«Կարելի և չի կարելիների» հարցը
ՅՈՒՆԻՍԵՖ-ի անկյունը, որ շատերիդ է հասնում Հանրային հեռուստաընկերության և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ, այս անգամ անդրադառնում է երեխայի կարգապահությանը: «Կարելի և չի կարելիների» հարցը ժամանակակից ծնողներին շատ է հուզում՝ մի մասը ամեն քայլում սահմանափակում է երեխային անվերջ «չի կարելիների» տարափով, մյուս մասը՝ հակառակը՝ խուսափում է երեխայի առջև որևէ արգելք դնել: Ի վերջո, ո՞րն է այն «ոսկե միջինը», որը թույլ կտա պահպանել երեխայի անհատականությունը, բայց և անհրաժեշտ սահմանափակումներ մտցնել նրա վարքում:
Հարցին անդրադառնում է «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Լուսինե Աղաբեկյանը: Ըստ նրա, այսպես կոչված ավտորիտար դաստիարակության սահմանները, երբ երեխային անընդհատ հրամայում, հրահանգում, հանդիմանում են, վերջինիս մոտ արժեզրկում են դրանց կարևորությունը, ճնշում անհատականությունը: Մյուս կողմից, սակայն, ամեն-ինչ թույլ տալով և երեխային կարգապահության որոշակի նորմերի չենթարկելով, ևս կարող ենք ցանկալի արդյունքի չհասնել, քանի որ երեխաների մոտ զարգացման ընթացքում անորոշությունները չափազանց շատ են լինում, և նրանք ուղղորդման կարիք ունեն:
Լուսինե Աղաբեկյանը շեշտադրում է, որ սահմանափակումներ երեխայի կյանքում պե՛տք է լինեն, բայց դրանք պետք է լինեն՝
- հիմնավորված
- ունենան դրական ձևակերպում
- չլինեն անձնավորված
- սահմանվեն պարզ, երեխայի համար հասկանալի բառապաշարով
- մեծաթիվ չլինեն
Խորհուրդ է տրվում կանոնները սահմանել երեխայի հետ միասին և հետևողականորեն պահպանել դրանք: Գոյություն ունի, այսպես կոչված, չորս գույների սխեման՝ կանաչ, դեղին, նարնջագույն և կարմիր գոտիներով, որոնցից յուրաքանչյուրը սահմանում է վարքագծային սահմանափակումներ:
Որո՞նք են դրանք, ի՞նչ են ենթադրում, դիտե՛ք տեսանյութում:
Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը: