Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես ձեր փոքրիկին ներկայացնել գիտությունը

Լավ նորությունն այն է, որ գիտությունը բնական ճանապարհով թափանցում է փոքրիկ երեխաների մեջ: Փոքրիկներն անընդհատ փորձեր են անում. առարկաներ շպրտելը, ջուրը չփչփացնելը, գնդակ գլորելը,- այս ամենը շրջապատող աշխարհը ուսումնասիրելու և դրան ծանոթանալու միջոցներ են ձեր երեխաների համար: Եթե անգամ որոշ ժամանակ հեռու եք եղել գիտությունից, միևնույն է, դուք շատ բան կարող եք անել ձեր երեխայի համար՝ նոր հայտնագործություններ անելու ճանապարհին: Ահա մի քանի միջոց, որոնցով կարող եք օգնել ձեր փոքրիկ գիտունիկին:

Թու՛յլ տվեք, որ ձեր երեխան նախաձեռողականություն դրսևորի

Փորձեք նկատել, թե ինչն է ի ծնե հետաքրքրում ձեր մանչուկին: Նա փորձելու է խնդիրները ինքնուրույն լուծել, օրինակ՝ տարբեր ձևերով փորձելու է հարմարեցնել փազլի կտորը: Նրան խնդրից գլուխ հանելու հնարավորություն տվեք, բայց և պատրաստ եղեք օգնելու, եթե տեսնեք, որ այլևս չի կարողանում: Իհարկե, եթե նա սկսում է ինչ-որ բան անել, որ անվտանգ չէ, ապա կարևոր է՝ միջամտել և օգնել:

Խոսեք և խոսեցրեք

Խոսեք ձեր երեխայի հետ այն մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ նա խաղում կամ փորձեր է անում: Օրինակ, կարող եք լողացնելիս նրանց բացատրել, թե որ առարկաներն են լողում ջրի երեսին, և որոնք՝ սուզվում: Հարցեր տվեք երեխային. «Ի՞նչ ես կարծում, ինչո՞ւ այդ մի խաղալիքը մնաց ջրի վրա, իսկ մյուսը՝ սուզվեց»:

Դուրս եկեք տնից

Ուսումնասիրելու այնքա՜ն բան կա դրսում: Ձեր երեխայի հետ զբոսանքի գնացեք և խոսեք այն մասին, թե ինչ կենդանիներ եք տեսնում, թե ինչ եղանակ է, և թե ինչ բույսեր են աճում: Զգուշորեն հպվեք տերևներին և քարերին, ականջ դրեք կենդանիների արձակած ձայներին և զրուցեք ձեզ հետ տեղի ունեցողի մասին: Ձեր երեխային հարցրեք, թե նրա կարծիքով՝ ինչո՞ւ տերևներն ու ծաղիկները տարբեր գույն և բույր ունեն: Կարող եք նաև փորձել զրուցել եղանակի մասին: «Այսօր արևո՞տ է, թե՝ ամպամած»: Դա կօգնի զարգացնել ձեր երեխայի հետաքրքրությունը բնության հանդեպ:

Խրախուսեք հետաքրքրասիրությունը

Ձեր երեխային ցույց տվեք տարբեր առարկաներ, օրինակ՝ տերևներ, խեցիներ, քարեր կամ ինչ-որ փափուկ գործվածք: Նրան առաջարկեք զգալ և ուսումնասիրել դրանցից յուրաքանչյուրը: Հարցրեք, թե ինչով են դրանք նման կամ տարբեր: Դա կխրախուսի ձեր երեխայի հետաքրքրասիրությունը, և նա կսկսի ուսումնասիրել ձևի, չափի և կազմության հասկացությունները: Նույնը կարող եք կրկնել սնվելիս. «Քա՞ղցր է, թե՝ թթու»: «Փափո՞ւկ է, թե՝ խրթխրթան»:

Սովորեք միասին

Ամենակարևորը ոչ թե բոլոր հարցերի պատասխանները ստանալն է, այլ այդ պատասխանները ձեր երեխայի հետ ընկերովի գտնելը: Միասին դիտեք, թե ինչ է տեղի ունենում, երբ խառնում եք տարբեր գույնի ներկեր կամ թե որ գնդակն է ավելի բարձր ցատկում: Եթե երեխան ձեզ հարց է տալիս , որի պատասխանը չգիտեք, ապա գրի առեք, որպեսզի հետագայում միասին գտնեք պատասխանը: Հիշե՛ք, որ գիտությունը ենթադրում է ուսումնասիրություն և հարցեր, և խոսքը միայն ձեր փոքրիկի մասին չէ: Ձեր գիտական հայտնագործությունների ճանապարհին հաճույք ստացեք միասին սովորելով:

Նույնաբովանդակ այլ նյութեր