Skip to main content
Հետադարձ կապ

Երեխաս հետադիմում է ՔՈՎԻԴ-19-ի համավարակի պատճառով

Երեխաների մեծամասնությունը զարգացման մեջ առաջ գնալու ուժգին մղում ունի: Այդուհանդերձ, նոր բաներ անելու կարողության առաջ բերած հուզմունքը ուղեկցվում է սթրեսով: Այս սթրեսը կարող է հետադիմության պատճառ դառնալ և ժամանակավորապես կասեցնել զարգացումը:

ՔՈՎԻԴ-19-ի համավարակը խորացրել է խնամքի և ուսումնառության հետ կապված ճգնաժամը: Դպրոցական կյանքի, ընկերների հետ խաղերի և այլ սիրված միջոցառումների ձախողման պատճառով հետադիմական վարքի դրսևորումներն ավելի են տարածվել (դժվարություններ այնպիսի հմտությունների հետ կապված, որոնց ձեր երեխան նախկինում տիրապետում էր, օրինակ՝ զուգարանից օգտվել և քնել, ինչպես նաև այնպիսի զգացողությունների կառավարման մեջ, ինչպիսիք են զայրույթը, տխրությունն ու տագնապը):

Յեյլի բժշկագիտական դպրոցի Մանկական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս, Յեյլի վաղ մանկության կրթության ծրագրի տնօրենի օգնական, գիտությունների թեկնածու Նենսի Քլոզի հետ զրուցել ենք այն իրավիճակների շուրջ, որոնց կարող եք առերեսվել ձեր երեխաների (նոր քայլել սովորողներից մինչև համալսարանի ուսանողներ) հետ հարաբերություններում, ինչպես նաև այն մասին, թե ինչպես կարող եք բարության և ըմբռնման շնորհիվ միասին հաղթահարել դրանք:

ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ընթացքում հետադիմության ի՞նչ երևույթներ եք նկատել երեխաների մեջ:

Տեսել եմ երեխաների, որոնց մեջ հետադիմությունը դրսևորվում էր մանկական թոթովախոսությամբ, առօրյա, քնելու և զուգարանի հետ կապված կարիքները ինքնուրույն հոգալու, ինչպես նաև սովորական դարձած բաներն ինքնուրույն անելու անկարողությամբ: Ուժգին զգացողությունները զսպելը կամ դրանք արտահայտելը կարող է իսկապես դժվար լինել, այդ պատճառով զայրույթի պոռթկումներ նկատել ենք բոլոր տարիքի երեխաների, մինչև անգամ քոլեջի ուսանողների շրջանում: Նույնիսկ մենք՝ մեծահասակներս, հետընթաց ենք ունենում, երբ սթրեսի մակարդակն ավելանում է կամ երբ առերեսվում ենք փոփոխությունների ու անցումային փուլերի, ուստի կարծում եմ՝ կարևոր է նկատի ունենալ, որ հետադիմությունը զարգացմանը բնորոշ երևույթ է, որը հանդիպում է մանկությունից մինչև չափահասություն ընկած ժամանակահատվածում:

Մենք ականատես ենք լինում նաև վարքի այնպիսի դրսևորումների, երբ երեխաները տխուր են, չեն շփվում ընկերների կամ ուսուցիչների հետ և ցուցաբերում են չափազանցված հույզեր և վարք՝ կապված դպրոցական կյանքում տեղի ունեցած փոփոխությունների հետ: Այս բոլոր անորոշությունները այսքան ճնշող և հիասթափեցնող են, որովհետև բոլորս ձգտում ենք հասնելու բնականոն և կանխատեսելի վիճակների: Մենք տեսնում ենք, որ կայունության և կանխատեսելիության հասնելը ավելի է դժվարացել ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակներում: Դա կարող է հանգեցնել նրան, որ երեխաները մտահոգված և հիասթափված դառնան, ինչն էլ, անշուշտ, կարող է առաջ բերել վարքային խեղաթյուրումներ:

 

Որոշ ծնողներ իրենց դեռահաս երեխաների մեջ դյուրագրգիռություն են նկատում: Ի՞նչ պետք է անեն ծնողները նման դեպքերում:

