Skip to main content
Հետադարձ կապ

Բռնություն ուրիշների նկատմամբ. ի՞նչ կարող են անել ծնողները

Եթե երեխայի զայրույթի պոռթկումներն ուղեկցվում են ուրիշների նկատմամբ բռնություն գործադրելով.

  • Խուսափե՛ք այնպիսի իրավիճակներից, որոնք կդրդեն երեխային բռնությամբ արձագանքել, օրինակ, որևէ բան պարտադրելուց, չափից ավելի բազմամարդ վայրերից, այն դեպքերից, երբ ինչ-որ բան չի բավականացնում բոլորին կամ լարված մրցակցությունից:
  • Երբ ձեր երեխան բռնի ուժ է գործադրում, նախ և առաջ ստուգեք, արդյոք չի վնասվել մյուս երեխան , ապա անմիջապես հեռացրեք ձեր երեխային մարդկանցից: Զրուցե՛ք նրա հետ արարքի մասին, առանց ավելորդ քնքշանք ցուցաբերելու, ավելի հստակ և պահանջկոտ տոնով: Ցույց տվեք, որ բռնությունն անթույլատրելի է: Աշխատեք առանձնապես բուռն ուշադրություն չդարձնել նրա վրա, որպեսզի չամրապնդեք նրա մեջ բռնությունը՝ որպես ուշադրություն գրավելու մեթոդ:
  • Հարկ եղած դեպքում ֆիզիկապես զսպե՛ք երեխային մարդկանց վնասելուց: Պահե՛ք նրան, սակայն զայրույթ մի ցուցաբերեք, դա կարող է էլ ավելի գրգռել նրան:
  • Օգնե՛ք երեխային հասկանալ, թե ինչն է, որ նա սխալ է արել: Թեպետ գրեթե բոլոր երեխաներն էլ հասկանում են, որ բռնությունը կարող է վնաս պատճառել ուրիշներին, ձեր երեխան կարող է արդարանալ, թե մյուս երեխան առաջինը խփեց նրան, ցանկացավ վերցնել իր խաղալիքը կամ վիրավորական ինչ-որ բան ասաց:
  • Իմացե՛ք, որ կծելը բնական երևույթ է երկու տարեկան երեխաների համար, Բացի այդ՝ երկու տարեկան երեխան դեռևս ի վիճակի չէ ապրումակցել ուրիշների զգացմունքներին: Ձեր փոքրիկը հնարավոր է, նույնիսկ չի գիտակցում, թե ինչ է արել և կարող է շփոթվել, եթե դուք չափազանց զայրանաք նրա վրա: Այս տարիքում արարքները բարոյականացնելն իմաստ չունի:
  • Կծելը լուրջ առողջական խնդիր է դարձել մանկապարտեզներում և նախադպրոցական խմբերում: Հենց որ երեխան ի վիճակի լինի հասկանալ, պետք է բացատրեք նրան, որ կծելը կոնֆլիկտը լուծելու միանգամայն անթույլատրելի միջոց է:
  • Օգնե՛ք երեխային արտահայտել իր զայրույթը և լուծել խնդիրները խոսքի միջոցով, ոչ թե դիմել բռնության: Եթե երեխան դժվարանում է արտահայտել իր զգացմունքները, հարցրեք, թե ինչն է անհանգստացնում նրան: Եթե երեխան ի վիճակի չէ բառերով արտահայտել իր զգացմունքները, կարող եք ինքներդ օգնել նրան հարցով. «Դու շպրտեցիր խորանարդիկները, որովհետև Գագիկը քանդեց քո աշտարա՞կը»: Եթե երեխան դրական գլխով անի, ապա խնդրեք նրան կրկնել ձեր խոսքերը, որպեսզի նա սովորի, թե ինչպես է պետք հաղորդակցվել խնդիրների մասին:
  • Այն բանից հետո, երբ երեխան խոսքով արտահայտի իր խնդիրը, հարցրեք, թե ինչ կարելի է անել: Եթե նա լուծում առաջարկի, գովե՛ք նրան խելացի որոշման համար: Եթե երեխան ի վիճակի չէ որևէ լուծում առաջարկել, ինքներդ ինչ-որ բան առաջարկեք: Եթե երեխան ընդունի ձեր առաջարկներից մեկը, խնդրեք նրան կրկնի այն, որպեսզի նա վարժվի խնդիրների լուծման հաղորդակցային ձևերին:
  • Եթե միջադեպի մեջ ներքաշված երեխաները աշխատում են լուծում գտնել ստեղծված իրավիճակից, գովե՛ք խնդիր լուծելու և միմյանց հետ լեզու գտնելու համար:
  •  Սովորեցրե՛ք ձեր երեխաներին կատաղությունը զսպելու որոշ մեթոդներ, օրինակ, շունչ քաշել և հաշվել մինչև երեքը, հաշվել մինչև տասը հակառակ հերթականությամբ կամ արտասանել այբուբենը:
  • Ասացե՛ք երեխային, որ նախքան խնդրի խորացումը, ի վերջո ինքնատիրապետումը կորցնելը և մեկին վնասելը, դիմի որևէ մեծահասակի օգնությանը:
  • Երբ երեխան սթրեսը հաղթահարելիս դիմում է ոչ թե բռնության, այլ այլընտրանքային միջոցների անպայման շեշտե՛ք, որ նա իրեն լավ է պահել, և գովասանքի խոսքեր ուղղեք նրան:
  • Աչքներդ պահե՛ք պայթյունավտանգ իրավիճակների վրա և միջամտե՛ք՝ կանխելու համար անցանկալի հակամարտությունները:
  • Սովորեցրե՛ք երեխային հետևել սեփական սթրեսի աստիճաններին՝ նախքան բռնության դիմելը իրեն տիրապետելու համար: Սովորեցրե՛ք սթրեսի կառավարման որոշ մեթոդներ:
  • Օգնե՛ք երեխայի հասկանալ ուրիշներին վնասելու հնարավոր հետևանքները: Օրինակ, մնացած երեխաներն այլևս չեն ցանկանում խաղալ նրա հետ, կամ էլ ընկերոջ ծնողները չեն թողնի, որ նա իրենց հյուր գնա:
  • Համոզվե՛ք, որ ընտանիքի ավելի մեծ երեխաները դիտավորյալ չեն ջղայնացնում երեխային:
  • Տեղյա՛կ պահեք երեխայի խաղընկերների ծնողներին, որ ձեր երեխան երբեմն դուրս է գալիս հավասարակշռությունից, որպեսզի նրանք ավելի ուշադիր հետևեն երեխաների խաղին, երբ ձեր երեխան նրանց հյուր է գնում:
  • Սթրեսին ձեր երեխայի բռնի արձագանքները զսպելու գործում ներգրավե՛ք ազգականներին, ուսուցիչներին և դայակներին: