Ինչպես աջակցել երեխաներին հաղթահարել կորուստը։
Կան թեմաներ, որոնք մենք՝ ծնողներս, փորձում ենք շրջանցել երեխայի հետ հաղորդակցության ժամանակ՝ թաքցնելով իրականությունը: Թեև մեր ընկալմամբ դա արվում է հանուն երեխայի, սակայն երբեմն ստացվում է այնպես, որ մեր լավագույն մղումները հակառակ արդյունքն են տալիս: Այդպես է պատահում, երբ փորձում ենք շրջանցել հատկապես «ցավոտ» թեմաները, օրինակ՝ կորուստը, երբ փորձում ենք տարատեսակ պատմություններ հորինելով՝ ճշմարտությունը չհայտնել երեխային կամ հայտնել, երբ դեպքից արդեն բավականին ժամանակ է անցել:
Ինչպե՞ս խոսել երեխայի հետ կորստի, մահվան մասին, հայտնե՞լ բոթը, թե՝ ոչ: «ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը», որ եթեր է հեռարձակվում Առաջին ալիքի հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անդրադառնում է այս բարդ թեմային:
Լուսինե Աղաբեկյանը («Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան) նշում է, որ թեմայի մասին երեխայի հետ միանշանա՛կ հարկավոր է խոսել և երեխայի հետ պետք է անկեղծ լինել:
Մահը բնականոն երևույթ է, և երբ երեխան հարցեր է տալիս (2-3 հասակում երեխան կարողանում է ընկալել իրողությունը և կարող է հարցեր տալ) իրականությունից փախչելը չի օգնի: Խոսե՛ք երեխայի հետ, իհարկե՝ իրեն հասկանալի լեզվով և համապատասխան բացատրությամբ: Հորինված պատմությունները երեխայի մոտ առաջացնում են լրացուցիչ հարցեր, երկարատև սպասումներ, երեխան տանջվում է իրեն անհանգստացնող թեմաների շուրջ ու հարցերին պատասխան չստանալով: Դեռ ավելին, երեխան ի վիճակի է զգալ սուտը՝ չէ՞ որ ընտանիքում կորստի դեպքում փոխվում է ընտանիքի հուզականությունը: Երեխան սկսում է երևակայել, պատկերացնել այլ բաներ, քան տեղի է ունեցել, իրեն մեղավոր զգալ…
Երեխայի հետ անկեղծ լինել պետք է նաև այն պատճառով, որ դրանով մենք նրան կորուստը ապրելու և վերականգնվելու հնարավորություն ենք տալիս, որպեսզի նա չկորցի վստահությունը: Հակառակ պարագայում՝ լուրի մասին ոչ ժամանակին հայտնելու դեպքում կամ տարատեսակ պատմություններ հրամցնելով, երեխան կորցնում է վստահությունը ոչ միայն շրջապատի հանդեպ, այլ կրկնակի կորուստ է ապրում:
Իրականության մասին անկեղծ, առանց ավելորդ հուզականության, ուղիղ պատմելու դեպքում՝ երեխայի մոտ թուլանում է լարվածությունը, նա հնարավորություն է ունենում հարցեր տալու: Պատմելով՝ մենք նաև ուղղորդում ենք երեխային վերակագնման գործընթացում, և նա ընկալում է երևույթն առանց լարվածության, այնպես, ինչպես ընկալում է ցանկացած այլ երևույթ:
Կորստի մասին խոսելիս պետք չէ թաքցնել երեխայից հուզականությունը, բայց և ծայրահեղ դրսևորումների ականատես պետք չէ դարձնել նրան… Խնդրին առնչվող այլ կարևոր խորհուրդների մասին, հատկապես ո՛ր տարիքում ինչպե՛ս խոսել երեխայի հետ և ինչպես օգնել երեխային հաղթահարել կորուստը, կարող եք դիտել տեսանյութում:
Եվ հիշենք, որ հոգեկան առողջության մասին հոգ տանելը կարևոր է: Եթե խնդիրները ինքնուրույն հաղթահարել մեզ մոտ չի ստացվում, մեզ կարող են օգնել հոգեբանները:
Դիտե՛ք տեսանյութն ամբողջությամբ
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: