Առողջ մտքեր ներդաշնակ կյանք․ կյանք կորստից հետո
2020 թվական, Հայաստան. նախ համավարակ, հետո՝ պատերազմ։ Երկուսն էլ մեծ թվով կյանքեր խլեցին։ Հայերիս մեջ ընդունված է «տարին տալ» հասկացությունը: Մեկ տարին զուտ թիվ չէ կամ սիմվոլիկա, դա այն ժամանակահատվածն է, երբ մարդն ասես ընդունում է կորստի փաստը, հաշտվում է դրան: Ոչ, ցավը ոչ մի տեղ չի անհետանում, պարզապես մարդը սովորում է ապրել դրա հետ:
Մեր իրականության մեջ, ավաղ, հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ մեծահասակների արարքների կամ բարձրաձայն կրկնվող որոշակի մտքերի պատճառով, երեխաներն այդպես էլ չեն հաղթահարում վշտի ապրման փուլերը կամ դուրս են գալիս կյանքի այդ փուլից չսպիացող վերքերով։
Կյանք կորստից հետո, վշտի հաղթահարում. այս թեմաների ուսումնասիրության համար զրուցել ենք հոգ․ գիտ. թեկնածու, ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, ԵՊՀ Կիրառական հոգեբանության կենտրոնի խորհրդատու, խմբավար Իրինա Խանամիրյանի և պատերազմի արդյունքում իրենց հարազատներին կորցրած տասնյակ մարդկանց հետ՝ դուրս է բերելու այն տարածված սխալները, որոնք մեծահասակները հաճախ են թույլ տալիս կորստի ցավի մեջ գտնվող երեխաների և դեռահասների հետ հարաբերություններում:
Այս թեմային նվիրված տեսանյութերի շարքով կարմիր թելով անցնում է գլխավոր հարցը՝ ինչպե՞ս օգնել պատերազմի արհավիրքները տեսած, հարազատ ու ընկեր կորցրած երեխաներին:
Նախ՝ ներկայացնենք վշտի ապրման հինգ փուլերը
Կորստի դեպքում մարդը սովորաբար անցնում է վշտի ապրման հետևյալ հինգ փուլերով․
Առաջին փուլը մերժումն է։ Այս փուլում մարդը չի հաշտվում կորստի հետ, ոչ մի ռեակցիա չի տալիս, ասես՝ ոչինչ չի եղել, անգամ շարունակում է նույն կյանքը վարել։
Երկրորդը ջղայնության փուլն է, երբ կամաց-կամաց կորստի զգացումն ուժեղանում է, և երեխան կարող է ուժեղ ագրեսիվ վարք դրսևորել։
Երրորդը բանակցությունների փուլն է, երբ երեխան/դեռահասը կարծես ինքն իր հետ բանակցության մեջ է։ Նա կարող է մտածել․«այ, եթե սա չանեի, սա չէր լինի, որ ինձ շատ լավ պահեմ, գուցե այլևս այսպիսի բան չպատահի»։
Չորրորդը տխրության կամ դեպրեսիայի փուլն է։ Այս փուլում երեխան արդեն ուժգին գիտակցում է, որ այլևս այդ մարդը չի վերադառնալու։
Հինգերորդը ընդունման փուլն է։
Պարտադիր չէ, որ այս փուլերն իրար հաջորդեն։ Կարող է մեկ փուլ չլինել, իսկ մյուսն ավելի ուժեղ արտահայտվել։
Երբ թույլ չենք տալիս երեխային ապրել վիշտը, նրան թույլ չենք տալիս նաև հաղթահարել այն։
Իսկ հիմա՝ վիշտը հաղթահարելու մոտեցումները
Ահա, թե ինչ կարող են անել ծնողները և խնամակալները՝ աջակցելու երեխային անցնել վշտի հաղթահարման փուլերն ու ընդունել կորստի փաստը։
-
Երեխային պետք է հայտնել կորստի լուրը։ Պետք է ասել, որ
- մահացած մարդիկ երբեք չեն վերադառնում։
- մահացած մարդու մոտ որևէ ֆունկցիա չի գործում
- բոլորը մահկանացու են։ Պետք է ներկայացնել երեխային կյանքի ու մահվան ցիկլը։
Որովհետև, երբ թույլ չենք տալիս երեխային իր վիշտն ապրել, նա կարող է տևական ժամանակ ապրել սպասումով, թե մի օր վերջապես կտեսնի մահացածին, նա կարող է մեղադրել ինքն իրեն, կարող է մերժել այդ փաստն ու այդպես էլ առաջ չի գնա։ Պետք է երեխային պաշտպանել ոչ թե ստով, այլ՝ ճշմարտությամբ։
- Յոթ տարեկանից բարձր երեխան կարող է մասնակցել հարազատի հուղարկավորությանը։ Մինչև 6-7 տարեկան երեխան դժվար է պատկերացնում ու հասկանում մահվան երևույթը։ Այդ է պատճառը, որ հուղարկավորության արարողություններին խորհուրդ չի տրվում նրանց տանել։ 7 տարեկանից հետո նոր երեխային կարելի է ներգրավել շատ մտերիմների հուղարկավորության արարողություններին, քանի որ երեխան նույնպես իրավունք ունի հրաժեշտ տալու նրան։ Սակայն, երեխային պետք է նախապես ներկայացնել, թե ինչ է նա տեսնելու այդ միջավայրում, և հարցնել արդյոք ուզում է գալ, թե՞ ոչ։