Պետք է աջակցել նրանց՝ պարզելու համար այն միջոցները, որոնցով կկարողանան կարգավորել սեփական հույզերը. գնալ զբոսնելու, վազել, խոր շնչել, նկարել: Գտնել ուղիներ, որ նրանք շփվեն ընկերների և ընտանիքի հետ: Այդուհանդերձ, նրանք չեն կարողանա այս միջոցներից որևէ մեկը գործի դնել զայրույթի պոռթկումի ժամանակ: Երեխայի հանդարտվելուց հետո ծնողը կարող է ասել. «Դու իսկապես վրդովված էիր: Արդեն անցա՞վ»: Դա կարող է օգնել, թերևս, զրույց վարելու երեխայի թաքնված զգացողությունների և զայրույթի պոռթկումի միջև կապերի շուրջ: Սովորաբար այդ զգացողությունները խառն են լինում. բարկություն, վախ, տխրություն, տագնապ և այլն: Դա կարող է օգնել՝ գիտակցելու, թե որքան դժվար և տարբեր կարող է լինել կյանքը ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ժամանակ, և թե որքան ծանր է այն: Դեռահասության տարիքը դժվար ժամանակահատված է ծնողների ու երեխաների համար, քանի որ զարգացման հիմնական խնդիրը ինքնուրույն կյանք տանող ճանապարհին ահռելի քայլեր անելն է. մի գործընթաց, որը կարող է սկսվել վաղ մանկության տարիքում: Այս գործընթացը լի է գրգռվածությամբ, ցավով, մաքառումով և տագնապով, ընդ որում՝ ինչպես ծնողի, այնպես էլ դեռահասի համար:

Որոշ ծնողներ նկատում են, որ զուգարանից օգտվել կարողացող փոքրիկները գիշերամիզություն ունեն: Ի՞նչ խորհուրդ կտայիք ա՛յդ ծնողներին:

Դա կարող է հետադիմությանը շատ բնորոշ դրսևորում լինել: Ուշադրությո՛ւն դարձրեք՝ տանը կամ դպրոցում կա՞ն փոփոխություններ, որոնք կարող են ազդել դրա վրա: Եթե կա ինչ-որ բան, որը մտահոգում է ձեր երեխային, ապա կարող եք փորձել աջակցել նրան: Այս տարիքում կարող է օգտակար լինել, եթե քնելիս երեխային տակդիր հագցնեք: Հետևե՛ք, թե ձեր երեխան որքան հեղուկ է օգտագործում, և սահմանափակե՛ք դա քնելուց առաջ, ինքներդ ձեզ համար նշումնե՛ր արեք, թե քանի անգամ է առավոտյան տակդիրը չոր եղել: Դա կօգնի գրի առնելու, թե որքանով է կարգավորվում երեխայի գիշերամիզությունը: Երեխան պետք է իմանա, որ դուք կօգնեք իրեն այդ հարցում: Միևնույն ժամանակ օգնե՛ք, որ երեխան ավելի ինքնուրույն դառնա հագնվելու և հանվելու, ձեռքերը լվանալու, սնվելու և տարիքին հարիր փոքրիկ գործեր անելու հարցերում, օրինակ՝ սեղանից հավաքի իր ափսեները (որքանով կարող է): Այլ հարցերում տարիքին հարիր ինքնուրույնությանը աջակցելը կօգնի ավելացնելու նրա ինքնավստահությունն ու ինքնագնահատականը, ինչը կարող է օգնել նրան նաև զուգարանից օգտվելու հարցում:

 

Բազմաթիվ երեխաների վրա ազդում են նրանց «բնականոն» դպրոցական կյանքի, խնամքի, խաղերի և/կամ կրթական միջավայրի խաթարումները: Ի՞նչ խորհուրդ կտաք այն ծնողներին, որոնք տանը առերեսվում են նման իրավիճակների:

Մենք գիտենք, որ երեխաները հաճախ կրկնօրինակում են այն, ինչ անում են իրենց խնամողները, ուստի, կարծում եմ, ծնողները պետք է աջակցություն գտնեն սեփական սթրեսը կառավարելու հարցում, ինչը, ի վերջո, կնպաստի իրենց երեխաների բարեկեցությանը: Իմ երեխաներն արդեն մեծ են, և ես չեմ էլ պատկերացնում, թե ինչպես կհաղթահարեի այն ամենը, ինչի միջով այսօր անցնում են ծնողները: Նրանք ստիպված են երեխաներին օգնել վիրտուալ կամ անհատական դասերի հարցում, շատերը ստիպված են երեխաներին խնամել տանը՝ միաժամանակ հոգ տանելով աշխատանքի, իրենց և ընտանիքի առողջության մասին:

