Վարքային խնդիրներները 1-3 տարեկանում և հետո
Բաժանման տագնապ
Արդեն 6 ամսականում փոքրիկն իր մորը գերադասում է բոլորից, և դուք, իհարկե, պարծենում եք դրանով: Չէ՞ որ պաշտելի էակի կողմից սիրված լինելը միշտ էլ հաճելի է: Բայց հիմա, երբ երեխայի այդ անհուն սիրո դրսևորումը կապանքների է վերածվել, և նա ձեզ թույլ չի տալիս առանց իրեն անգամ զուգարան գնալ, այդպիսի պաշտամունքն արդեն անտանելի է դարձել և այլևս չի շոյում ձեր ինքնասիրությունը: Այնուամենայնիվ, երեխայի նման վարքագիծը նորմալ է և օրինաչափ:
Բաժանման տագնապը զարգացման մի փուլ է, որով կյանքի առաջին տարիների ընթացքում անցնում են գրեթե բոլոր երեխաները: Բաժանման հետ կապված զգացմունքների հաղթահարումը մի գործընթաց է, որը շարունակվում է ամբողջ կյանքի ընթացքում: Բաժանումը կարող է լինել տխուր և ցավալի, և սովորաբար երեխայի մոտ բարկության կամ վախի զգացում է առաջացնում: Ցանկացած փոփոխություն (ընտանիքում նոր երեխայի ծնունդ, մանկապարտեզ հաճախելը և այլն) երեխայի մոտ բաժանման տագնապ է առաջացնում: Նույնիսկ քնելը երեխայի համար բաժանման իմաստ ունի:
Հայտնի է՝ երեխայի աճին զուգահեռ՝ բաժանման տագնապը նվազելու միտում ունի: Այդ տեսանկյունից ամենադժվար տարիքը 1,5-2,5 տարեկանն է, որից հետո իրավիճակը սովորաբար բարելավվում է:
Այնուամենայնիվ, կան որոշ հնարամիտ քայլեր, որոնք կարող են մեղմել բաժանման պահի նկատմամբ երեխայի պատասխան արձագանքը:
Ի՞նչ կարող են անել ծնողները
- Գնալիս ձեռքով արեք, ցտեսություն ասեք
Այս պարզ և հասարակ վարմունքը, որը, ցավոք, շատերը թերագնահատում են, կարող է օգնել մեզ՝ մեղմելու երեխայի տագնապը: Բաժանումից առաջ երեխային հրաժեշտ տալը շատ կարևոր է, մինչդեռ ծնողները, երեխայի լացից խուսափելով, սովորաբար փորձում են աննկատ հեռանալ՝ ընտրելով այն պահը, երբ վերջինս ինչ-որ բանով զբաղված է լինում: Մեծագույն սխալ է այսպես վարվելը: Իհարկե, այդ դեպքում ծնողը չի տեսնում երեխայի լացը, բայց դրանից նրա տագնապը ոչ միայն չի նվազում, այլև ավելի է սաստկանում: Եթե երեխան համոզվի, որ ծնողը ցանկացած պահի առանց զգուշացման կարող է իրեն մենակ թողնել, ապա այլևս ոչ մի րոպեով նրան իր տեսադաշտից դուրս չի թողնի:
- Հանգիստ վերաբերվեք ձեր գնալուն
Բաժանմանը տագնապով ու անհանգստությամբ են վերաբերվում ոչ միայն երեխաները: Ծնողն էլ է հուզվում իր գնալու կապակցությամբ, մինչդեռ անհրաժեշտ է հանգիստ ու բարեհամբույր լինել: Նույնիսկ եթե երեխան հիստերիայի պահեր է ապրում, ծնողը պետք է փորձի ժպիտով, հանգիստ և հանդարտ խոսել նրա հետ և հանգստացնել նրան՝ ասելով, որ ինքը շուտով կվերադառնա: Եվ միշտ պետք է վերադառնալ խոստացածի նման, որպեսզի երեխան սովորի և վստահություն ունենա ձեր խոսքի նկատմամբ:
- Զգացմունքը կոչեք իր անունով
Զգացմունքի իրական հասկացությունը դեռևս հասու չէ երեխային: Բայց դուք կարող եք նրան մատչելի բառերով արտահայտել այն: Երբ երեխան տագնապի է մատնվում, պարզապես պետք է ասել. «Ես գիտեմ, որ դու տխրում ես, որովհետև մայրիկը գնում է: Ես էլ եմ տխրում, որովհետև կարոտում եմ քեզ»: Օգնելով անվանել զգացմունքները՝ երբեմն հաջողվում է նվազեցնել երեխայի անհանգստությունն ու տագնապը: Երեխան այդ պահին զգում է, որ իր զգացմունքները հասկանալի և ընդունված են:
- Պլանավորեք հերթականությունը
Հրաժեշտ տալն անհամեմատ հեշտանում է, եթե առաջինը երեխան է դուրս գալիս: Փոքրիկին տանը թողնելու փոխարեն ավելի լավ է առաջարկել խնամողին՝ կարճ զբոսանքի դուրս գալ նրա հետ:
- Ներգրավեք երեխային գործունեության մեջ
Մինչև ծնողի դուրս գալը կարելի է հնարավորություն տալ երեխային և խնամողին «տարվել» որևէ գործունեությամբ կամ խաղով: Երբ դուրս գալու ժամանակը գա, արագ պետք է համբուրել երեխային և անմիջապես դռանը մոտենալ: Հավանաբար երեխան սկզբում մի փոքր լաց կլինի, բայց հետո նորից հեշտությամբ կտրվի իր ընդհատված խաղին:
- Սովորեցրեք հաղթահարել դժվարությունները
Ոչ ոք չի ուզում, որ իր երեխան չափազանց հուզվի: Դրա համար պետք է սովորեցնել փոքրիկին հաղթահարել դժվարությունները: Երբ ծնողին թվում է, թե նա ամեն ինչ փորձել է, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են անցել, լավագույն միջոցը այլևս ոչինչ չձեռնարկելն է: Երեխան պետք է հասկանա, որ կյանքում լինում են նաև «դժվար» ժամանակներ: