահաբար կկուտակվեր բացասական էներգիա, որը մի օր մի տեղից դուրս կգար: Հասկանում եք, որ սա միայն արտաքինին չի վերաբերում:  
  13. Լինել դերային մոդել նշանակում է չմոռանալ, որ քեզ նայում են, որ որոշ բաներ վարքիդ ու սովորույթներիդ մեջ պետք է փոխես վերանայես, խմբագրես: Օրինակ՝ երեխայի ծնունդը կարող է ստիպել հորը թողնել ծխելը, որպեսզի հետո չպայքարես մի բանի դեմ, ինչ ինքդ ես անում: Հայրս, ինչքան էլ հոգնած գար տուն, կարդում էր: Կարիք չկար, որ նա ինձ ասեր՝ կարդա, ես ուղղակի տեսնում էի, որ նա անհագ կարդում է, դա բավական էր, որ ես էլ կարդայի:

Դիտեք ամբողջական հարցազրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր