Skip to main content
Հետադարձ կապ

Այլընտրանք պատժին

«Պատիժը համընդհանուր ընդունված կանոնների կամ անցանկալի վարք ցուցաբերողների հանդեպ ազդեցության ձևն է», - այսպիսի սահմանում է առաջարկում պատժին «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հոգեբան Լուսինե Աղաբեկյանը: Կիրառե՞լ այն, թե՝ ոչ, արձագանքե՞լ, թե՝ ոչ: Սա, թերևս, յուրաքանչյուր ծնողի, յուրաքանչյուր ընտանիքի ընտրության հարցն է՝ պայմանավորված նաև ծնողների վրա մեծ հասարակական ճնշմամբ ու նաև համոզմամբ, որ չպատժելու դեպքում երեխայի անցանկալի վարքը կարող է ավելի խորանալ:

Ի՞նչ անել, ո՞րն է պատժի այլընտրանքը: Ինչու՞ ֆիզիկական պատիժը ցանկալի չէ:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի «Ծնողի անկյուն» շարքը, որ եթեր է հեռարձակվում Առաջին ալիքի հետ համագործակցությամբ և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպության հետ համագործակցությամբ, անդրադառնում է այս թեմային:

Հավանաբար, քչերս ենք երբևէ մտածել, որ անցանկալի վարքի դրսևորման պատճառները կարող են ենթադրել, որ երեխան աջակցության և հասկացության կարիք ունի, և պարզապես չգիտի, թե ինչպես տվյալ իրավիճակում իր պահանջները բավարարել` անցանկալի վարք ցուցաբերելու փոխարեն: Հետևաբար, նախևառաջ, կարևոր է հասկանալ այդ անցանկալի վարքի պատճառները և փորձել շտկել:

Իհարկե, երեխայի անցանկալի վարքը չպետք է անարձագանք մնա, բայց նաև այդ արձագանքը չպետք է դրսևորվի ծեծի, բռնության, գոռոցի ձևով: Հստակ է՝ խփել, նշանակում է բռնություն կիրառել, իսկ սա ընդունելի չէ և կարող է լրջորեն վնասել ծնող-երեխա հուզական կապին, նաև՝ խոչընդոտել երեխայի զարգացումը: Ի վերջո, բռնություն կիրառելն ավելի շատ մեր սեփական հույզերը կառավարելու դժվարություն է, իսկ այդ դժվարությունը չհաղթահարելու վիճակագրությունը՝ անհանգստացնող: «Աշխարհում ամեն 5 րոպեն մեկ բռնության հետևանքով մահանում է երեխա: Աշխարհում 1-ից 14 տարեկան երեխաների նկատմամբ կիրառվում է բռնի դաստիարակության որևէ մեթոդ:

Հայաստանում, ըստ վերջին հասանելի տվյալների, 1-ից 14 տարեկան երեխաների 40 տոկոսի նկատմամբ կիրառվում է ֆիզիկական պատիժ, անգամ 1-ից 2 տարեկան երեխաների գրեթե կեսի նկատմամբ կիրառվում է որևէ բռնի դաստիարակության մեթոդ», - այս տվյալները ներկայացնում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի երեխայի պաշտպանության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Վիկտորյա Օհանյանը: «Իսկ երեխայի կյանքի մանկության տարիների բացասական փորձառությունները լուրջ ազդեցություն են թողնում երեխայի հետագա կյանքի վրա՝ հանգեցնելով խիստ բացասական հետևանքների՝ հոգեկան և ֆիզիկական առողջության խնդիրներից մինչև ինքնասպանություն…Ի վերջո, առաջանում է բռնության փակ շրջան, որը փոխանցվում է սերնդեսերունդ: Բայց այդ շրջանից հնարավո՛ր է դուրս գալ, եթե կանխարգելենք ֆիզիկական պատիժը», - ավելացնում է տկն Օհանյանը:

Պետք է գիտակցել, որ ֆիզիկական պատիժ կրելիս իերեխայի մոտ առաջանում են տարբեր բացասական հույզեր՝ բարկություն, անարդարության զգացում, վրդովմունք, ամոթի, մեղավորության զգացում, վախի և տագնապի զգացողություն, որոնք թույլ չեն տալիս երեխային գիտակցել սեփական վարքը, և մտածել այդ սխալը շտկելու ուղղությամբ: Փոխարենը, երեխայի հոգեկան էներգիան ուղղվում է այս բացասական հույզերը «մարսելու» վրա, երեխան սկսում է հակադրվել, ընդդիմանալ, կեղծել, առանց խղճի խայթի շարունակել նույն վարքագիծը՝ ինչը, բնականաբար ցանկալի արդյունքի չի բերում, այն է ՝ պատիժը չի ծառայում իր նպատակին:

Ֆիզիկական պատիժ կիրառելու փոխարեն, հաշվի առնելով երեխայի անհատական և տարիքային առանձնահատկությունները, կարող ենք՝

  • Կանխատեսել և փորձել կանխել անցանկալի վարքը
  • Անտեսել, եթե դա չի վնասում երեխային և շրջապատին
  • Խրախուսել երեխային, երբ նա դադարում է անցանկալի վարքի դրսևորումը
  • Որոշակի սահմանափակումներ մտցնել՝ հնչեցնելով կանոներ
  • Օգնել սովորել արարքը շտկել
  • Պայմանավորվել հետևանքի շուրջ
  • Համատեղ լուծումներ գտնել
  • Դադար տալ

Ո՞ր դեպքերում ինչպես վարվել՝ դիտեք տեսանյութում:


Նախաձեռնությունը կյանքի է կոչվել Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության ֆինանսական աջակցությամբ: Արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակներին և պարտադիր չէ, որ արտահայտեն ֆինանսավորող կողմի տեսակետներն ու քաղաքականությունը:

Նույնաբովանդակ այլ նյութեր