Skip to main content
Հետադարձ կապ

Գրագետ գովք և խրախուսանք

Երբ խոսքը վերաբերում է մեր երեխաներին խրախուսելուն, կարծես մենք, որպես ծնողներ, բաժանվում ենք երկու խմբի՝ մեզնից շատերը հարկի ու անհարկի երեխային գովում ու խրախուսում են ցանկացած արարքի համար, մյուսներս՝ հակառակը՝ վախենում ենք նույնիսկ «ապրես» ասել՝ մտածելով, որ դրանով երեխային երես ենք տալիս: Իսկ որտե՞ղ է այն ոսկի միջինը, որը, երեխային չմեծամտացնելով, կխրախուսի:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը», որ եթեր է հեռարձակվում Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության աջակցությամբ, անդրադառնում է ծնողներին հուզող այս հարցին:

Խրախուսանքը միանշանակ կարևոր է, - նշում է «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Լուսինե Աղաբեկյանը, - առաջին հերթին այն օգնում է երեխային ձևավորելու առողջ ինքնագնահատական, ինչպես նաև բարելավելու ծնող-երեխա հարաբերությունների մակարդակը: Խրախուսանքը երեխայի համար ինքնաճանաչման կարևոր մեխանիզմ է:

Այլ հարց է, թե ինչպես պետք է ճիշտ խրախուսել երեխային, որպեսզի դա տեղին լինի, նաև՝ պիտակավորում չդառնա (ինչպես կարելի է երեխաներին ազատել պիտակավորումից): Այստեղ կարևոր է հիշել, որ խրախուսանքը, գովասանքը պետք է լինեն հիմնավորված, օգտագործվեն ճիշտ տեղին և ճիշտ ժամանակին: Այս պարագայում, վստահաբար կարող ենք ասել, որ որևէ պիտակ չենք տալիս երեխային: Մեկ այլ կարևոր հանգամանք է խրախուսել երեխայի արարքները և ոչ թե գովերգել անձը:

Խրախուսելիս, պետք է փորձել առաջին հերթին նկարագրություն տալ երեխայի արարքին, օրինակ՝ «ինչ լավ է, որ տուն մտնելուց հետո ձեռքերդ անմիջապես լվացիր: Հպարտանում եմ քեզնով»: Սա ասելով, ի նկատի չունենք, որ երեխային հարկավոր է ամեն մի փոքրիկ, տարրական արարքի համար խրախուսել, քանի որ այդ պարագայում հնարավորություն չենք տալիս երեխային կողմնորոշվելու. հետագայում նա չգիտի՝ ինքը կարո՞ղ է տվյալ իրավիճակից ինքնուրույն դուրս գալ, թե՝ ոչ: Հետևաբար՝ ավելի շատ կխանգարենք երեխային, քան կաջակցնեք խրախուսանքով:

Իսկ ահա երեխայի մոտ մեծամտություն չձևավորելու համար պետք է խուսափենք համեմատություններից՝ գովելիս առաջնային պլան մղելով երեխայի անձը: Տվյալ պարագայում մենք գործ ենք ունենում ոչ թե խրախուսանքի, այլ եսը շոյող արձագանքի հետ:

Գնահատելով երեխայի ջանքերը, արձագանքելով հանուն արդյունքի արված բոլոր դրսևորումներին՝ հետագայում երեխային ճիշտ դրսևորվելու և զարգանալու հիմնաքարն ենք դնում:

Փոքրիկ թեստ՝ կարդալով ստորև բերված խրախուսանքի ձևերը, մտովի ընտրեք, թե ո՛րն է խրախուսանք:

  1. Դասարանում այսօր փայլում էիր. ամենալավը դո՛ւ արտասանեցիր:
  2. Քո խոսքը դասարանում այսօր այնքան սահուն էր և ինքնավստահ, երևաց, թե ինչքան ջանք ես ներդրել լավ պատրաստվելու համար: Այ դա՛ աշխատասիրություն է:

Դիտե՛ք տեսանյութը, և վստահաբար կգտնեք ճիշտ պատասխանը:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր