Skip to main content
Հետադարձ կապ

Երեխայի մտավոր զարգացումը 5-7 տարեկանում

Հինգից յոթ տարեկան հասակում երեխայի մտավոր ունակությունները նոր մակարդակի են հասնում: Երեխան կարողանում է մի բանի վրա կենտրոնանալ, թույլ չտալ խանգարող հանգամանքներին շեղել իր ուշադրությունը, ինչպես նաև` սովորում է կիրառել թվերի ու տառերի նման վերացական խորհրդանշանները հիշելու համար անհրաժեշտ ռազմավարություններ: Այս ունակությունները շատ կարևոր են, քանի որ երեխան մուտք է գործում դպրոց: Դպրոցը նոր հնարավորություններ է ընձեռնում խթանելու, զարգացնելու և օգտագործելու այս մտավոր ունակությունները:

Ուսուցիչները նպաստում են երեխաների մտավոր ունակությունների զարգացմանը` խթանելով իրերի միջև եղած հարաբերությունների ըմբռնումը այնպիսի հասկացությունների միջոցով, ինչպիսիք են` «ավելի քան…», «ճիշտ այնքան, որքան…», «հավասար է» և այլն: Բացի դրանից` նրանք օգնում են երեխաներին պատկերացում կազմել այնպիսի հասկացությունների մասին, ինչպիսիք են տարածությունն ու հեռավորությունը, ավելն ու պակասը, դատարկն ու լիքը, աջն ու ձախը, առաջինն ու վերջինը, հեռուն և մոտը: «Մեծ, ավելի մեծ, ամենամեծ» կամ «երկար, ավելի երկար, ամենաերկար» համեմատություններն օգնում են երեխաներին դիտարկել ու համեմատել իրենց շրջապատող աշխարհի առարկաները:

Դուք նույնպես կարող եք նպաստել երեխայի մտավոր զարգացմանը: Օրվա ընթացքում իրենց շրջապատող միջավայրը ուսումնասիրելով և դիտարկելով, խոսելով դրա մասին և հաշվելով տարբեր առարկաներ` երեխաները կարող են զարգացնել իրենց մտավոր ունակությունները հետաքրքիր և գործնական եղանակով:

Երեխայի մտավոր ունակությունները զարգացնելու համար կարիք չկա սահմանել հատուկ ժամեր «պարապմունքների» համար: Սովորելը կարող եք հաճելի և գործնական դարձնել` ընդգրկելով երեխային առօրյա գործողությունների մեջ և խաղալով նրա հետ: