Skip to main content
Հետադարձ կապ

Կախվածություն նյութերից կամ գործողություններից. ի՞նչ անել

Կախվածությունը կյանքի բարդ իրավիճակներին հարմարվելու յուրահատուկ ձևերից մեկն է։ Այն դրսևորվում է խնդիրներից դեպի հորինած աշխարհ փախուստով, որն իրականացվում է որևէ նյութ օգտագործելու կամ որևէ գործողություն իրականացնելու միջոցով։ Կախվածությունը ծանր, զարգացող հիվանդություն է։

Ինչպե՞ս ճանաչել այս խնդիրը, ինչպե՞ս արձագանքել և ո՞ւմ դիմել։ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի հոգեբան Անուշ Ճենտերեճյանի հետ զրուցել ենք կախվածությունների հոգեբանության մասին։ Մասնագետը պատասխանել է ծնողներին հուզող հարցերին։ Զրույցից առանձնացրել ենք կարևորագույն 8 կետ։

1. Ինչպես բնութագրել կախվածությունը:

Բոլորս էլ ունենք սիրելի գործողություններ՝ մեկը սիրում է գիրք կարդալ, մեկ ուրիշը՝ կինոման է, երրորդը սիրում է մարզասրահ այցելել։ Պարզ է, որ մենք այդ երևույթների նկատմամբ ունենք կապվածություն: Հոգեբանության տեսանկյունից կախվածություն են համարվում այն կապվածությունները, որոնք.

  • կա՛մ շատ մեծ վտանգ են սպառնում մարդու առողջությանը,
  • կա՛մ անընդունելի են հասարակական նորմերի տեսանկյունից,
  • կա՛մ հոգեկան լուրջ տանջանքների են ենթարկում մարդուն։

Անգամ անմեղ թվացող կապվածությունը կարող է վերածվել խնդրի։ Արտառոց որևէ բան չկա, եթե մարդը շաբաթական 2-3 անգամ այցելում է մարզասրահ, ուզում է առողջ լինել ու լավ տեսք ունենալ, բայց եթե նա դասի կամ աշխատանքի փոխարեն է գնում մարզասրահ (այլ կերպ ասած՝ կորցնում է «ինչով» և «որքան ժամանակ» զբաղվելու չափի զգացողությունը) դա արդեն դադարում է լինել զուտ կապվածություն։ Մեկ ուրիշ օրինակ՝ աշխարհի խաղատներում ամեն օր հազարավոր մարդիկ են խաղում, բայց նրանք բոլորը խաղամոլներ չեն։ Շատերը կարողանում են վերահսկել իրենց իմպուլսները (չափը չանցնել), բայց կան մարդիկ, որոնք չեն կարողանում:

ԿԱՐԵՎՈՐ - «Չափի զգացում»-ը վերաբերում է այն գործողություններին, որոնց նկատմամբ մեր կապվածությունը ժամանակի ընթացքում կարող է վերածվել կախվածության, բայց չի վերաբերում թմրանյութեր օգտագործելուն, քանի որ դրանց ազդեցությունը բավականին արագ է և կործանարար։

2. Կախվածությունը սեռ չի ճանաչում 

Այլևս կարծրատիպ է, թե հայ դեռահասների շրջանում կախվածություն հասկացությունը հիմնականում վերաբերում է տղաներին։ Մեր կլինիկա գալիս են նաև ծխախոտամոլության, որոշ նյութերի կիրառման և խաղային կախվածության հետ կապված խնդիր ունեցող դեռահաս աղջիկներ։

3. Ինչպե՞ս հասկանալ՝ դեռահասն ունի՞ կախվածություն, թե՞ ոչ

Կախվածություն նյութերից.

