
Հրավիրում ենք «Ծնողական ժողովի»
ՅՈՒՆԻՍԵՖ-ը և Առաջին ալիքը ՀՀ առողջապահության նախարարության հետ համատեղ ներկայացնում են «Ծնողական ժողով» հաղորդաշարի երրորդ եթերաշրջանը: Այս անգամ կրկին հավաքել ենք ծնողներին հուզող հարցերը, որոնց պատասխանում ենք մասնագետների հետ միասին:
Այս եթերաշրջանում ևս անդրադառնալու ենք բազմազան թեմաների. օդի աղտոտվածություն, կեսարյան հատում, ընտանեկան հարաբերություններ, ծնողավարում և աշխատանք, երեխաների վախեր և այլն: Պատասխանելու ենք այնպիսի հացերին, ինչպիսիք են. ինչպես պայքարել երեխայի ճարպակալության դեմ, ինչպես դաստիարակել ինքնուրույն երեխա, ինչպես օգնել երեխաներին լուծել կոնֆլիկտները ու ում խորհրդին հետևել երեխա մեծացնելիս:
Ամեն ուրբաթ ժամը 18:20-ին սպասում ենք բոլոր հայրիկներին ու մայրիկներին, պապիկներին ու տատիկներին, ինչպես նաև դեռահասներին՝ Առաջին ալիքի եթերում:
Եթե ինչ-ինչ պատճառներով չեք հասցնի դիտել այս կամ այն թեման եթերում, ապա Բեյբիսեֆ-ի այս էջում ձեզ համար հավաքելու ենք հաղորդման բոլոր թողարկումները:
Իսկ եթե ընթացքում հարցեր կծագեն թեմայի վերաբերյալ կամ նոր թեմաների առաջարկներ կունենաք, ապա գրեք ՅՈՒՆԻՍԵՖ-ի Ֆեյսբուքյան էջին: Կփորձենք հավաքել բոլոր նոր թեմաներն ու դիտարկել դրանք հետագայում ստեղծվող բովանդակության շրջանակում:
Հեռուստատեսային այս նախաձեռնության հիմնական կարգախոսին՝ «Թեևեր տալով ծնողներին՝ թևեր տալու յուրաքանչյուր երեխայի» կարգախոսին համահունչ, շարունակելու ենք ծնողներին աջակցել՝ առողջ ու երջանիկ երեխաներ մեծացնելու բարդ, բայց ամենակարևոր գործում:
Կեսարյան հատում
Ըստ առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների երկրում կեսարյան հատումների թիվը չպետք է գերազանցի 10-15%-ը, մինչդեռ Հայաստանում այդ ցուցանիշը գրեթե 40% է։
Որո՞նք են կեսարյան հատման ցուցումներն ու այդ եղանակի չարաշահման իրական վտանգները և ինչու՞ է այն դարձել այսքան նորաձև։
Այս ու նմանատիպ շատ ու շատ հարցերին պատասխանել է «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ի կանանց առողջության ամբուլատոր ծառայությունների պատասխանատու, մանկաբարձ-գինեկոլոգ Վերժինե Կասարջյանը։