Մեղքի զգացումը ծնողների շրջանում ահագնացել է ՔՈՎԻԴ-19-ի համավարակի ընթացքում: Ծնողներն անհանգստացած են իրենց երեխաների սոցիալական մեկուսացման պատճառով: Նրանք մտահոգվում են իրենց երեխաների սոցիալական հմտությունների, խաղային հնարավորությունների և ուսումնառության հարցերով: Երեխաները զգում են իրենց ծնողների մտահոգությունները, ուստի դրա մասին երբեմն խոսելը կհուսադրի նրանց: Այնպե՛ս արեք, որ նրանք իրենց զարգացմանը հարիր եղանակով տեղեկանան ձեզ մտատանջող հարցերի մասին, օրինակ՝ այսպես. «Մամայի ու պապայի համար էլ է դժվար, ու մենք անում ենք հնարավոր ամեն ինչ, որ դու կարողանաս սովորել և խաղալ»:

Այս դժվար ժամանակներում ծնողները չափազանց միայնակ են զգում: Շատերին օգնում է, երբ լսում են, որ ուրիշ ծնողներ էլ նույնն են զգում: Ծնողները որոշակիորեն խաղաղվում են, երբ գիտակցում են, որ միայնակ չեն, սակայն սթրեսն ու տագնապները կարող են արագ վերադառնալ, երբ երեխաները չեն կատարում ուսուցչի հանձնարարությունները, չեն լսում վիրտուալ դասերը կամ, ասենք, հրաժարվում են վիրտուալ դասերին հաճախելուց: Այս հարցում ինչ-որ հրաշագործ լուծում առաջարկել չեմ կարող: Պարզապես իմացե՛ք, որ դուք միայնակ չեք, և որ ունենալու եք անօգնականության, հիասթափության, մեղքի և անհանգստության զգացողություններ: Այդ ամենը իսկապես դժվար է:

 

Շատ ծնողներ անհանգստանում են, որ իրենց երեխաները չեն կարող համավարակից հետո լրացնել բաց թողածը: Ի՞նչ եք կարծում, երեխաներին դա կհաջողվի՞:

Չեմ կարող կանխատեսել: Հույսը չկորցնելով և երեխաներին բնորոշ հետաքրքրասիրությունը, շարժառիթներն ու ճկունությունը հաշվի առնելով՝ ես կասեի՝ այո՛, կկարողանան: Միևնույն ժամանակ կարդացե՛ք ձեր երեխաների մտքերը և գտե՛ք միասին լինելու միջոցներ: Մտածե՛ք և խոսե՛ք այն ամենի մասին, որ տեղի է ունենում արտաքին աշխարհում: Խաղացե՛ք միասին և փորձե՛ք սովորել ու մեծանալ միասին: Միշտ հիշե՛ք, որ ամենալավ բանը, որ կարող եք անել ձեր երեխաների համար, սիրով շրջապատելը և նրանց խնամքը ապահովելն է:

 

Ի՞նչ խորհուրդ կտայիք ծնողներին:

Մի պահ կա՛նգ առեք: Բոլորս անում ենք մեր կարողությունների առավելագույնը: Բոլոր ծնողները միատեսակ ծնողավարություն չեն ցուցաբերում, ուստի ինքներդ ձեզ մի՛ համեմատեք ուրիշ ծնողների կամ ձեր երեխաներին՝ ուրիշ երեխաների հետ: Դո՛ւք գիտեք, թե ինչ արժեքներ եք կրում, դո՛ւք գիտեք, թե ինչ եք ուզում ձեր երեխաների համար: Մենք անում ենք ամենը, ինչ անհրաժեշտ է՝ այս իրադրությունը հաղթահարելու համար:

Նենսի Քլոզը Յեյլի բժշկագիտական դպրոցի Մանկական հետազոտությունների կենտրոնի ավագ դասախոս է և Յեյլի վաղ մանկության կրթության ծրագրի տնօրենի օգնականը, գիտությունների թեկնածու, հոգեբանության դասախոս և MOMS Partnership® ծրագրի և Յեյլի ծնողների և ընտանիքի զարգացման ծրագրի կլինիկական ղեկավարը: Ունի երկու երեխա և երկու թոռ: Հարցազրույցը վարեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի թվային նյութերի հեղինակ Մենդի Ռիչը:

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: