Skip to main content
Հետադարձ կապ

Ինչպես կարող են ծնողներն ու խնամակալները դիմակայել ՔՈՎԻԴ-19 համաճարակին

Կորոնավիրուսը ամբողջ աշխարհում բոլոր ընտանիքների կյանքը տակնուվրա է արել։ Դպրոցները փակվել են, բոլորս տնից ենք աշխատում, մարդկանցից հեռու մնում: Յուրաքանչյուրիս համար սա իսկապես չափազանց բարդ է, իսկ ծնողների համար՝ է՛լ ավելի։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը ծնողների ու խնամակալների համար խորհուրդներ է մշակել, որպեսզի օգնի հարմարվել այս նոր «սովորական» կյանքին։

 

Ծանոթացե՛ք խորհուրդներին

  1. Ժամանակ գտե՛ք միմյանց համար։
  2. Լավատես եղե՛ք։
  3. Օրակարգ կազմե՛ք։
  4. Ինչպե՞ս արձագանքել վատ պահվածքին։
  5. Հանգիստ եղե՛ք և կառավարե՛ք սթրեսը։

 

  1. Ժամանակ գտեք միմյանց համար

Աշխատանքի չեք կարողանում գնալ, դպրոցները փակվել են, անհանգստանում եք եկամուտի համար։ Այս իրավիճակում գերլարված լինելը բնական է։ Սակայն կարելի է օգտվել այն հանգամանքից, որ դպրոցները փակ են և մեր երեխաների ու դեռահասների հետ ավելի լավ հարաբերություններ կառուցել։ Վստահ եղե՛ք, որ ամեն մեկի հետ առանձին ժամանակ անցկացնելը ուրախ և հաճելի կլինի։ Արդյունքում՝ երեխաները իրենց ավելի սիրված, ապահով և կարևորված կզգան։

Դա կարող է լինել նույնիսկ 20 րոպե, բայց կարևոր է, որ ամեն օր նույն ժամին լինի, որպեսզի երեխաները և դեռահասները սպասեն այդ ժամին։

Երեխային ընտրության հնարավորություն տալով՝ դուք նպաստում եք նրա ինքնաբավությանը։ Եթե նույնիսկ նրանք մի այնպիսի բան են ընտրում, որը հակասում է սոցիալական հեռավորության կանոնին, որ պետք է պահպանվի կորոնավիրուսի ժամանակ, օգտագործե՛ք առիթը և խոսե՛ք դրա մասին։

Մի քանի գաղափար ամենափոքրիկների համար.

Մի քանի գաղափար երկու տարեկանից բարձր երեխաների համար.

Մի քանի գաղափար դեռահասների համար

Անջատե՛ք հեռուստացույցն ու հեռախոսը: Զրուցե՛ք նրանց անհանգստացնող թեմաների մասին, լսե՛ք նրանց կարծիքը և մի՛ մոռացեք մի քիչ էլ «ջրիկանալ»:

 

  1. Լավատես եղե՛ք

Իհարկե դժվար է լավատես լինել, երբ երեխաների պահվածքը ձեզ ստիպում է կորցնել ինքնատիրապետումը։ Այս դեպքում հաճախ դիմում ենք «Մի՛ արա»-ի կամ նման արտահայտությունների օգնությանը։ Բայց հիշե՛ք, որ երեխաները ավելի հակված են լսել ու կատարել դրական խնդրանքը, քան բացասականը ու սիրում են, երբ նրանց առատորեն գովում ենք «լավի» համար։

Ամեն ինչ կախված է մոտեցումից։ Դրական բառեր ու մոտեցում օգտագործե՛ք։ «Մի՛ թափիր իրերդ» ասելու փոխարեն կարող եք ասել «Խնդրում եմ իրերդ դասավորիր»։ Երեխայի վրա բղավելը ձեզ և նրանց ավելի ջղային կդարձնի։ Նրանց ուշադրությունը կգրավեք, եթե ձեզ մոտ կանչեք նրանց և հանգիստ ձայնով խոսեք։

Լավ պահվածքի համար երեխաներին գովաբանե՛ք։ Գուցե ցույց չտան, սակայն հաջորդիվ կփորձեն լավ վարքը նորից կրկնել։ Նրանք կզգան, որ դուք նկատում եք դա ու կարևորում։

Արդյո՞ք ձեր երեխան կարող է անել այն, ինչ ակնկալում եք նրանից։ Երեխան չի կարող ամբողջ օրը տանը լուռ մնալ, բայց կարող է 15 րոպե լուռ մնալ, եթե դուք խոսում եք որևէ մեկի հետ։

Հատկապես դեռահասները պետք է շարունակեն շփվել իրենց ընկերների հետ։ Օգնեք նրանց սոցիալական մեդիայի կամ այլ ապահով միջոցով կապ հաստատել միմյանց հետ։

 