  • Փոխվում է խոսքը՝ կա՛մ դանդաղում է, կա՛մ արագանում։
  • Շարժումները դառնում են անհամաչափ (ոտքերը «խճճվում» են քայլելուց):
  • Խանգարվում է քունը (կարող են 2-3 օր չքնել, իսկ հետո 18-20 ժամ քնել): Պատահում է նաև, որ մի քանի օր անդադար քնում են (արթնանում են զուտ որոշ կարիքների համար):
  • Կարմրում են աչքերը, լայնանում կամ նեղանում են բիբերը: Թաքցնում է աչքերը, քանի որ գիտի՝ դրանք փոխվել են:
  • Չորանում է բերանը:
  • Խանգարվում է ախորժակը (կարող են օրերով գրեթե ոչինչ չուտել կամ հակառակը՝ կարող են ուտելու մեծ պահանջ ունենալ):

Կախվածություն գործողություններից.

  • Սկսել է խաբել:
  • Փոխել է շրջապատը (ամբողջությամբ կտրվել է հին շրջապատից):
  • Չի ուզում սովորել, կորցրել է մոտիվացիան:
  • Ներփակվել է (չի շփվում, թաքցնում է հեռախոսը և այլն):

4. Ինչո՞ւ, ինչպե՞ս ու ե՞րբ խոսել դեռահասի հետ նրա կախվածության մասին։

Նախ պետք է հստակ տարանջատել դեռահասի հետ երկխոսության նպատակը՝ խոսում ենք, որպեսզի խոստովանի կախվածության մասին, թե՞ արդեն խոստովանել է, ու պետք է հաջորդ քայլն անել։ Երկու դեպքում էլ դեռահասը պետք է տեսնի և զգա, որ ծնողներն իրենից երես չեն թեքել կախվածության պատճառով, որ չեն դադարել սիրել, որ հասկանում են և ուզում են օգնել։ «Դա մեզ չի ուրախացնում, բայց դու պաշտպանված ես, մենք կողքիդ ենք ու ամեն ինչ կանենք քեզ օգնելու համար, եթե դու դա ուզես»:

Երկխոսության կարևորագույն նպատակներից մեկն էլ պետք է լինի ծնողի՝ ինքն իրեն ուղղված հարցը՝ ի՞նչն այնպես չեմ արել: Դեռահասն իր ներսում չճշգրտված շատ նրբություններ ունի, ու պատասխանատվությունը միայն նրա ուսերին դնելն առնվազն ազնիվ չէ։

Կարևոր է. երկխոսության համար ընտրել հարմար տեղ ու ժամ, չօգտագործել պիտակավորող բառեր, չկոպտել, չմեղադրել, առաջնորդվել դեռահասի տրամադրությամբ, եթե նա լարված է՝ լավ է մի փոքր սպասել, չխոսել շատ երկար, քանի որ տևական զրույցները ձանձրացնում են, ունկնդիրը դադարում է լսել։ Եվ հիշել՝ որքան շատ է երեխան վախենում ծնողի արձագանքից, այնքան ավելի խորն է նա թաքնվում ծնողներից, չի վստահում։ Եթե երեխան ի դեմս իր ծնողի տեսավ դատավորի՝ նրան օգնելը շատ ավելի բարդ գործի կվերածվի:

5. Ի՞նչ մասնագետի դիմել:

Եթե կախվածությունը նյութերից է, ապա պետք է դիմել թմրաբանի (նարկոլոգի)՝ նախ պարզելու, թե ինչ նյութ է գործածել, թունավորման ինչ աստիճան է, գնահատելու ֆիզիոլոգիական վիճակը։ Որից հետո դիմել հոգեբանի (որոշ դեպքերում՝ հոգեբուժի) օգնությանը։ Այս երևույթի դեմ մեկ մասնագետը պայքարել չի կարող, անհրաժեշտ է մի քանի մասնագետների համագործակցություն։ Նյութերով չպայմանավորված գործողությունների դեպքում թմրաբանի մոտ գնալու կարիք չկա, պետք է դիմել հոգեբանի։

