Skip to main content
Հետադարձ կապ

Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ հուզական կոմպետենտություն

Սեփական հույզերը ճանաչելը, սեփական զգացմունքներն ու ապրումներն իրենց անունով կոչելու կարողությունը թույլ են տալիս մարդուն կառավարել կյանքը, ոչ թե շփոթված վազել կյանքի հետևից՝ չհասկանալով սիրու՞մ ես, թե՞ հարմարվել ես, վախենու՞մ ես, թե՞ զզվում ես, հիասթափվա՞ծ ես, թե՞ ատում ես։ Հույզերը ճանաչելու կարողությունն օգնում է մարդուն տեր կանգնել սեփական կյանքին՝ կառավարելով սեփական հույզերը:

Հոգեբան Իրինա Խանամիրյանը փաստում է ՝շատ հաճախ մենք չգիտենք կամ չենք հասկանում, թե ինչ ենք զգում ու դա մեզ շփոթեցնում է, ստիպում է սխալ որոշումներ կայացնել, սխալ մարդկանց հետ ընկերություն անել, սխալ վարք դրսևորել... Սա  տեղի է ունենում նաև այն պատճառով, որ մեզ մանկուց սովորեցրել են ոչ թե հասկանալ՝ ինչ ենք զգում, այլ սահմանել են, թե ի՛նչ է պետք զգալ:

Բավական է միայն վերհիշել մեր «հայտնի» խոսքերից մի քանիսը «տղաները լաց չեն լինում», «քեզ պինդ պահիր», «ի՞նչ ես ջրիկացել՝ քեզ լուրջ պահիր», «մի՛ թռվռա՝ քեզ ծանր պահիր», «աղջիկը համեստ կլինի», «ամոթ է, աղջիկներն այդպես չեն ծիծաղում» և այլն:

Մինչդեռ հոգեբանները համոզված են՝ սեփական հույզերն անտեսելը, դրանք չարտահայտելն ի վերջո բերում են կա՛մ չդադարող էմոցիոնալ լարվածության, կա՛մ առողջական լուրջ խնդիրների՝ գլխացավեր, անքնություն, կաթված...

Անվերջ կուտակելով, զսպելով իրենց հույզերը, չհամարձակվելով իրենք իրենց հարց տալ՝ ի՞նչ եմ զգում, ինչու՞ եմ անում այս կամ այն բանը, վերածվում ենք դանդաղեցված ռեժիմով ապրող «պայթուցիկների»։ Այդ սեղմած ու խտացված թե՛ դրական, թե՛ բացասական հույզերը մի օր «դուրս են ժայթքում»՝ հարվածելով մարդու և՛ ֆիզիկական, և՛ հոգեկան առողջությունը:

Ի՞նչ անել ու ինչի՞ց սկսել

Եթե այս խնդիրներն արդեն ազդում են ձեր առողջության վրա, ապա անպայման պետք է դիմել մասնագետներին՝ բժիշկ, նյարդաբան, հոգեբան։

Բայց այսպիսի բարդություններ չունենալու համար երբեմն պարզապես պետք է ինքներս մեզ հարցնենք «ԻՆՉ ԵՄ Ե՛Ս ԶԳՈՒՄ»։ Հետո նոր պետք է փորձել հասկանալ «ինչու եմ ես սա զգում»։

Մենք մեզ թույլ չենք տալիս այս հարցերը տալ, որովհետև սովոր չենք մանկուց քիչ են հարցրել և չեն սովորեցրել։

Թերևս մի քանի գործողություն, որոնք ներմուծելով ծնող-երեխա փոխհարաբերություններ դեռևս մանկության տարիներից, հնարավոր է կանխել կամ նվազագույնի հասցնել ապագայում դարանակալող խնդիրները և թույլ տալ ապագա մեծահասակին ունենալու լիարժեք կյանք, որտեղ տեղ կա ոչ թե մեկ-երկու, այլ բոլո՛ր հույզերի համար:

Սկսել ամենափոքր տարիքից

Նախադպրոցական շրջանն այն կարևոր շրջանն է, երբ երեխան սկսում է սովորել հուզական կոմպետենտություն երեխան սկսում է զգալ որևէ հույզ, անվանել դա, սկսում է նաև կառավարել սեփական հույզերը։ Այս ամենը պետք է սովորեցնել երեխային թե՛ սեփական օրինակով, թե՛ ճիշտ ծնողավարման միջոցով։

Երեխային ներկայացնել պատճառահետևանքային կապը՝ «ինչուն»

Եթե երեխայի վարքում որևէ բան համարում եք անթույլատրելի, հարկավոր էերեխայի հետ հասկանալ, թե ինչ հույզի ազդեցությամբ է արել այս կամ այն բանը (վախ, նախանձ, խանդ և այլն) և օգնել նրան հույզն արտահայտելու այ,՝ առավել ընդունելի (անվնաս) տարբերակ գտնել: Պետք է չմոռանալ երեխայի հետ երկխոսություններում տալ հույզերի անունները։