  1. Օրակարգ ստեղծե՛ք։

Կորոնավիրուսը տակնուվրա է արել բոլորիս օրակարգը։ Բոլորիս համար էլ դժվար է։ Նոր օրակարգ ձևավորելը հաստատ կօգնի։

Այնպիսի օրակարգ ստեղծեք ձեր և ձեր երեխայի համար, որն իր մեջ կներառի նաև ազատ ժամանակ։ Սա կօգնի երեխաներին ավելի հանգիստ զգալ և ավելի լավ վարք դրսևորել։

Երեխաները և դեռահասները կարող են օգնել օրակարգը ձևավորելու հարցում։ Նրանք կարող են դպրոցի դասացուցակը ներառել օրակարգում։ Իմացե՛ք, երեխաներն ավելի լավ կհետևեն օրակարգին, եթե իրենք էլ մասնակցեն դրա ստեղծմանը։

Չմոռանա՛ք ֆիզիկական վարժություններ ներառել օրակարգի մեջ։ Սա կօգնի հաղթահարել սթրեսը և տունը դրական էներգիայով լցնել։

Եթե ձեր երկրում թույլատրելի է, ապա երեխաներին դուրս տարեք։

Կարող եք նաև նամակներ գրել կամ պաստառներ պատրաստել այլ մարդկանց ցույց տալու համար։ Դրանք այնպիսի վայրում դրեք, որ մյուսները նույնպես տեսնեն։

Լսե՛ք երեխաների առաջարկություններն ու լուրջ վերաբերվեք դրանց։

Քսան վայրկյանանոց երգ հորինեք ձեռքերը լվալու համար։ Հաճախակի ձեռքերը լվանալու համար երեխաներին գովե՛ք կամ մրցանակներ հանձնե՛ք։ Ով ամենաքիչը կարող է դիպչել իր դեմքին պահանջը մրցույթի վերածեք։

Եթե դուք ինքներդ եք հետևում հեռավորություն պահելու և հիգիենայի կանոններին, մյուսների՝ հատկապես հիվանդ ու խոցելի անձանց հանդեպ հարգալից եք, ձեր երեխաները նույնպես այդպիսին կլինեն։

Յուրաքանչյուր օրվա ավարտին մի րոպե առանձնացրեք ու մտածեք անցնող օրվա մասին։ Օրվա ընթացքում պատահած կամ իրականացրած մի դրական կամ ուրախ բան հիշեցրեք երեխային։ Ինքներդ ձեզ գովաբանե՛ք ձեր աշխատանքի համար։ Հավատացե՛ք, դուք հերոս եք։

 

  1. Վատ պահվածք

Բոլոր երեխաներն էլ երբեմն վատ պահվածք են դրսևորում։ Նորմալ է, եթե նրանք հոգնած են լինում, վախեցած կամ ցանկանում են անկախ և ինքնուրույն լինել։ Հասկանալի է, որ այս վիճակը և անընդհատ տանը լինելը կարող են սպառել բոլորիս համբերությունը։

Երբ տեսնում եք, որ  մի փոքր էլ, և երեխան սկսելու է իրեն «վատ պահել», անմիջապես շեղե՛ք երեխային և նրա էներգիան այլ տեղ՝ ինչ -որ լավ բան անելու վրա ուղղե՛ք։

Փորձե՛ք միանգամից կանխարգելել։ Երբ երեխան սկսում է այդքան էլ լավ չպահել իրեն, նրան մեկ այլ իրեն հաճելի գործողություն առաջարկեք։ Օրինակ՝ «Արի՛ գնանք դուրս զբոսնելու»։

Երբ զգում եք, որ մի փոքր էլ ու կսկսեք բղավել երեխայի վրա, սպասեք տասը վայրկյան։ Ընդամենը 5 անգամ խորը շնչեք և արտաշնչեք։ Սա հաստատ ավելի արդյունավետ է, քան ուղղակի բղավելը։

Իր քայլերի հետևանքները զգալն ու հասկանալը կօգնի ձեր երեխային զարգացնել իր արարքների համար պատասխանատվության զգացումը։ Ձեր երեխային անհրաժեշտ ժամանակ ու հնարավորություն տվեք հետևելու ձեր ասածին՝ մինչ կնշեք չհետևելու դեպքում հնարավոր հետևանքները։ Հետևանքների մասին հանգիստ տոնով խոսեք։ Ի դեպ՝ իրատեսական եղեք դրանք սահմանելիս։ Օրինակ՝ դեռահաս երեխայից հեռախոսը ամբողջ շաբաթ վերցնելը թերևս այդքան էլ իրատեսական չէ, իսկ այ մեկ-երկու ժամը իրատեսական է։ Երբ երեխան արդեն հասկացել է իր սխալը, նրան մի լավ բան անելու հնարավորություն տվեք և գովաբանեք։

