Առողջ մտքեր՝ ներդաշնակ կյանք․ մարմինը՝ ԵՍ-ի կարևոր մաս
Հոգ տանել սեփական անձի մասին նշանակում է հոգ տանել մարմնի մասին ևս։ Երեխան փոքր տարիքից սկսում է զգալ իր մարմինը՝ փուլ առ փուլ ճանաչելով այն։ Ուստի հենց այդ վաղ տարիքից երեխային պետք է օգնել ճանաչել և հոգ տանել մարմնի մասին։
Հոգեբան Իրինա Խանամիրյանի օգնությամբ կազմել ենք սեփական մարմնի հետ անհաշտ լինելու հիմնական պատճառների ցանկը, որպեսզի հուշենք ծնողներին, թե ինչից է պետք խուսափել և թե ինչպիսի վարվելաձևի դեպքում կօգնենք երեխային սիրել իր մարմինը և հոգ տանել իր մասին։
Պատճառ առաջին՝ կարծրատիպեր և գովազդվող արտաքին: Երեխաները վաղ թե ուշ բախվում են հասարակության ենթագիտակցական շերտերում ամուր նստած կարծրատիպերի հետ: Այլ կերպ անհնար է՝ չէ՞ որ տարին 12 ամիս, օրը 24 ժամ հեռուստացույցից, սոցիալական մեդիայի ալիքներից, արտաքին գովազդից, ամսագրերից մեզ են նայում հստակ ստանդարտների համապատասխանող կանանց և տղամարդկանց պատկերներ: Կարևոր է խոսել երեխաների հետ նաև դրա մասին, բացատրել, որ այդ բոլորը մեզ արժեքներ պարտադրելու, իդեալներ ստեղծելու խնդիր ունեն: Այդ «կուռքերը» գովազդում են ինչ ասես ու ամեն ինչ անում են մեզ համոզելու, որ առանց այդ ամենի ապրելն անհնար է: Գտեք բառեր երեխային հասկացնելու, որ նա գեղեցիկ է իր տեսակով, իր բացառիկությամբ ու կդառնա էլ ավելի լավը, եթե ժամանակը ծախսի իրեն ավելի լավը դարձնող բաների վրա՝ կրթություն, նախասիրություններ, ընկերություն, առողջ սնունդ և ապրելակերպ, մարմնամարզություն և այլն:
Պատճառ երկրորդ՝ պիտակներ: Երեխաներին նկատողություն անելիս կամ մեր ներսում կուտակած զայրույթը երեխաների միջոցով արտահայտելիս, հաճախ թիրախավորում ենք հենց նրանց արտաքինը՝ «էս ոնց ես չաղացել», «ծուռ ոտքերով տատդ ես», «թե ինչի ես այսքան կարճահասակ»... Հետո՝ դպրոց, համալսարան, հասակակիցների ակնարկներ, որոնք ստիպում են մարդուն չսիրել սեփական մարմինը՝ քիթը, աչքերը, իրանը, ոտքերը, ինչն ավելի է մեծ խնդրի է վերաճում դեռահասության տարիքում։
Պատճառ երրորդ՝ ֆիզիկական բռնություն: Համարվում է, որ մինչև երեք տարեկանը երեխան սեփական ԵՍ-ի գիտակցում չունի, նա իրեն զգում է իբրև մայրիկի շարունակություն, մայրիկից անբաժանելի մեկը: Ինչո՞ւ են ասում՝ երեխային ծնվելուց անմիջապես հետո դրեք մոր կրծքին, հաճախ գրկեք, շոյեք նորածնին։ Հպումը, գգվանքը օգնում են երեխային զգալ, որ նա սիրված է, նա լավն է։
Եթե գգվանքը, հպումը, համբույրը փոխարինում ենք ծեծով, ապտակով, երեխան ենթագիտակցորեն ստանում է սխալ հաղորդակցություն՝ դու լավը չես։ Իսկ երբ բռնությունը զուգակցվում է պիտակավորման և հոգեբանական բռնության այլ ձևերի հետ, երեխան սկսում է ատել իրեն և իր մարմինը։
Մարմնի հետ հաշտ չլինելու չորրորդ պատճառը կախվածությունը, խաթարված հոգեկան առողջությունն է: Մշակութային առանձնահատկություն է, որ հաճախ ենք օգտագործում ՉԱՓ բառը․ «ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ, չափը չանցնել, չափը ճանաչել, չափի զգացում և այլն»:
Հոգեբանները վստահեցնում են՝ չափն անցնելը հոգեկան խաթարված առողջության ցուցիչ է: Ի դեպ, հենց դա է պատճառը, որ շատ հոգեբաններ կտրականապես դեմ են մանկական գեղեցկության մրցույթների գաղափարին, քանի որ դեռևս լիարժեք չձևավորված մանկական արժեհամակարգում կարծրանում է մի թյուր համոզմունք՝ պետք է համապատասխանել չափերին կամ չափանիշներին։
Ի՞նչը կարող է ահազանգել խնդրի մասին
Կարևոր է հետևել երեխայի վարքին և նկատել որոշ վարքագծային փոփոխությունները։ Եթե դրանք արդեն սովորականից ավելի են բարդանում կամ հաճախակի կրկնվում, ապա դա կարող է հուշում լինել, որ երեխան օգնության կարիք ունի։
