Նոր տարվա հրաշալիքը: Ինչու չի կարելի զրկել երեխային տարվա գլխավոր տոնից՝ Ամանորի հեքիաթից
Ամանորի և Սուրբ ծննդյան տոնակատարությունները բաց թողնելու օգտին հնչող դատողությունները տրամաբանական են ու արդարացի, բայց երեխաներին տոնից զրկելն էլ, շատերի կարծիքով, ծայրահեղություն է։ Ի՞նչ անել «բարդ» հարցին պատասխանում է հոգեբան Լիլիթ Խաչատրյանը (Լ. Խ.):
- «Նշե՞լ տոները, թե՝ ոչ» քննարկումներում կարմիր թելով անցնում է միտքը, թե երեխաների համար ամեն օր էլ տոն է, ոչինչ, թող Նոր տարին էլ բաց թողնեն։ Իսկապե՞ս լինել երեխա նշանակում է ապրել անհոգ՝ չդադարող տոնի զգացողությամբ։
- (Լ. Խ.) Իրոք, շատ ծնողներ համոզված են, որ իրենց երեխաների կյանքը տոն է ու վերջ, բայց հավատացեք՝ այդպես չէ։ Բավական չէ, որ նրանք «ստիպված» են անդադար սովորել, ճանաչել, բացահայտել, լուծել երբեմն անլուծելի խնդիրներ, խելոք լինել ու լսել մեծերին… Մի բան էլ այդ նույն մեծահասակների ցուցումներն ու պահանջներն են հաճախ հակասում իրար։
Ծնողը, որը վստահ է, որ իր երեխայի կյանքը չդադարող տոն է, ինձ թույլ կտամ ասել, որ անհաղորդ է երեխայի հոգեբանական ընկալումներին, իսկ եթե ավելի խիստ՝ չի ճանաչում նրան։ Երեխան նույն մեծահասակն է մանկական դժվարություններով։ Երեխան սկսում է ճանաչել աշխարհը, իսկ դա ենթադրում է` հոգեբանական հարմարման դժվարություններ, հասակակիցների և մեծահասակների հետ շփման և ընկալման դժվարություններ։ Երեխան տխրում է, բարկանում է, վախենում է… Այս շարքը կարելի է երկար թվարկել։ Եվ ո՞վ ասաց, որ երեխաների կյանքը չդադարող տոն է։
Տոնը երեխայի կյանքի կարևորագույն երևույթներից է, ուրախալի իրադարձություն, որ թույլ է տալիս թուլանալ, ազատվել բացասական էներգիայից ու պարզապես հանգստանալ սովորական առօրյայից։ Հատկապես Ամանորը՝ ընտանեկան տոն է, և այն նշելու գեղեցիկ ավադույթներ են ձևավորված, որոնք նաև ընդգծում են ժողովուրդների ազգային առանձնահատկությունները: Նման տոները հնարավորություն են տալիս վերհանել ու շարունակական դարձնել ավանդույթները, արժևորել ընտանեկան հարաբերությունները, ծրագրել գալիք տարվա անելիքները, լցվել հույսով ու հավատով՝ դեպի վաղվա լուսավոր օրը: Տոն չնշելը, նշանակում է երեխային զրկել այս ամենից:
- Համավարակն ու պատերազմը հազարավոր կյանքեր տարան ու այդ բոլորը՝ մեկ տարում։ Այդ ընտանիքներում այս Նոր տարին, իհարկե, չի ունենա տոնին բնորոշ պայծառ գույներ ու տրամադրություն։ Այդպիսի շատ ու շատ ընտանիքներում մեծանում են տարբեր տարիքի երեխաներ։ Ինչպե՞ս վարվել նրանց հետ։
- (Լ. Խ.) Հենց նմանատիպ կրիտիկական իրավիճակներում է, որ մեր ուշադրությունը պետք է սևեռվի երեխաների վրա, քանի որ նրանց ապրումները կարող են լինել անտեսանելի, մինչդեռ ընտանիքին համակած ցավը նրանք ապրում են յուրովի։ Ցավոք, ես նկատել եմ, որ այդօրինակ իրավիճակներում, շատ ծնողներ փակվում են իրենց ցավի մեջ ու անուշադրության մատնում երեխաների ապրումները՝ ենթադրելով, որ երեխաներն առանձնապես ոչինչ չեն հասկանում, մինչդեռ նման իրավիճակներում նրանց ամենաշատն է պետք մեր՝ մեծահասակներիս, օգնությունը։
Ի՞նչ անել գալիք տոների ընթացքում։ Պատասխանը շատ պարզ է՝ նույնն, ինչ արել եք նախորդ տարիներին, քանի որ երեխան սպասումներ ունի։ Դուք կարող եք տոնածառ չդնել, բայց երեխան պետք է նվեր ստանա։ Առաջարկում եմ խոսել երեխաների հետ, քննարկել ինչ է հնարավոր անել ու ինչ՝ ոչ, ինչ կուզեին տեսնել կամ անել։ Այդպես դուք, օրինակ, կարող եք որոշել, որ հյուրասենյակում եղևնի չեք ունենա, բայց տան որևէ անկյունում կարող եք տոնական փոքրիկ դեկոր զարդարել։
Տոներից հետո, երբ մարդկանց հոսքը կդադարի՝ անպայման խոսեք երեխայի հետ՝ ինչ տեսավ, ինչ լսեց։ Շատ կարևոր է երեխայի հետ ապաքինող, մխիթարող, սփոփող զրույցներ ունենալ, որպեսզի երեխան չկորցնի լավատեսությունը ու հասկանա, որ ամեն դժվարություն հաղթահարելի է։