- Երեխային պետք է ոչ թե արգելել, այլ սեփական օրինակով սովորեցնել արտահայտել իր հույզերը։ Երեխաները երբեմն զսպում են իրենց ապրումները՝ փորձելով պաշտպանել ծնողին, կրտսեր քրոջը կամ եղբորը, տատիկին կամ պապիկին։ Երեխաները շատ հաճախ են ասում. «Եթե ես լաց լինեմ՝ մաման կտխրի, դրա համար չեմ լացում»։ Հենց այստեղ է, որ երեխային պետք է մայրիկի «թույլտվությունը»՝ դու կարող ես լաց լինել, ես էլ եմ լաց լինում, որովհետև տխրում եմ, կարոտում եմ։ Դա շատ կարևոր է երեխայի հոգեկան առողջության համար։ Նա սովորում է, որ կան հույզերն արտահատելու ձևեր: Պետք է թույլ չտալ, որ երեխան ներփակվի իր հույզերի մեջ, դա հետագայում կարող է արտահայտվել հոգեբանական ու ֆիզիկական խնդիրներով և շատ ուրիշ դժվարություններով: Պետք է օգնել, որ երեխան կարողանա ճիշտ ու ժամանակին լիցքաթափել իր հույզերը։ Ստեղծե՛ք այնպիսի մթնոլորտ, որտեղ կարելի է խոսել կորստի մասին, խոսել կարոտից, հույզերից։
- Երեխան երեխա է։ Երեխայի վրա չպետք է դնել այնպիսի բեռ, ասելով, թե այսուհետ տան մեծը դու էս, այսուհետ այսպես կամ այնպես պետք է վարվես։ Որքան էլ դժվար է, դերերի շփոթմունք չպետք է լինի։ Եվ մայրիկը, որքան էլ ծանր է, պետք է կարողանա շարունակել ցույց տալ իր հոգատարությունը։
- Շարունակել ապրել նախկին օրակարգով։ Երեխային պաշտպանելու քողի տակ, փորձում ենք նրան կտրել իր առօրյայից։ Մտածում ենք, որ տանը նա ավելի հանգիստ ու ապահով կզգա։ ԲԱՅՑ սա այն դեպքն է, երբ երեխան անպայման պետք է շարունակի իր նախկին կենսագործունեությունը։ Կորստից հետո դա ապաքինման և վերականգնման լավագույն ձևերից մեկն է։ Դպորց էր հաճախում, մանկապարտեզ, թե՝ խմբակ, նա պետք է շարունակի հաճախել։ Որքան երեխայի առօրյան նման լինի իր նախկին առօրյային, այդքան ավելի լավ։ Մի հավելում նույնպես, պետք է շարունակել նշել տոները, գուցե մի փոքր տարբեր օրակարգով կամ սցենարով, բայց դա պետք է լինի։ Պետք է ցույց տալ նրան, որ կյանքը շարունակվում է։
- Խուսափել երեխային մեղադրելուց։ Երեխային սաստելու համար հաճախ նրան մեղավորության զգացում են ներշնչում՝ քեզ վատ պահեցիր՝ տատիկի սիրտը վատացավ, չար ես, դրա համար էլ պապան թողեց ու գնաց: Այսօրինակ արտահայտությունները երեխային ներշնչում են մեղավորության զգացում, որի հետևանքները կարող են սարսափելի լինել, նա ամբողջ կյանքում կարող է այդպես էլ չազատվել իրեն վերագրված մեղքի զգացումից ու դժբախտանալ։ Անթույլատրելի է երեխային մեղադրել այն դեպքում, երբ դա նրա մեղքը չէ։
- Դիմել մասնագետի, երբ կան հետևյալ ազդակները։ Երեխաները կարող են տարբեր կերպ արձագանքել կորստին և տարբեր կերպ արտահայտել իրենց էմոցիաները․մեկը կարող է բաց ապրել կորստի վիշտը, բաց ու բուռն արտահայտվել, մյուսը՝ պարփակվել և «ուժեղ» ձևանալ։ Պետք է ուշադրություն դարձնել երեխայի նման վարքի ինտենսիվությանը և ժամանակահատվածին։ Սովորաբար, մինչև 3 ամիս վարքային այս դրսևորումները նորմալ են, եթե 3 ամսից հետո չեն դադարում, պետք է դիմել մասնագետի։
Հատկապես դեռահասների դեպքում պետք է հետևել վարքային այս դրսևորումներին․
- Ագրեսիայի աճ
- Ինքնավնասման տենդենց կամ այդ քայլին դիմելու սպառնալիք,
- Վատ սովորություններ՝ ալկոհոլ, ծխախոտ և այլն,
- Ակադեմիական կտրուկ փոփոխություններ,
- Մեկուսացում,
- Տանից փախչելու փորձեր,
- Վախ տագնապ,
- Փորացավեր, գլխացավեր, փսխումներ։
Սրանք ազդակներ են, որոնց դեպքում պետք է դիմել մասնագետի կամ գոնե խորհրդակցել նրա հետ