Օրինակ, երբ երեխաները սկսում են շատ լայն, հաճախ սև զգեստներ կրել կամ երբ փորձում են թաքցնել մարմինը։ Կարող է նաև սննդի հետ կապված խնդիրներ լինել։ Նույնիսկ 10-11 տարեկան երեխաները կարող են սկսել շատ քիչ, ոչ բավարար սնվել, որ իսկապես բավարար չէ բնականոն աճի և զարգացման համար։
Ինչպե՞ս օգնել երեխային սիրել և ընդունել սեփական մարմինը
Մարմնի առողջության և հոգեկան առողջության միջև պետք է դնել հավասարության նշան: Հոգու առողջությունը բերում է մարմնի առողջության, մարմնի առողջությունը բերում է հոգու առողջության։
Ծնողի գործն է օգնել երեխային սիրել ու ընդունել սեփական մարմինը նախ և առաջ որովհետև այն «քոնն է, դու անկրկնելի ես ու դա հիասքանչ է»:
Առաջին: Հրաժարվել վնասակար սովորություններից՝ ծխախոտից, ալկոհոլից, թմրանյութերից: Դեռահասներն ուզում են ամեն ինչ փորձել, և այս տարիքում շատ կարևոր է ծնողի դերը։ Ոչ թե պետք է երեխային վախեցնել, այլ սովորեցնել, թե որքան վտանգավոր են դրանք առողջության համար։ Շատ կարևոր է նաև երեխային սովորեցնել, որ եթե նա ունի որևէ դժվարություն, պետք է և միշտ կարող է դիմել ձեզ կամ այլ մեծահասակի։
Երկրորդ: Պետք է բավարարել մարմնի պահանջները՝ բավականաչափ քնել, փորձել գրագետ սնվել: Ահա, թե ինչպես դաստիարակել առողջ սնվող երեխա։ Դուք կարող եք ճիշտ օրինակ ծառայել, եթե ինքներդ առողջ սնվեք, ճիշտ խորտիկներ ընտրեք։ Սեղանին առողջարար և թարմ սնունդ դնելը հիանալի օրինակ է ձեր երեխայի համար:
Երրորդ: Աչքաթող չանել ցավերն ու հիվանդությունները: Պարբերաբար պետք է կազմակերպել բժշկական ստուգումներ։ Պետք է սովորեցնել երեխային, որ եթե որևէ տեղը ցավում է, ապա պետք է դիմել մասնագետի։ Երեխան չպետք է սովորի, որ նման պարագաներում կարող է ուղղակի համացանցում գրել ու անել այն, ինչ գրված է այնտեղ։
Չորրորդ: Ամեն օր պետք է անպայման ֆիզիկապես ակտիվ լինել՝ քայլել, մարզվել, ակտիվ կենսակերպ վարել: Նաև դեռահասության տարիքում խորհուրդ է տրվում, որ երեխաները հաճախեն խմբակներ՝ պարի, սպորտի։ Այդ փոփոխվող շրջանում դա հնարավորություն կտա ոչ միայն ֆիզիակապես ակտիվ լինել, այլև սթրեսը հաղթահարելու դրական միջոցի հետ ծանոթանալ։ Ցանկացած խմբակ, որը ստիպում է դեռահասին լինել ակտիվ ու պարպել կուտակվող էներգիան: Պարուսույցը, մարզիչը շատ հաճախ դառնում են դեռահասի լավագույն ընկերը՝ դերային մոդել, որի օրինակով դեռահասը հասկանում ու սովորում է, թե ինչն է լավ սեփական մարմնի համար և ինչն է վատ: Նույն այդ մեծահասակների հետ դեռահասները հաճախ ավելի անկաշկանդ են խոսում իրենց արտաքին տեսքի հետ կապված խնդիրների մասին ու ստանում են օգտակար խորհուրդներ, ուղղություն՝ բացառելու վնասակար սովորությունները, վարել առողջ ապրելակերպ և այլն:
Հինգերորդ: Հարգել երեխայի կարծիքը և ցանկությունները։ Դեռահասները հաճախ են դիմում որոշ փորձարկումների՝ վարդագույն ներկել մազերը, կրել այս կամ այն հագուստը։ Մինչև 15-16 տարեկանը դեռահասի համար արտաքին տեսքը խիստ կարևոր, և ըստ այդմ՝ խոցելի թեմա է, չէ՞ որ նա այդ մարմնով ու այդ դեմքով է ներկայանում աշխարհին, ուստի պարտադիր է, որ ամեն «մազ իր տեղում լինի», որ մաշկի վրա անցանկալի բաներ չհայտնվեն և այլն: Այս փուլում կարևոր է, որ մեծահասակները կարողանան երկխոսության մեջ մտնեն դեռահասի հետ, ցույց տան, որ հասկանում են, ընդունում են ու պատրաստ են փոխզիջումների: Կտրականապես արգելելը լուծում չի կարող լինել, պետք է խոսել միմյանց հետ ու գտնել կոմպրոմիսային ելքեր։
Դիտեք հոգեբանի հետ ամբողջական հարցազրույցը
Նյութը պատրաստվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ։ Բովանդակության համար պատասխանատվություն են կրում «Ընտանիքի ակադեմիա» ՀԿ-ն, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվորպական Միության տեսակետները: