Skip to main content
Հետադարձ կապ

Հայրիկի հետ խաղալով՝ երեխան սովորում է վերահսկել իր հույզերը

Երբ հայրը վաղ տարիքից սկսած խաղում է երեխայի հետ, ապա հետագայում երեխան ավելի հեշտ է վերահսկում իր վարքն ու էմոցիաները՝ փաստում է Քեմբրիջի համալսարանի կրթության ֆակուլտետի և Լեգո հիմնադրամի նոր հետազոտությունը։ Ուսումնասիրվել է, թե ինչպես են հայրերն ու մայրերը խաղում 0-3 տարեկան իրենց երեխաների հետ և թե ինչպես է դա ազդում երեխայի զարգացման վրա։

Ճիշտ է` նմանություններ շատ կան, սակայն հայրիկները, կարծես, ավելի շատ են ֆիզիկական խաղեր խաղում, ինչպիսիք են, օրինակ՝ «խուտուտ տալը», «բռնոցին», «պահմտոցին», որոնք, ինչպես պնդում են հետազոտողները, օգնում են երեխային սովորել վերահսկել էմոցիաները։

Եվրոպայում և ԱՄՆ-ում 1977-2017թթ-ին իրականացված ավելի քան 78 ուսումնասիրությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անմիջական կապ կա հայրր-երեխա խաղի և հետագայում երեխայի՝ իր էմոցիաները վերահսկելու միջև։

Ըստ հետազոտության՝ վաղ մանկական տարիքում/կամ 0-3տարեկանում/ հոր հետ ավելի շատ և ավելի <<լավ>> խաղեր խաղացած երեխաներն ավելի քիչ են հակված հիպերակտիվության, էմոցիոնալ կամ վարքային բարդությունների դրսևորման։ Նրանք նաև ավելի լավ են վերահսկում իրենց ագրեսիան և ավելի քիչ հավանական է՝ հարվածեն այլ երեխայի՝ անգամ նրա հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում։

Փոլ Ռամչանդանին (Paul Ramchandani)՝ Քեմբրիջի համալսարանի կրթության մասնագետը և ուսումնասիրության համահեղինակն, ասում է «Ֆիզիկական խաղը ստեղծում է ուրախ և ոգևորիչ իրավիճակ, որի ժամանակ երեխան պետք է վերահսկի իր քայլերը։ Պետք է ուշադիր լինի, թե որ պահին ինչ անել, որպեսզի հաղթի, իսկ պարտության դեպքում էլ պետք է հասկանա, որ դա միայն հնարավորություն է տալիս հաջորդ անգամ ավելի լավ խաղալ։ Ստացվում է՝ խաղալիս այնպիսի ապահով միջավայր է ստեղծվում, որտեղ երեխաները սովորում են՝ ինչպես արձագանքել իրավիճակին, օրինակ՝ որ ուղղությամբ վազել, թաքնված ժամանակ լուռ մնալ և այլն։

Հետազոտողները նաև պնդում են, որ միայն մայրիկների հետ ապրող երեխաները նույնպես չեն տուժում, քանի որ ապացուցված է՝ վաղ մանկության տարիքում ծնողների հետ խաղը նպաստում է երեխայի մտավոր և երեխայի՝ զգալու, զգացմունքներն արտահայտելու և դրանք կառավարելու կարողության զարգացմանը։ Բացի այդ՝ մայրերը նույնպես կարող են ֆիզիկական ակտիվության տարր պարունակող շատ խաղեր խաղալ երեխաների հետ։

Փ. Ռամչանդանին նշում է, որ հետազոտությունը ցույց է տալիս նաև երեխայի հետ խաղերի բազմազանության կարևորությունը։

Իսկ «Լեգո» հիմնադրամի ներկայացուցիչը՝ հետազոտության համահեղինակ Կիարա Լավերթին նշում է, որ անհրաժեշտ է վաղ տարիքում երեխաների հետ խաղալու համար ծնողներին ժամանակ և պայմաններ տրամադրել։ Նպաստավոր միջավայր ստեղծելու համար պետք է բարելավել քաղաքականությունը և մշակութային նորմերը, որպեսզի հայրիկներին քաջալերել՝ ավելի շատ ժամանակ անցկացնել իրենց երեխաների հետ:

Նյութի աղբյուրն՝ այս հղմամբ։