Օրինակ 1 Երեխան ընկավ, ոտքը ցավեց: Նա սկսում է լացել այս պահին ճիշտ արձագանքն է «հասկանում եմ, որ ցավում է, դրա համար էլ լացում ես դու տխրում ես»։ Այսպես մենք ներկայացնում ենք հույզի և վարքի միջև կապը։

Օրինակ 2. Երեխան խփում է փոքրիկ եղբորը, հաճախ ասում են՝ «ինչ ագրեսիվ երեխա է»: Բայց այսպես մենք միանգամից խարանավորում ենք, փոխարենը ներկայացնելու, թե ինչ էր զգում երեխան, ինչու նա այդպես արձագանքեց։ Շատ կարևոր է երեխային սովորեցնել դիտարկել սեփական վարքի դրդապատճառները։ Այս պահին ճիշտ արձագանքն է «ես հասկանում եմ, որ բարկացած էիր, որովհետև նա վերցրեց քո իրը»։

Թույլ տալ երեխային զգալ ու արտահայտել զգացմունքները

Մեր հասարակությունում ընդունված է «ամոթ է» ասելը։ Տղային լացելը ամոթ է, աղջիկներին բարձր ծիծաղելն ամոթ է և այսպես շարունակ։ Պետք է գիտակցել, որ այսպես երեխան ստիպված կուլ է տալիս իր հույզերը։ Մինչդեռ այս դեպքերում ճիշտ արձագանքն է «ես հասկանում եմ, որ դու շատ ուրախ ես, բայց փորձիր խնդրում եմ ավելի ցածր ծիծաղել կամ խոսել, որովհետև քույրիկը քնած է, կարթնանա»։

Երբ տղաներին ասում ենք «տղաները չեն լացում» կամ «հո դու «ղզիկ» չե՞ս», արդյունքում հասուն տարիքում այդ տղամարդիկ կաղապարված են լինում, չեն կարողանում արտահայտել իրենց զգացմունքները, հույզերը, ապրումները։

Պետք է տարանջատել վարքն ու հույզը և մատնանշելով հույզը՝ սովորեցնել վարքը։

Առավել ուշադիր լինել դեռահասության տարիքի երեխաների հույզերի նկատմամբ

Դեռահասության տարիքում հորմոնալ ֆոնի փոփոխություններ են տեղի ունենում, ինչը շատ կտրուկ ազդում է երեխայի տրամադրության վրա։ Դրա համար նրանք տրամադրության բազմաթիվ տատանումներ են ունենում։

Երբ ծնողը չի հասկանում այս տատանումները ու ճիշտ չի արձագանքում, դեռահասը սկսում է վատ մտքեր ունենալ։ Օրինակ, կարելի է այսպես արձագանքել «ես հասկանում եմ՝ հիմա տխուր ես, երևի ուզում ես առանձնանալ, բայց վստահ եմ, որ դա էլ կանցնի։ Եկ ավելի դրական բաների վրա կենտրոնանանք, եկ քննարկենք, թե այս Ամանորին ինչն ավելի ուրախացրեց քեզ»։

Հիշեք նաև, որ անընդհատ բացասական կարծիք լսելով և չհասկանալով՝ իր հետ ինչ է կատարվում, երեխան իր մասին բացասական կարծիք է ձևավորում՝ «ես վատն եմ, ես խանգարում եմ իմ ծնողներին, խայտառակում եմ նրանց», ինչն էլ հետևաբար նրա վարքն է՛լ ավելի բացասական է դարձնում։

Երեխայից չթաքցնել սեփական հույզերը

Ծնողը նույնպես պետք է օրինակ ծառայի և արտահայտի իր հույզերը, ի դեպ, թե՛ դրական, թե՛ բացասական։ Հավատացե՛ք՝ երեխայի համար շատ օգտակար է լսել. «ես հիմա տխուր եմ, քանի որ մի քանի խնդիրներ են առաջացել: Պետք է հասկանալ՝ ինչ է  անել»։

Այն ծնողները, ովքեր փորձում են «կատարյալ լինել» իրենց երեխաների համար, վտանգի են ենթարկում հենց ծնող-երեխա փոխադարձ հարաբերությունները, քանի որ առաջին հերթին նվազում է անկեղծությունը և նաև «բացասական հույզերի» նորմալիզացումը, իսկարդյունքում՝ դրանց կառավարելու անկարողությունը։

Հարաբերությունների մեջ անկեղծ և իսկական լինելը ստեղծում է կապ, ազատություն, վստահություն և ընդունում:

Մի՛ անտեսեք ձեր ու ձեր երեխաների հույզերը, նշեք հույզերի անունները, թու՛յլ տվեք երեխաներին արտահայտելու սեփական ապրումները և մի՛ պարտադրեք զգալու այն, ինչ «պետք» է, այլ օգնեք հասկանալու, թե տվյալ պահին ու տվյալ իրավիճակում ի՛նչ են զգում ձեր երեխաները։

Ստորև կարող եք դիտել ամբողջական հարցազրույցը

Նույնաբովանդակ այլ նյութեր