- Երբ ասում ենք ՏՈՆ, հասկանում ենք զվարճանքներ, նվերներ, բայց չէ՞ որ կարևորը ընտանիքի, հարազատների հետ անցկացրած ժամանակն է: Բազմազբաղ ծնողների դեպքում, լավ հնարավորություն՝ լրացնել երեխայի հետ անցկացնելու բաց թողնված ժամանակը:
- (Լ. Խ.) Տոների դերն ու նշանակությունն ավելին են, քան նվերներն ու զվարճանքները։ Կուզեմ հատկապես ընդգծել նախադպրոցական տարիքի կարևորությունը, քանի որ դա, թեև կարճատև, բայց խիստ կարևոր փուլ է մարդու կայացման ճանապարհին։ Այդ ժամանակահատվածում երեխան կարևոր գիտելիքներ է ձեռք բերում շրջապատող աշխարհի (կյանքի) վերաբերյալ, ձևավորվում է որոշակի վերաբերմունք մարդկանց ու ցանկացած տեսակի գործունեության նկատմամբ, ի հայտ են գալիս վարքագծային սովորություններ ու կարողություններ, ձևավորվում է բնավորությունը։ Տոները, հոգևոր իմաստով, հարստացնում են երեխաներին, ընդլայնում են գիտելիքներն ու աշխարհայացքը, թույլ են տալիս ճանաչել ու վերականգնել հին (մոռացված) ավանդույթները, միավորում են, զարկ տալիս երևակայությանը, նպաստավոր դաշտ են տալիս ստեղծագործելու համար։
Չէ որ մանկության տարիների ստացած տպավորությունները, հաճախ, ուղեկցում են մեզ ամբողջ կյանքում։ Վառ ու դրական հուշերն ունակ են ջերմացնել մարդու հոգին շատ ու շատ տարիներ, դրանց «առաջացման» գործում տոները մեծ դեր ունեն։ Օգտագործե՛ք այս ժամանակահատվածը երեխայի հետ (կամ երեխայի համար) թեմատիկ պատվածքներ կարդալու, տանը կամ կինոթատրոնում ֆիլմեր ու մուլտեր դիտելու, թատրոն գնալու, տնային պայմաններում ներկայացում խաղալու, երաժշտություն լսելու համար։ Բոլոր այս գործողությունները կամա-ակամա ազդում են երեխաների ընդհանուր զարգացման վրա՝ ազնվացնում են, վեհ ու մաքուր գաղափարներ են ներշնչում, ընդլայնում են աշխարհայացքը, զարգացնում են նոր հմտություններ ու կարողություններ։ Եվ, որ ամենակարևորն է՝ միասին անցկացրած ժամերը, միասին ապրած հույզերն ամրապնդում են երեխայի և ծնողի միջև հուզական կապը։
- Բացի զվարճանքից ու դրական ապրումներից մանկավարժներն ընդգծում են Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կրթական գործառույթները։ Ի՞նչ կապ կա այդ երևույթների միջև։
- (Լ. Խ.) Ի՞նչ է տոնը, եթե ոչ շփման ուրախություն, ստեղծագործելու և փոխգործակցելու առիթ, ինքնադրսևորման և հոգեպես հարստանալու հնարավորություն։
Ամանորը գերբնականի տոնն է. կա առեղծվածային կերպար՝ Կաղանդ պապը կամ Ձմեռ պապը, որը չգիտես ինչպես ստանում է մեր նամակները կամ լսում է մեր մտքերն ու հենց Ամանորի գիշերն իրականացնում է մեր նվիրական ցանկությունները։ Տոնի հենց այս դրվագն է, որ հոգեբանական առումով նպաստում է կյանքի նկատմամբ հավատի և հույսի ձևավորմանը։ Լսված լինելու, ուշադրության արժանանալու փաստը նպաստում են, որ երեխան համակվի սիրով ինքն իր ու հարազատների նկատմամբ։ Իրականացած երազանքը ձևավորում է լավատեսական մտածողություն։
Նախատոնական օրերին և հենց բուն տոների ընթացքում երեխաները զգացմունքային վերելք են ապրում, արտասովորի ու բացառիկի սպասումը սրում է նրանց զգացմունքները, ինչով էլ բացատրում ենք այն, որ նրանք այդքան արագ ու հեշտ են սերտում ամանորյա հանդեսների բանաստեղծությունները, երգերը, ներկայացումների տեքստերը։ Եվ ուրեմն, ես առաջարկում եմ օգտագործել այս ժամանակահատվածն ու կենտրոնացնել երեխաների ուշադրությունը տոների գեղագիտական և բարոյական արժեքների վրա՝ օգնել նկատել ու արժևորել գեղեցիկը, խոսքով ու գործով հարազատին ու անծանոթին ժպիտ պարգևելու կարևորությունը, ծանոթանալ տոնի պատմությանը և հոգևոր խորհրդին, ճանաչել ավանդույթները։
Նոր տարի, նոր էջ, նոր հնարավորություն կյանքը վերաիմաստավորելու: Երևի ճիշտ է, հատկապես այս տարի, երեխաներին բացատրել, որ բոլոր մարդիկ սխալական են, բոլորն էլ ունենում են դժվարություններ, որ ոչ մի դեպքում պետք չէ հանձնվել, որ փորձությունները կոփում են մեզ ու ավելի լավը դարձնում, որ ինչ էլ լինի՝ հրաշքն ապրելու է…