ԿԱՐԵՎՈՐ -Դեռահասին բժշկի կամ հոգեբանի մոտ ուժով տանել չի կարելի, դա դեմ է նրա իրավունքներին։ Ոչ մի մասնագետ չի սկսի աշխատել դեռահասի հետ, եթե լսի, որ նրան իր կամքին հակառակ են բերել հաստատություն։ Պետք է խոսել, պետք է գտնել երեխային համոզելու ձևը։ Բացառություն են այն դեպքերը, երբ դեռահասի վիճակը կրիտիկական է, կյանքին վտանգ է սպառնում։

6. Ինչպե՞ս կանխել:

Կախվածության առաջացման խթան կարող են դառնալ թե՛ անձի առանձնահատկությունները, թե՛ ընտանիքում տիրող միջավայրը:

Երկրորդն այս դեպքում ակտիվացնում է առաջինին։ Երեխան կարող է ունենալ ինչ-ինչ առանձահատկություններ, որոնք կարող են ավելի խոցելի դարձնել նրան, բայց եթե ընտանիքում միջավայրը բարենպաստ է, ապա մեծ է հավանականությունը, որ կախվածության հետ կապված խնդիրներ չեն առաջանա:

ԿԱՐԵՎՈՐ - Ֆիքսել, որ «անբարենպաստ» միջավայրի օրինակներն են՝ գերխնամքը, գերկառավարումը, անտեսումը, երեխայից՝ նրա հնարավորություններից ավելին պահանջելը և այլն: Գրեթե բոլոր այս կետերը խանգարում են, որ դեռահասը տարիքային այդ փուլի դժվարությունները հաղթահարի ընտանիքում, ընտանիքի օգնությամբ։

Կախվածության առաջացման հավանականությունը զգալի կնվազի, եթե ի սկզբանե ծնող-երեխա երկխոսությունը առողջ լինի։ Սա կօգնի ավելի սահուն անցնել դեռահասության փուլի դժվարությունները՝ էականորեն նվազեցնելով որևէ կախվածության առաջացման հավանականությունը։

7. Ահա, թե ինչ է պետք անել, երբ բախվել եք կախվածության խնդրին.

  • Չցուցաբերել ագրեսիվ վարք երեխայի նկատմամբ:
  • Չհետապնդել երեխային՝ ուր գնաց, ում հետ է, գրպանում ինչ կար, ինչքան գումար ունի…Աս ամենը բացարձակ անօգուտ է։ Մի՛ զանգեք դեռահասի ընկերներին, մի հարցրեք՝ ինչ-որ բան նկատել են, թե՞ ոչ։ Այլ կերպ ասած՝ մի հանրայնացրեք ձեր դեռահասի խնդիրը, սա կարող է սարսափելի հետևանքներ ունենալ, կարող է օտարացնել երեխային ու ծնողներին։
  • Հովանավորչություն չանել շատ դեպքերում մայրիկն ամեն բան իմանում է, բայց որոշում է որևէ բան չասել հայրիկին. սա նույնպես անօգուտ ռազմավարություն է։
  • Չձևացնել, թե չկա խնդիր. այդ խնդիրն ինքն իրեն չի անցնելու, իսկ անտեսումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ։

8. Կոնտակտային մի քանի տվյալներ, որոնք կարող են պիտանի լինել կախվածությունների բախված դեռահասներին և նրանց ծնողներին:

  • Կախվածությունների բուժման ազգային կենտրոն - 012 27 27 27
  • Ծխելը դադրեցնելու թեժ գիծ - 060 44 00 01
  • Իրական աշխարհ, իրական մարդիկ հ/կ - 098 66 33 83
  • Teenslive.am - Դեռահասներին հասցեագրված հոդվածներ, տեսանյութեր, բժիշկների և հոգեբանների հետ նամակագրություն հաստատելու (հարց-պատասխանի) հնարավ

Նույնաբովանդակ այլ նյութեր