Ինչպես օգնել ձեր երեխային՝ հակամարտության կամ ճգնաժամային իրավիճակի ժամանակ
Երբ հայտնվում եք բարդ իրավիճակում, դժվար է բառեր գտնել այդ ամենը երեխային պատմելու համար։ Մանկական հոգեբանության և հոգեկան առողջության հարցերով ՅՈՒՆԻՍԵՖ-ի փորձագետ դոկտոր Մարսիա Բրոֆին առանձնացրել է մի շարք մոտեցումներ՝ նման իրավիճակներում հայտնված ծնողների համար:
Ւնչպե՞ս կարող եմ պաշտպանել և ուղղորդել իմ երեխային, երբ ինքս վախեցած եմ
Վախենալը նորմալ արձագանք է ոչ նորմալ իրավիճակին, ինչպես ձեզ, այնպես էլ ձեր երեխայի համար: Անկեղծ զրուցեք ձեր երեխայի հետ և նրան ընձեռեք սեփական մտքերն ու զգացողությունները անկեղծ պատմելու հնարավորություն:
Քանի որ երեխաները անմիջապես որսում են հուզական ազդակները, լինեն դրանք շարժուձևի, թե դիմախաղի տեսքով, օգտակար է՝ հնարավորինս պահպանել հանդարտությունը և երեխաների հետ խոսել հուսադրող տոնով:
Նորմալ է, եթե ասեք, որ դուք էլ եք վախենում: Դա օգնում է երեխային՝ հասկանալ, որ այդ ամենի միջով երկուսով եք անցնում:
Այս էջում հավաքել ենք մի շարք մասնագիտական հոդվածներ, որոնք կօգնեն ծնողներին, երեխաներին և երիտասարդներին հաղթահարել արտակարգ իրավիճակների պատճառով առաջացած հոգեբանական խնդիրները՝ https://uni.cf/3eSWveJ
Ինչպե՞ս հանդարտ մնալ արտակարգ իրավիճակներում
Մի քանի անգամ խորը շնչեք և արտաշնչեք։ Ժամ առ ժամ փորձեք հանդարտեցնել ձեր միտքն ու մարմինը՝ դանդաղեցնելով շնչառությունը: Եթե զգում եք, որ կորցնում եք համբերությունը, փորձեք 10 վայրկյան դադար առնել և, հնարավորության դեպքում, ձեր ինքնազգացողության մասին խոսեք ընկերների կամ մեկ այլ մտերիմի հետ: Եթե հնարավոր է, փորձեք որոշակի ռեժիմ պահպանել, օրինակ՝ անկողին մտնել կամ սնվել միևնույն ժամերին: Թեև դա կարող է չափազանց դժվար լինել, սակայն մինչ ճգնաժամը սովորական դարձած օրակարգը կօգնի փոքր-ինչ կայունություն զգալ անկայուն իրավիճակների ժամանակ։
Մենք ստիպված ենք եղել լքել մեր տունը: Ինչպե՞ս կարող եմ սա բացատրել իմ երեխային
Փորձեք տեղեկատվությունը տրամադրել նախապես և, որքան հնարավոր է՝ երեխային հասկանալի լեզվով: Այդպես նա ավելի պարաստ կլինի. հաշվի՛ առեք, որ երեխաները երևույթները յուրացնում են ավելի դանդաղ, քան մեծահասակները: Եթե պետք է տարհանվել, փորձեք քայլերի հաջորդականությունը բարձրաձայն ասելով միասին պատրաստվել. «հիմա մենք մեր իրերը կդասավորենք ուսապարկում և կփոխադրվենք ավելի ապահով վայր»:
Նորմալ է, եթե չունեք բոլոր հարցերի պատասխանները: Անկեղծ եղեք: Կարող եք ասել՝ «Մեր տունը հեռու է, բայց իմացի՛ր՝ կան մարդիկ, որոնք փորձում են խաղաղություն հաստատել: Հուսանք՝ շուտով տուն կվերադառնանք»:
Ընտանիքիս անդամները հեռու են միմյանցից: Ինչպե՞ս խոսեմ այդ մասին երեխայիս հետ
Կարող եք անկեղծորեն ասել, որ այդ պահին չունեք պատասխան, թե երբ ընտանիքի մյուս անդամի հետ կվերամիավորվեք։ Ձեր երեխան պետք է իմանա, որ իր սիրելի անձն անում է հնարավոր ամենը նրա մոտ վերադառնալու համար:
Փոքր տարիքի երեխաների հետ խոսելիս, փորձեք կենտրոնանալ դրական հիշողությունների վրա: Դեռահասների պարագայում կարևոր է, որ նրանք պատմեն իրենց ընկերներին, թե ինչի միջով են անցնում:
Մեր սիրելի անձանցից մեկը զոհվել է: Ինչպե՞ս հայտնեմ դա երեխայիս
Եթե հարազատ անձանցից մեկը մահացել է պատուհասած արտակարգ իրավիճակի հետևանքով, ապա ամենակարևորը իրականությունը երեխայից չթաքցնելն է: Սեփական երեխային պաշտպանելու ցանկությունը բնական է, սակայն անկեղծ լինելը լավագույն ընտրությունն է: Պատմելով երեխային կատարվածի մասին՝ վստահություն եք ձևավորում ձեր նկատմամբ և օգնում ենք նրան ավելի հեշտ հաղթահարել կորուստը:
Ինչպե՞ս կարող եմ օգնել երեխայիս հաղթահարել պայթյունների նկատմամբ վախը
Խուսափեք լռության մեջ նստելուց և ձայների վրա կենտրոնանալուց: Փորձեք հոգեբանորեն նախապատրաստել ձեր երեխային ասելով՝ «Շատ բարձր ձայներ են լսվելու, և երբ դա պատահի, մենք կպատսպարվենք ավելի անվտանգ վայրում: Երբ բարձր ձայներ լսենք, մենք կգրկենք իրար և կփորձենք հիշել միասին անցկացրած ամենաուրախ պահերը»: Եթե ձեռքի տակ գիրք կա, ընթերցե՛ք միասին: Կարևոր է՝ չլռել և չկենտրոնանալ ձեզ շրջապատող աղմուկի վրա:
Ինչպե՞ս կարող եմ բացատրել երեխայիս մեր շուրջը կատարվող բռնութունն ու չարությունը
Փոքր երեխաներին կարող եք ասել, որ կան մարդիկ, որոնք վատ արարքներ են գործում: Բայց նաև հավատացրեք նրանց, որ կան մարդիկ, որոնք պայքարում են դրա դեմ: Ավելի մեծ երեխաների դեպքում, որոնք բջջային հեռախոսներ ունեն, փորձեք պարզել, թե ինչ են կարդում և լսում: Պատմեք առաջնագծի բուժաշխատողների, կամավորների, մարդասիրական օգնություն ցուցաբերողների մասին: Հիշեցրե՛ք նրանց, որ կան մարդիկ, որոնք դաժան կամ չարացած են, սակայն նրանց կողքին կան շատերը, ովքեր բարի են ու խաղաղ և փորձում են վերջ տալ վատ բաներին:
Փորձե՛ք երեխայի հետ պարբերաբար վերհիշել դրական իրավիճակներ, հիշողություններ։ Հիշեք՝ անգամ ամենամութ ժամանակներում լույսի նշույլներ են լինում:
Ծանոթացեք ձեր բնակության վայրին մոտիկ գտնվող սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող հայաստանյան ծառայություններին հետևյալ ցուցակում և անհրաժեշտության դեպքում, օգնության դիմեք/ահազանգեք:
Հոդվածը պատրաստվել է Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցության շնորհիվ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: