
Ինչո՞ւ են վաղ մանկության կրթությունը և խնամքը կարևոր
Կյանքի առաջին հինգ տարիները չափազանց կարևոր են երեխայի առողջության, զարգացման և բարեկեցության համար երկարաժամկետ հեռանկարում։
Տասնամյակների փորձը ցույց է տալիս, որ երեխայի կյանքի առաջին տարիները կենսական նշանակություն ունեն նրա երկարաժամկետ ֆիզիկական, հոգեկան և հուզական զարգացման համար։ Քանի որ երեխաների ուղեղն ու մարմինը հատկապես առաջին երեք տարիների ընթացքում շատ արագ են զարգանում, այդ շրջանի փորձառությունը կարող է ազդեցություն ունենալ նրանց կյանքի ամբողջ ընթացքում։ Այս գործընթացին նպաստող փորձառություններից են որակյալ նախադպրոցական կրթությունը և այդ տարիքում ստացած խնամքը։
Սա կարող է հատկապես կարևոր դեր ունենալ սոցիալապես անապահով ընտանիքներում ապրող երեխաների համար, քանի որ աղքատությունը կարող է տարատեսակ ազդեցություններ ունենալ երեխայի երկարաժամկետ զարգացման վրա, սկսած հոգեկան առողջության լուրջ խնդիրներից մինչև ճանաչողական հմտությունների վատթարացում։
Երբ երեխաները սկսում են դպրոց հաճախել, ավելի ցածր եկամուտ ունեցող ընտանիքների կամ փոքր գյուղական համայնքերի երեխաները ավելի մեծ ռիսկի են ենթարկվում ուսման մեջ հետ մնալու և իրենց՝ ավելի բարեկեցիկ միջավայրում ապրող հասակակիցներին առաջադիմությամբ զիջելու առումով։ Մեծ է հավանականությունը, որ նրանք կմնան նույն դասարանում՝ ուսումնական տարին կրկնելու կամ չեն ավարտի ավագ դպրոցը։
Բազմիցս ապացուցվել է, որ բարձրորակ նախադպրոցական կրթությունը թույլ է տալիս խուսափել նման դժվարություններից։ Թեպետ լավ մշակված, երկարաժամկետ փորձարարական հետազոտությունները, որոնք տրամադրում են պատճառահետևանքային հավաստի ապացույցներ հասուն տարիքում դրա ազդեցության վերաբերյալ, քիչ են, սակայն արված որոշ հետազոտություններով պարզվել է, որ երբ անբարենպաստ միջավայրում ապրող երեխաները բարձրորակ նախադպրոցական կրթություն են ստանում, նրանք մի շարք երկարաժամկետ օգուտներ են ունենում։
Դրանցից առավել ակնհայտները ուսումնական և ճանաչողական արդյունքներն են:
Մի քանի պատահական ընտրանքով վերահսկվող գիտափորձերից պարզ է դարձել, որ երբ անապահով պայմաններում ապրող երեխաները որակյալ նախադպրոցական կրթություն և խնամք են ստանում, նրանք ավելի լավ են պատրաստված լինում դպրոց հաճախելուն, ավելի լավ զարգացած ճանաչողական ունակություններով և ուսումնական հմտություններով: Նրանք հետագայում ավելի բարձր կրթական որակավորում և ավելի բարձր վարձատրվող աշխատանք են ունենում։ Զուգահեռաբար նվազում է նաև քրեական արդարադատության համակարգին առնչվելու հավանականությունը։
Բարձրորակ նախադպրոցական կրթությունն ու խնամքը կարող է երկարատև ազդեցություն ունենալ երեխաների նաև ֆիզիկական առողջության վրա։ Պատահական ընտրանքով վերահսկվող գիտափորձերից մեկի ժամանակ, օրինակ, պարզվել է, որ կյանքի առաջին հինգ տարիներին լիարժեք, բարձրորակ նախադպրոցական կրթությունից օգտվող երեխաների առողջության վրա դրական ազդեցությունը պահպանվել է հասուն տարիքում։ Այդ երեխաները քսանմեկ տարեկանում ավելի քիչ էին դրսևորում առողջության համար վնասակար վարքագծեր, օրինակ՝ թմրանյութ օգտագործելու կամ ամրագոտի չկապելու հավանականությունն ավելի փոքր է եղել, ավելի լավ առողջություն են ունեցել, և դեպրեսիայի ավելիքիչ դրսևորումներ, քան նրանք, ովքեր չեն ստացել որակյալ նախադպրոցական կրթություն և խնամք: Ավելին, երեսուն տարեկանում սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնների զարգացման մակարդակն ավելի ցածր է եղել, օրինակ՝ գրանցվել էն զարկերակային արյան ճնշման ավելի լավ ցուցանիշեր։
Հետազոտությունները նաև հստակ մատնանշում են, որ նախադպրոցական կրթության և այդ տարիքում երեխայի խնամքի որակը որոշիչ դեր ունեն։ Երբ նախադպրոցական կրթության ընթացքում հաշվի չեն առնվում կամ կարգավորվում երեխա-ուսուցիչ ցածր հարաբերակցությունը, ընտանիքի աջակցության կարևորությունը, ուսուցիչների վերապատրաստման մակարդակը և երեխայակենտրոն ուսուցման մեթոդների կիրառումը, հետազոտությունների արդյունքները դառնում են անհամադրելի և անհամապատասխան։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցներում միշտ շեշտադրվում է, որ վաղ մանկական կրթության ծառայությունները պետք է լինեն ոչ միայն մատչելի և հասանելի, այլ նաև որակյալ։
Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում առկա տվյալների մեր վերլուծությունը ցույց է տալիս, որ նախադպրոցական կրթության կենտրոններում երեխա-ուսուցիչ հարաբերակցությունը տասին մեկ է։ Այս ցուցանիշը շատ բարձր է, ինչը կարող է խոչընդոտել, որ ուսուցիչը բավարար ժամանակ և ուշադրություն հատկացնի յուրաքանչյուր երեխայի։ Առավել փոքր տարիքի երեխաների հետ աշխատող անձնակազմի որակավորման մակարդակը, նույնպես, հիմնականում ավելի ցածր է, չնայած նրան, որ գիտենք, թե վաղ մանկության տարիներն ինչքա՜ն կարևոր են։