Երեխայի հետ առանձին ժամանակ անցկացնելը, նրան լավ արարքի համար խրախուսելը, ինչպես նաև հստակ օրակարգը կնվաեզեցնեն վատ պահվածքը։ Ձեր երեխաներին և դեռահասներին պարզ աշխատանք կամ տնային գործեր հանձնարարեք։ Վստահ եղեք, որ նրանք կարող են դա անել։ Իսկ երբ անում են, գովաբանե՛ք նրանց։

 

  1. Հանգիստ եղե՛ք և ղեկավարե՛ք սթրեսը։

Բոլորն են հայտնվել սթրեսային իրավիճակում։ Բայց պետք է նաև ձեր մասին հոգ տանեք, որպեսզի կարողանաք աջակցել ձեր երեխաներին։

Միլիոնավոր մարդիկ նույն վախերն ունեն այսօր։ Ձեր շրջապատում գտեք մեկին, ում հետ կարող եք խոսելձեր ապրումների մասին։ Լսե՛ք նրանց։ Սոցիալական ցանցերում խուսափե՛ք խիստ բացասական և խուճապի տեղիք տվող լուրեր կարդալուց։

Բոլորիս է սա պետք։ Երբ ձեր երեխաները արդեն քնել են, արեք այն, ինչ ձեզ հանգստացնում է կամ ուրախացնում։ Ցուցակագրե՛ք այն բոլոր գործողությունները, որ սիրում եք անել։ Դուք արժանի եք դրան։

Բաց և հասանելի եղե՛ք ձեր երեխաների համար։ Նրանք ձեր աջակցության կարիքը հաստատ ունեն։ Լսե՛ք ձեր երեխաներին, երբ պատմում են իրենց զգացմունքների մասին։ Հասկացե՛ք նրանց ու հոգ տարեք այն մասին, որ նրանք իրենց լավ զգան։

Ահա ձեզ մեկ րոպեանոց մեդիտացիա, որ կարող եք անել, երբ սթրեսային ու անհանգիստ իրավիճակում եք։

Քայլ 1: Հարմար տեղավորվե՛ք, ոտքերը դրեք հատակին, ձեռքերը՝ ծնկներին։ Փակե՛ք ձեր աչքերը և զգացե՛ք, թե հանգստությունն ինչպես է պարուրում ձեզ։

Քայլ 2: Միտք, զգացմունք, մարմին։

Ինչի՞ մասին եք հիմա մտածում։

Ձեր մտածմունքները դրակա՞ն են, թե՝ բացասական։

Իսկ հույզերը, ուրա՞խ են, թե՝ ոչ այնքան։

Ի՞նչ ենք զգում։ Կա՞ ինչ որ բան, որ վնասում կամ ճնշում է ձեզ։

Քայլ 3: Կենտրոնացե՛ք ձեր շնչառության վրա։

Լսե՛ք ձեր շունչն ու արտաշունչը։ Կարող եք ձեռքերը դնել ստամոքսի վրա և զգալ, թե ինչպես է այն իջնում և բարձրանում ամեն շունչի հետ։

Կարող եք ինքներդ ձեզ ասել, որ «Ես լավ եմ, անկախ ամեն ինչից, ես լավ եմ»:

Մի որոշ ժամանակ շարունակե՛ք խորը շնչել և հետևել ձեր շնչառությանը։

Քայլ 4: Վերադառնում ենք մեկնակետին։

Ինչպե՞ս եք զգում հիմա։

Լսե՛ք սենյակի ձայները։

Քայլ 5: Դիտարկում։

Մտածե՛ք՝ արդյո՞ք սա ձեզ օգնեց։ Երբ պատրաստ եք, բացեք ձեր աչքերը։ Լսե՛ք ձեր երեխաներին։ Լսե՛ք, երբ պատմում են, թե ինչպես են իրենց զգում ու փորձե՛ք օգնել նրանց։

Դադար վերցնելը նույնպես օգտակար է, հատկապես, երբ զգում եք, որ երեխան ձեզ նյարդայնացնում է կամ սխալ բան է անում։ Նույնիսկ մի քանի խորը շունչը կարող է օգնել։ Մեդիտացիա կարող եք անել անգամ երեխաների հետ։

 

Խոսե՛ք ձեր երեխաների հետ կորոնավիրուսի մասին։ Նրանք արդեն գիտեն, թե ինչ է կատարվում, և նրանցից որևէ բան թաքցնելը նրանց պաշտպանելու ձև չէ։ Իսկ, այ, անկեղծությունը և գրկաբացությունը կարող է օգնել և պաշտպանել նրանց։ Մտածեք, թե որքանը կարող են նրանք ընկալել ու երեխաներին հասկանալի լեզվով բացատրե՛ք իրողությունը։ Ահա մի քանի խորհուրդ, որ կօգնեն ձեզ երեխաների հետ այս զրույցը ճիշտ վարել։

 


Սույն հոդվածը ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջոցով: Արտահայտված տեսակետները միմիայն հեղինակներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: